– Տարօրինակ է, Ջե՛կ: Ինչո՞ւ է հենց ինձ տրվել այդ առաջադրանքը: Ես հո անցյալ տեղափոխելու մասնագետ չեմ: Տեխնոլոգիաներին էլ չեմ տիրապետում: Այդ հիմնախնդրի վրա աշխատում էր մի ամբողջ ֆակուլտետ: Մենք միայն այբուբենն ենք յուրացրել: Այդ թեմայով ընդամենը մի քանի պարապմունք ենք ունեցել:

– Ջուլյա՛, փորձիր հիշել՝ այդ ծրագրից քեզ ի՞նչ է հայտնի, – ասաց Ջեկը:

Եվ Ջուլյայի հիշողության մեջ «վեր հառնեց» անցած կուրսը:

– Գալակտիկաների տիրակալները նպատակ էին հետապնդում, որ երկրացիները բնակվեն միայն Երկիր մոլորակի սահմաններում: Եթե հնարավոր լինի հասնել դրան, լավ: Իսկ եթե ոչ՝ երկրացիներին անցյալ տեղափոխելու ծրագիր է մշակված: Եվ քանի որ կամավորները մոգեր չեն, իսկ գործնականում միմյանցից չտարբերվող զուգահեռ աշխարհները շատ են, այդ թվում նաև անցյալում, ապա, ամենայն հավանականությամբ, կարելի է ասել, որ անցյալ վերադառնալով՝ նրանք կհայտնվեն զուգահեռ աշխարհներից ինչ-որ մեկում, և, այսպես թե այնպես, հնարավոր կլինի փոխել Երկրի ապագան՝ ընդհուպ մինչև ոչնչացումը:

– Իսկ եթե նրանց անգամ հաջողվի վերադառնալ անցյալի իրենց աշխարհը, ապա միշտ հակասություն կառաջանա իրենց աշխարհի և այն աշխարհի միջև, ուր նրանք վերադարձել են: Քանի որ շատ դժվար է սխալ թույլ չտալը, բայց կարելի է նաև այնպես հրահրել նրանց սխալ գործելու, որ իրենց հայեցողությամբ փոխվի Երկրագնդի ապագան: Եվ ամբողջ պատասխանատվությունը դրա համար կընկնի քեզ վրա: Հրաշալի է մտածված: Խոսք չկա, – հիացավ Ջեկը:

– Գիտես, Ջե՛կ, դեռ այն ժամանակ իմ մեջ բազմաթիվ հարցեր էին առաջացել: Մասնավորապես, անցյալը փոխելու օգնությամբ ինչպե՞ս վերահսկել այսօրվա վիճակը: Համենայն դեպս, ինձ թվում էր, ոչ մի կերպ: Բացի այդ, զուգահեռ աշխարհի միջոցով հնարավո՞ր է վերահսկել իրականը: Ակնհայտորեն՝ ոչ, եթե դու հրաշագործ չես: Դե, հենց հետազոտություններն էլ դեռ սաղմնային վիճակում էին:

– Իսկ դու էլ չզլացար այդ մասին արտահայտվել:

– Իհարկե: Դատի՛ր ինքդ: Տեղափոխության բնագավառի հետազոտությունները իրականացվում էին պլուտոնիումի ինչ-որ հազվագյուտ իզոտոպով, կարծեմ՝ >239m1Pu: Եվ հենց այդ՝ արհեստականորեն սինթեզված, նվազ կենսունակ, այդ պատճառով էլ՝ փոքրաքանակ առկայությամբ ռադիոակտիվ տարրը ժամանակի մեքենայի մեջ կիրառվում է որպես վառելանյութ: Դրա օգնությամբ կարելի է տեղափոխվել ժամանակի մեջ այն զանգվածի համամասնությամբ, որն առկա է:

Անցյալ տեղափոխվելու վերաբերյալ հետազոտությունները իրականացել են երկու ուղղություններով. զուտ տեխնիկական՝ ենթադրելով հենց այդ պլուտոնիում իզոտոպի կուտակումը, որի միջոցով աշխատում է ժամանակի մեքենան, և մյուսը՝ անձնակազմի ուսուցման՝ ինչպես իրեն պահել: Գլխավորը՝ չփչացնել: Երբ տեղափոխությունը իրագործվում է մեկ, երկու օրում …մեկ ամսում: Ոչ մի սարսափելի բան չկա: Սակայն ժամկետի երկարացումը մեծացնում է անցյալ տեղափոխվելու ազդեցությունը ներկայի և ապագայի վրա՝ երկրաչափական պրոգրեսիայով: Եվ շատ կարևոր է աշակերտներին սովորեցնել՝ իրենց ինչպես պահեն ապագան փոխելու անհրաժեշտության առաջացման դեպքում:

Հասկանալի է, որ կարևոր է նաև հոգեբանական պատրաստվածությունը: Պատկերացնում ես՝ տեղափոխվում ես անհայտություն: Շուրջ բոլորը դատարկություն է: Դու պաշտպանված ես միայն մեքենայի բրոնյայով: Բացի այդ, նվազագույն մի սխալ, և հայտնի չէ՝ ուր կվերադառնաս, ինչ ներկա, եթե ընդհանրապես կվերադառնաս:

– Եվ այդ ամենը դու մեկ ուրիշի հետ էլ ես քննարկե՞լ, – հետաքրքրվեց Ջեկը:

– Բնականաբար: Ինչո՞ւ ես հարցնում:

– Աստվա՛ծ իմ, Ջուլյա՛, կարելի՞ է այդքան միամիտ լինել: Դու բոլորից խելացի՞ ես: Քեզանից բացի, ինչ-որ մեկին այդ հարցերը հետաքրքրե՞լ են:

– Չգիտեմ: Կարծես թե՝ ոչ: Հա՜, այնտեղ կա նաև ուսուցման այսպիսի առարկա՝ «Պաշտպանական դաշտի ստեղծում», որն անտեսանելի է ուրիշների համար: Դա նույնպես անհրաժեշտ է անցյալ տեղափոխվելու համար, որպեսզի չվախեցնես շրջապատողներին և ինքդ հանգիստ դիտես, թե ինչ է եղել այնտեղ մեկ ամիս կամ մի տարի առաջ: Ընդ որում, տեղափոխվող մոգը հնարավորություն ունի, իր ցանկությամբ, շրջապատի համար լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի: Վերջին դեպքում նա պետք է օգտագործի ինչ-որ պաշտպանական էկրան, անանցանելի թաղանթ, որի ստեղծման տեխնոլոգիան ընդգրկված է ուսուցման այլ առարկայի մեջ: Ահա այդպես: