Հետ շրջելով ժամանակը Մարիա Ղազարյան, Սուսաննա Հարությունյան
շապիկի ձևավորումը՝ Արաբո Սարգսյանի
թարգմանությունը ռուսերենից՝ Մելանիա Միքայելյանի
© Սուսաննա Հարությունյան, 2019
© Աննա Ղազարյան, 2019
© Մարիա Ղազարյան, 2019
ISBN 978-5-4496-4235-6
Создано в интеллектуальной издательской системе Ridero
Գլուխ 1 Ջուլյան
2198 թվական: Թզուկ ε-գալակտիկա, ինչ-որ տեղ α, β, γ… ω-գալակտիկաների միջև: Մոգության դպրոց:
– Էլիզաբե՛թ Սմիթ: Ձեր պրակտիկան կանցկացնենք β-գալակտիկայում: Դուք կուղևորվեք վաղը: Ձեզ կուղեկցի Ստյուարտ Լարկինը:
– Մարգարե՛տ Քյոնինգ: Դուք Կուրտ Կոխի հետ կթռչեք γ-գալակտիկա:
– Բոնի՛ Ցիմերման: Ձեր պրակտիկան նշանակված է α-գալակտիկայում: Ձեզ այնտեղ կտանի Լեսլի Զիմերը:
«Իսկ իմ հե՞րթը երբ կհասնի: Ու՞ր են ուղարկում ինձ», – Ջուլյայի գլխում, տիկին Էրիկա Գրոյսմանի հատու, միալար ձայնի «նվագակցությամբ», ասես աստղիկների պես, փայլատակում էին ու անմիջապես էլ մարում հարցեր, որոնք մնում էին անպատասխան: Նրա մտապատկերով անցնում էին իր կյանքի կարևոր իրադարձությունները:
Փոքրիկ աղջիկ էր, շատ պստլիկ, երբ որբացավ: Նույն օրը մահացան ծնողները և եղբայրները: Նրան դաստիարակեցին խորթ ծնողները: Նրանք տարիքն առած, անզավակ, աղքատ մարդիկ էին: Աղջիկը գիտեր, որ Մեգին ու Ջոնը իր կենսաբանական ծնողները չեն, բայց նա միշտ իրեն զգացել էր որպես իսկական, համերաշխ ընտանիքի մի մասնիկը: Մեգին ու Ջոնը սիրում էին Ջուլյային: Եվ միշտ նրա հետ վարվում էին ընդգծված հարգանքով՝ ցուցաբերելով ուշադրության առանձնահատուկ նշաններ: Դա նրանց միջև որոշակի հեռավորություն էր ստեղծում, որը տարիքի հետ ավելի ու ավելի էր շփոթեցնում Ջուլյային:
Յոթ տարեկանում նրան տվեցին մոգության իգական փակ դպրոց-ինտերնատ, որտեղ նա սովորեց և ապրեց տասը տարի: Հենց որ Ջուլյան ոտք դրեց դպրոցի շեմին, սկսվեց անհավատալի իրադարձությունների շքերթը: Սկզբում նա հազիվ փրկվեց վառվելուց: Պարզվեց, որ իրարանցման մեջ Ջուլյան անզգուշաբար տրորել էր Ջեյնի ոտքը, որի հետ բախվել էր դասարան մտնելիս, դռների արանքում: Սա ճչաց ցավից և այնպես զայրացավ Ջուլյայի վրա, որ իր հայացքից մի ակնթարթում բոցավառվեց Ջուլյայի համազգեստը: Աղջիկը չհասցրեց անգամ վախենալ, երբ իր կողքին, կարծես գետնի տակից, դուրս եկան երկու պահնորդ և հանգցրին կրակը: Դասարան մտնելով՝ աղջիկները ականատես դարձան Քեսսիի և Լինդայի միջև ծավալվող վեճին: Կորել էին Քեսսիի դասագրքերը: Եվ նա այդ բանում մեղադրում էր Լինդային:
– Իմ ինչի՞ն են պետք քո դասագրքերը: Ես իմ սեփականն ունեմ, – պնդում էր Լինդան՝ փորձելով խելքի բերել Քեսսիին:
– Մի րոպե առաջ դրանք տեղում էին, – բղավում էր Քեսսին:
Կրքերն այն աստիճան շիկացան, որ ներկաները ստիպված էին միջամտել: Եվ հանկարծ ցուցափեղկերի վրայից սկսեցին թռչել մետաղյա բոլոր առարկաները: Դրանց, մագնիսի պես, իր կողմն էր ձգում Կարլան, որին ամբոխը տուրուդմփոցի մեջ փորձում էր դուրս գցել դռնից: Հաջորդ վայրկյանին բոլորը և ամեն ինչ կախվեցին օդում. աղջիկները և առարկաները՝ անշարժացած դիրքերով:
Ջուլյան նրանց կանգնեցրեց հայացքով: Հայտնի չէ, թե էլ ինչ կարող էր տեղի ունենալ, բայց այդ պահին հնչեց զանգը: Դասարան մտան տիկին Էրիկա Գրոյսմանը և դասղեկ Անդրեա Լիվանդովսկայան:
– Ի՞նչ է տեղի ունենում այստեղ:
Դպրոցի տնօրենի ձայնի մետաղական հնչերանգը ցուցափեղկերից ընկնող առարկաներից ավելի սարսափելի էր: Նույն պահին բոլորը քարացան, հետո սթափվեցին ու հանգստացան:
Դպրոցի վիթխարի, վեհասքանչ շենքը սարսուռ ու ակնածանք էր ներշնչում: Իսկ ղեկավարությունը առաջին իսկ դասից աշակերտներին հասկացնել տվեց, թե ով է այստեղ տերը:
Սկսվեց դպրոցական առօրյան: Առաջին երեք տարում բոլորը սովորում էին միակ և նույն ծրագրով: Դասերը, առարկաները հերթով հաջորդում էին մեկը մյուսին: Յուրաքանչյուր աշակերտուհի ի վերուստ տրված շնորհ ուներ: Դպրոցում կատարելագործում էին այն: Եվ բոլորն էլ այդ բանում հասնում էին հաջողության: Բայց ամենակարևորը, – և դա տարրական դպրոցի ուսուցման գլխավոր արդյունքն էր, – սեփական մտքերը, հույզերը և գործողությունները վերահսկելու կարողությունն էր: Դա ամենաբարդն էր: Շատերն էին լքում դպրոցի պատերը երրորդ դասարանից հետո: Ամեն մեկը չէ, որ ի վիճակի էր իրեն տիրապետել, իր շնորհը գործադրել որոշակի հանգամանքներում միայն անհրաժեշտ արդյունքը ստանալու համար: Իսկ նրանք, որ մնացին դպրոցում, սովորեցին գնահատել այն, ինչ ունեին:
Չորրորդ դասարանից սկսած՝ տեղի էր ունենում ֆակուլտետների համակարգումը: Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր մասնագիտացումը: Սակայն այստեղ էլ կային բոլորի համար ընդհանուր առարկաներ: Ինչպես, օրինակ, հեռազգացություն, հեռաշարժում, հեռափոխադրության պարզագույն ձևեր: Համընդհանուր էր նաև արդյունքը՝ մարդկանց վրա ներգործելու կարողությունը՝ ոչ միայն ի բնե տրված շնորհով, այլ նաև, որն առավել կարևոր է, բանականության օգնությամբ:
Ջուլյային դպրոցում գնահատում էին: Նա լավ էր դաստիարակված և արտասովոր ընդունակությունների տեր էր. ուներ բացառիկ հիշողություն, կարող էր արագ հաշվել, ճշտել տեղեկությունը, կողմնորոշվել անծանոթ իրադրության մեջ, ճանաչել ծածկագրերը, խորհրդանիշները, նշանները և դրանք փոխադրել ցանկացած լեզվի՝ թեկուզ հին գաղտնագրերի լեզվի, թեկուզ փոքր ժողովրդների խոսվածքների: Այդ կարողություններով, ուրիշի կամքին ներգործելու շնորհի հետ մեկտեղ, նա օժտված էր դեռ ծնված օրից: Հետո դրանք զարգացրին մոգության դպրոցում: Աղջիկների հետ դպրոցում նա ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ էր: Եվ միայն Ջեկի հետ ուներ իսկական բարեկամական կապեր: Ջեկը դպրոցի լավագույն օդաչուն էր: Նրանք հազվադեպ էին հանդիպում: Հավանաբար, նաև դա էր պատճառը, որ յուրաքանչյուր հանդիպում նրանց համար անմոռանալի իրադարձություն էր դառնում:
Ջուլյան Ջեկին Մեգիի և Ջոնի հետ ծանոթացրեց ծնողական օրերից մեկի ժամանակ: Ջուլյային թվաց, որ Ջեկը նրանց դուր է եկել: Միայն թե ծնողները ցանկացած պատրվակով խոչընդոտում էին նրանց մերձավոր շփումները: Բայց հենց Ջուլյան փորձում էր այդ մասին խոսել, Մեգին ու Ջոնը, միաբանած, հայտնում էին իրենց անհամաձայնությունը:
Սովորողները և օդաչուները միասին մասնակցում էին հանդիսավոր միջոցառումներին: Այսօր դրանցից մեկն էր: Ավարտական դասարանի աշակերտուհիների խումբը պրակտիկայի էր մեկնելու մոգության դպրոցը հիմնադրող գալակտիկաներ:
– Ջուլյա՛ Վեքսլեր, Ձեր պրակտիկայի նշանակման վայրը ω-գալակտիկան է: Իսկ Ձեզ ուղեկցում է Ջեկ Բլեքը:
Դպրոցի տնօրենի ձայնը Ջուլյային վերադարձրեց իրականություն: Նա դեռ չէր կարողացել գիտակցել իր նշանակման կարևորությունը, երբ բոլոր ընկերուհիները շրջապատեցին նրան և սկսեցին շնորհավորել: Այդ մասին կարելի էր միայն երազել: Դպրոցի գոյության ամբողջ պատմության ընթացքում ընդամենը մի շրջանավարտի էր վիճակվել այդ գալակտիկայում լինելու պատիվն ունենալ: Իսկ հիմա բախտը ժպտացել էր Ջուլյային: Զարմանալի չէր: Որևէ մեկը նրա նման ավարտական բալեր չուներ: Երեք տարվա ընթացքում դպրոցում ուսումը շարունակելու հավակնորդների ցուցակում Ջուլյայի ազգանունը նշվում էր առաջինը: Իսկ Ջեկի կողմից թռիչքն իրականացնելը ինչ-որ արտասովոր դեպքերի շարքից էր: Ջեկը՝ օդաչուների անձնակազմի ղեկավարը, մինչ այդ ոչ մեկին չէր ուղեկցել պրակտիկայի: «Գոնե շուտ գար վաղվա օրը: Համենայն դեպս, հնարավոր կլինի մի քանի ժամ առանձին մնալ Ջեկի հետ»:
Ուղևորությունը նշանակված էր առավոտյան ժամը վեցին: Ջուլյան քնել չկարողացավ: Նա տարօրինակ հուզմունք էր ապրում: Իրականում ի՞նչ կարող էր տեղի ունենալ: Գալակտիկաների մասին ամեն ինչ հայտնի է: Կամ՝ գրեթե ամեն ինչ: Մոգության դպրոցում տասը տարվա լարված պարապմունքները իզուր չեն անցել: Այո՛, ω-գալակտիկան ամենաքիչ ուսումնասիրվածն էր, բայց, ընդհանուր առմամբ, առանձնապես չէր տարբերվում մյուսներից: Պարզապես այն ավելի մեծ էր և ավելի հեռու: Այդ պարագայում ի՞նչն էր աղջկան այդպես անհանգստացնում:
«Անհայտությունը, վախ ազդող», – ինքն իրեն խոստովանեց Ջուլյան: Նա ոչ միայն երբևէ չէր լքել ε-գալակտիկան, այլև չէր հեռացել անգամ մոգության դպրոցից: Մեգին ու Ջոնը իրեն այցելում էին դպրոցում, բայց տուն չէին տանում անգամ հանգստյան օրերին, արձակուրդներին: Եվ ինչո՞ւ ինքն այդ մասին առաջ չէր մտածում:
«Արդեն գիշերվա մեկն է: Ժամը հինգին պետք է լինել թռիչքի գոտում: Անհրաժեշտ է մեկ-երկու ժամ քնել: Դե՛, Ջուլյա, ինչի՞ են պետք քո գիտելիքները, եթե չես կարող քեզ ստիպել քնել: Միայն թե նախատինքների կարիք չկա: Պարզապես հանգիստ պառկիր ու փակիր աչքերդ: Հաշվիր մինչև տասը: Ա՜յ, ապրես…»: Եվ Ջուլյան ընկղմվեց խոր քնի մեջ: Նա ահավոր արագությամբ սլանում էր դեպի անդունդը: Նրան ներս էր քաշում վիթխարի ձագարափոսը ինչ-որ տեղ՝ հեռավոր խորքում: Եվ երբ թվաց, թե իրեն կոչնչացնեն մրրկային պտտահողմերը, մեկը բռնեց ու դուրս քաշեց իրեն:
Այդ պահին զնգաց զարթուցիչը: Ժամը չորսն անց կես էր: Ջուլյան ինքն իրեն կարգի բերեց, ձեռք տվեց սենսորներին, հաղորդիչները գործի ընկան, դուռը բացվեց, և աղջիկը մտավ միջանցք: Նա դժվարությամբ էր հաղթահարում ամեն մի քայլը: «Քունդ չես առել: Ոչինչ: Թռիչքը երկար է: Դեռ կհասցնես քնել»:
Ջուլյան ուղղվեց դեպի Միջգալակտիկական թռիչքների դիսպետչերական (ՄԹԴ): Այստեղ աշխատանքը չէր ընդհատվում և ոչ մի րոպե: Նա մտավ թռիչքների սպասման մեկուսասրահ: Այնտեղ սկսել էին հավաքվել պրակտիկանտները: Ու գլխում միտք փայլատակեց. «Ինչպիսի հզոր համակարգ է ծառայում մոգության դպրոցին: Տարօրինակ է՝ ես այդ մասին առաջ չեմ մտածել»:
Պահեստի շենքը շատ մոտ էր գտնվում: Ամեն մեկը գնաց իր մեկուսասենյակը, հանդերձանք ստացավ, զգեստավորվեց հատուկ կոստյումով: Ուղիղ ժամը վեցին բոլոր խմբերը պատրաստ էին ուղևորության: Ջուլյայի թռիչքը չվացուցակով վերջինն էր: ՄԹԴ-ի ապակյա պատի միջով նա հնարավորություն ուներ մեծ էկրանին հետևելու նավերի տեղաշարժին: Դյութիչ տեսարան էր:
Հնչեց հրամանը՝ թռիչքին պատրաստվի Ջուլյան: Ջեկն արդեն ստուգել էր ամրակապերը, սարքերը, նավագնացության համակարգը: Եվս մեկ անգամ նայեց թռիչքի պարամետրերը, որ ծրարի մեջ նրան էին հանձնել անմիջապես տիեզերանավ նստելուց առաջ: Ամեն ինչ սովորականի պես էր: Միայն Ջուլյան էր անհանգիստ:
Խոսակցությունները ձայնագրվում էին: Ջեկը միացրեց եթերում խոչընդոտներ առաջացնող համակարգը: Դա նրա սեփական մշակումն էր, որ ոչ մեկին հայտնի չէր: