– Թուլացի՛ր, Ջուլյա՛: Ամեն ինչ լավ է: Փորձիր քնել: Երբ անհրաժեշտ լինի, ես քեզ կարթնացնեմ: Եվ միասին կհիանանք՝ դիտելով երկնքի գեղեցկությունները: Իսկ հիմա ես պետք է աշխատեմ:

– Ի՞նչ է կատարվում ձեզ մոտ: Մենք ձեզ չենք լսում: Կապը կտրվեց:

Ջեկը գրավեց իր տեղը, անջատեց խաթարումների սարքը և կապվեց Դիսպետչերականի հետ:

«Դա էլ է ճիշտ. միևնույն է՝ այժմ չեմ կարող շփվել Ջեկի հետ», – մտածեց Ջուլյան: Եվ, վստահելով Ջեկին, նա հարմար տեղավորվեց բազկաթոռի մեջ, փակեց աչքերը և խորասուզվեց մոռացության մեջ:

Դուրս լողալով գերտարածությունից՝ Ջեկը նայեց լուսանցույցի մեջ: Նա պաշտում էր երկինքը դիտելը, որտեղ սփռված էին պայծառ աստղերը, որոնք, թվում էր՝ շատ մոտ էին: Գեղեցիկը զննելուց առաջացած այդ զգացողությանը անհնար էր վարժվել: Բայց այսօր ինչ-որ բան նրան զգաստացնում էր: Նա մեկ անգամ նորից ստուգեց երթուղային առաջադրանքը: Ջեկը փորձառու օդաչու էր: Չէր կարող սխալվել: Դրանք ω-գալակտիկայի կոորդինատները չէին: «Ու՞ր ենք մենք թռչում»:

– Ջուլյա՛, արթնացի՛ր, – հնչեց Ջեկի ձայնը:

Մարզանքի երկարաձիգ տարիները զարգացրել էին ակնթարթային ռեակցիայի կարողություն: Եվ Ջուլյան անմիջապես բացեց աչքերը:

– Մենք խնդիրներ ունենք, – երկար վարանումից հետո ասաց Ջեկը:

– Ինչի՞ մասին ես խոսում, – նայելով Ջեկին՝ հարցրեց Ջուլյան:

– Ոչինչ չեմ հասկանում, Ջուլյա՛: Ինչ-որ մեկը փոխել է ω-գալակտիկայի կոորդինատները: Մեզ այնտեղ չեն ուղարկել:

– Ինչպե՞ս կարող է դա հնարավոր լինել, – չհավատաց Ջուլյան:

– Չգիտեմ:

– Ինչո՞ւ ՄԹԴ-ն չի արձագանքում: Չէ՞ որ նրանք մեզ լսում են, – չէր հասկանում Ջուլյան:

– Ես միացրել եմ խաթարումների սարքը:

– Ինչո՞ւ:

– Դեռ չգիտեմ:

– Ջե՛կ, մի՛ զբաղվիր ինքնագործունեությամբ: Զեկուցի՛ր քո կասկածների մասին:

– Համոզվա՞ծ ես:

– Իսկ ո՞ւր ենք մենք թռչում, – ժպիտը դեմքին՝ հետաքրքրվեց Ջուլյան:

Երկար մտորելուց հետո Ջեկը պատասխանեց.

– Կարծում եմ՝ Երկիր:

– Իսկ դու ինչպե՞ս ես հասկացել դա:

– Գնդաձև կուտակումների շնորհիվ: Ես մի հիսուն անգամ եղել եմ ω-գալակտիկայում և հինգ անգամ՝ մերձերկրային ուղեծրում և կարող եմ անսխալ հավաստել, որ թռչում ենք դեպի Երկիր: Մենք հայտնվել ենք պարուրաձև գալակտիկայի բազուկներից մեկում: Հարդագողի ճանապարհն է՝ Ծիր Կաթինը: Հեռու չէ Արեգակնային համակարգությունից, որի կազմում Երկիրը, այսօրվա օրով, միակ բնակելի մոլորակն է:

Ջուլյային համակել էր զվարթ տրամադրությունը:

Մինչդեռ Ջեկի անհանգստությունն աճում էր: Նա սովոր էր վստահել իր բնազդին:

Իսկ Ջուլյան միայն ժպտում էր:

– Ջե՛կ, իհարկե, ինձ համար հաճելի է, որ դու չես ուզում ինձնից բաժանվել, բայց դա անհաջող կատակ է: Առանց այդ էլ ես հուզված եմ: Իսկ բաժանումը… երկար չի տևի:

– Գիտեմ՝ դու ինձ չես հավատում, Ջուլյա՛: Լավ, ես վաղուց դուրս չեմ եկել կապի:

Ջեկը կապվեց ՄԹԴ-ի հետ: Իսկ Ջուլյան տարակուսանքի մեջ ընկավ. «Ջեկը չափազանց լուրջ էր: Դա կատակի նման չէ: Բայց եթե կատակ չէ, այդ դեպքում ի՞նչ է: Թեև ինչ գուշակեմ: Մի քանի ժամից ամեն ինչ կպարզվի: Գուցե, ծրարը հիմա՞ բացեմ: Ո՛չ: Ասել են՝ ժամանելիս, ուրեմն՝ ժամանելիս»:

Թռիչքից առաջ Ջուլյային էին հանձնել պրակտիկայի ընթացքում նրա առաջադրանքին վերաբերող կնքված ծրար:

Կարծես կարդալով Ջուլյայի մտքերը՝ Ջեկն ասաց.

– Գուցե, հենց հիմա՞ բացես ծրարը:

– Դու հեռազգա՞ց ես: Մի՛ պնդիր, Ջե՛կ, – արդեն պակաս վստահությամբ պատասխանեց Ջուլյան:

Ջեկը բարկացած էր. «Իրասածի»:

– Հասկանու՞մ ես՝ ամեն ինչ որքա՜ն լուրջ է: Ես պատասխանատու եմ քո անվտանգության համար: Թույլ տուր իմ գործն անեմ:

Ջեկը հուզվել էր: Ջուլյան նրան այդպիսին չէր տեսել: Եվ աղջիկը զիջեց:

Ծրարը բացելով՝ Ջուլյան հասկացավ. «Մենք թռչում ենք Երկիր: Պրակտիկայի առաջադրանքը՝ մասնակցություն մարդկանց՝ անցյալ տեղափոխելու ծրագրին»:

«Ջեկը սիրում է ապահովագրվել: Միայն խուճապ է սերմանում»: Սակայն հաջորդ րոպեին աղջիկը նրան գնահատեց ըստ արժանավույն. «Նա անմիջապես հասկացավ, որ մենք չենք թռչում ω-գալակտիկա: Բայց հանուն ինչի է այդ գաղտնիությունը: Չէ որ ծրագիրն էլ այդպիսին չէ»: