Արեգակի հակառակ կողմին Ваграм Оганджанян

«Նո քոմենթ»…

22–րդ դար։ Աշխարհի ամենից հզոր տերությունների՝ Անգլիայի և Պռուսիայի հակամարտությունը անցնում է սուր փուլի։ Ամեն մեկը ձգտում է մնացած երկրներին ներգրավել իր դրոշի տակ։ Անգլիային հաջողվում է իր կողմը հավաքել զարգացած երկրների մեծամասությունը՝ ի տարբերություն Պռուսիայի, որի դաշնակիցներն էին մի քանի թույլ ու հետամնաց արևելյան երկրներ։

Անգլիան տնտեսական ու քաղաքական սանկցիաներով սկսում է ավելի նեղել Պռուսիային։ Պռուսիան իր հերթին սաստում է հակառակորդին ու ողջ աշխարհին իր նոր ու անհասանելի սպառազինությունների տեսակներով, ինչպիսիք են. մարտական թռչող ափսեները, ստորգետնյա հողափոր սուզանավերն ու մետեորիտ հրթիռները։

Անգլիան վաղուց փորձում էր իր կողմը քաշել նաև փոքրիկ, լեռնային Բարբադոսին, որը ամուր կառչել էր Պռուսիայի պոչից ու անդավաճան ծառայում էր Պռուսիայի շահերին։

Բայց… Բայց իրականությունը այլ էր…

Մի օր, Անգլիայի լիազոր դեսպանը, օգտվելով հարմար պահից, երբ առանձնացել էր Բարբադոսի նախագահի հետ, դիմեց նրան.

– Լսի՛ր Ժորժ, մենք գնահատում ենք քո և քո երկրի, Պռուսիայի հանդեպ նվիրվածությունը։ Բայց այն, ինչ քեզ պիտի ասեմ, շատ կարևոր է։ Դուք բարբադոսցիներդ շատ լուրջ եք ընդունում մեր ու Պռուսիայի հակամարտությունը, որը ձեր կարծիքով վեր է ածվել արդեն սառն պատերազմի։

Մի պահ Անգլիայի դեսպանը լռում է, ուշադիր զննում Բարբադոսի նախագահի անսասան տեսքն ու շարունակում։

– Բարեկամս, հավատա, մեր ու Պռուսիայի հակամարտությունը իրականում ընդամենը բեմադրություն է։ Պռուսիային մենք նոր չէ, որ հաղթել ենք։ Պռուսիան, Պռուսիայի ողջ տնտեսությունն ու կառավարությունը վաղուց են ծառայում մեր շահերին, նպաստելով ֆունտ ստեռինգի կուրսի կայունության ապահովմանը։

– Իսկ նախագահը՞,– վախվորած հարցրեց Ժորժը։

Լիազոր դեսպանը քմծիծաղ տվեց։

– Էհ Ժորժ, գրողը տանի, դա էլ պիտի քեզ ասեմ։ Նախագահը, քո քավորը, այո հենց ինքը Վալդեմարը ևս վաղուց մեր մարդն է, ավելի ճիշտ, նրա երրորդ թե չորրորդ կլոնն է, չեմ էլ հիշում։ Ինչպես նաև իր նախորդներից շատերը, ծառայում էին մեզ ու մեր շահերին, որպես մեր ազդեցության ագենտներ:

– Չեմ հավատում,– սարսուռով, հազիվ արտասանեց Ժորժը։

– Էհ Ժո՜րժ, Ժորժ… Մի բանում իրավացի ես՝ անթերի ենք աշխատում։ Տե՛ս , դու էլ անգամ չես նկատել, որ քո բարեկամը, Վալդեմարը, վաղուց էլ այն նույն Վալդեմարը չի։ Հիմա ավելի պարզ կբացատրեմ: Հին ժամանակներում երկրի իշխանավորները իրենց զավակներին ու մերձավորներին պատանդ էին ուղարկում այն երկրները, որոնց հպատակն էին։ Հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Եթե ուզում եք իմանալ, ով ում հպատակն է, նայեք թե որտեղ են ապրում ու սովորում այդ երկրի իշխանավորների հարազատները։

Ժորժ մի պահ ուզեց ասել. «Բայց ես էլ կասկածանքներ ունեի», սակայն գերադասեց լռել։

– Երևի ուզում ես իմանալ այս ամբողջ բեմադրության իմաստը,– շարունակեց դեսպանը։

– Այո, կուզենայի իմանալ։

– Կարծում եմ, լավ էլ գիտես, բայց գերադասում ես չիմացության մատնել։ Գրողը տանի, պարզից էլ պարզ է, որ մեզ պետք են Պռուսիայի անսպառ ռեսուրսները, նրա օգտակար հանածոները։ Պռուսիան մեզ պետք է որպես մեր երկրի ու կոալիցիայի տնտեսության մարտկոց։ Արդար չի երբ աշխարհի ռեսուրսների մեկ քառորդ մասը գտնվում է մի անտանելի պետության հպատակության տակ։ Քանի որ պռուսացիները վայրենի ժողովուրդ են ու առանց պայքարի չեն հանձնվի, մեր նպատակն է այդ վայրենիներին աստիճանաբար ընտելացնել ու ծառայեցնել մեր շահերին։ Հակառակ դեպքում կփլուզենք Պռուսիան։ Ժորժ, չէինք ուզենա, որ ձեր փոքրիկ լեռնային Բարբադոսը մնա այդ վիթխարի փլվածքների տակ։ Ափսոս են ձեր հազարամյակների մշակույթի տեր, իմաստուն բարբադոսցիները։

– Իսկ…

– Իսկ նոր ու անմրցելի զինատեսակները՞,– իսկույն կռահեց դեսպանը։

– Այո։ Միթե՞ որևէ մի երկիր կամ ողջ աշխարհը կարող է դիմադրել Պռուսիայի հզոր ռազմաուժերին ու նրա կործանիչ զենքերին։

– Մարտական թռչող ափսեների՜ն, ստորգետնյա հողափոր սուզանավերի՜ն, կործանիչ մետեորիտային հրթիռների՜ն, լազերային կայծակների՜ն,– ծոր տվեց դեսպանը,– էհ Ժորժ, ժո՛րժ, միամիտ բարբադոսցի։ Որտե՞ղ ես դու նման բաներ տեսել: Այդ ամենը, ինչպես ասում են «պոնտեր» են, բլեֆ է, ինչպես սիրտդ կուզե: Դրանք ընդամենը կոմպյուտերային գրաֆիկայով պատրաստած ագիտացիոն տեսահոլովակներ են, մուլտեր են, որոնք Անգլիայում ենք պատրաստել, այսպես ասած, հասարակության գիտակցության վրա ազդելու համար։ Իսկ Վալդեմարի մարտական կոչերը մեր իսկ ջրաղացին են ջուր ցանում։ Ամբողջ աշխարհը պիտի հավատա, որ Վալդեմարն ու իր ժողովուրդը աշխարհի անվտանգությանը սպառնացող հրեշ է ու պետք է համախմբվել ընդդեմ նրան ու Պռուսիային։

– Չեմ հավատում,– վճռորեն շեշտեց Ժորժը,– ձեր ոչ մի խոսքին չեմ հավատում։ Դուք անգլիացիներդ խարդավանքների հմուտ վարպետներ եք ու այդ իսկ պատճառով ձեր կողմն եք քաշել համարյա թե բոլոր երկրներին ու նախանձում եք Պռուսիային, որ նրան երբեք չի լքի մեր լեռնային Բարբադոսը։ Իսկ հարգարժան Վալդեմարի մասին ձեր բամբասանքները, հորինված հեքիաթներ են։ Դուք նախանձում եք նրա փառքին։

– Միամիտ բարբադոսեցի։ Արի՛ ստուգենք ու քեզ ապացուցեմ, որ իմ խոսքերի մեջ ոչ մի սուտ չկա։

– Ինչպե՞ս դա կարող եք անել։

– Հնարի՛ր ցանկացած անհեթեթություն, մի դեզինֆորմացիա տուր ու վաղը կիմանաս։ Մեր կարգադրությամբ վաղը Վալդեմարը կզանգի ու կկրկնի քո ասածը։

Մի պահ հնարամիտ ու ճարպիկ Ժորժը, հմուտ խաղերի անհաղթ շախմատիստը մտածեց ու արավ իր հաջորդ քայլը։

– Պարոն լորդ Սեմ, թող վաղը Վալդեմարը ինձ զանգի ու ասի, որ բոլոր Անգլիացիները կռիսներ (առնետներ) են։

– Լսի՛ր Ժորժ, չափը մի անցիր, ինչպե՞ս ես համարձակվում դու…

– Կներեք պարոն դեսպան,– ընդհատեց Ժորժը,– դա ասացի ոչ թե ձեզ վիրավորելու համար։ Եկե՛ք մտածենք տրամաբանորեն։ Եթե պարոն Վալդեմարը ձեր մարդն է, նա երբեք չի համարձակվի նման բան ասել, ճի՞շտ է։

– Այո,– համաձայնեց դեսպանը։

– Ուրեմն նա կարող է այդպես ասել միայն ձեր իսկ կարգադրությամբ, ճի՞շտ է։

– Այո Ժորժ, իրավացի ես։

– Ուրեմն, թող վաղը զանգի ու ինձ ասի այդքանը։

– Լա՛վ Ժորժ, կզանգի։ Միայն ժամանակն էլ ասա, րոպեների ճշգրտությամբ, թե չէ հետո ասելու ես թե այդ ամենը պատահականություն էր։

– Առավոտյան ինն անց տասնութ րոպեին։ Ահա նոթատետրիս մեջ էլ նշեցի։ Հա, զարթնեցուցիչս էլ այդ ժամին կլարեմ։

– Լավ Ժորժ, հանկարծ քնով չանցնես,– բազմիմաստ ժպտաց Անգլիայի լիազոր դեսպանը,– շա՜տ, շա՜տ բաներ բաց կթողնես հետո։

«Բաց չեմ թողնի»,– մտածեց Ժորժը, չարաչար հայացքով հետևելով հեռացող, կասկածանքի սերմեր ցանող, սատանա դեսպանի հետևից։

Ողջ գիշերը Բարբադոսի նախագահին չհաջողվեց մի րոպե անգամ քնել։ Մռայլ մտքերն ու կասկածանքները դաժանաբար տանջում էին իրեն։

Առավոտյան մտավ իր գրասենյակը ու անընդհատ մեկ ձեռքի թանկարժեք շվեցարական ժամացույցին էր նայում, մեկ պատի ժամացույցին, մեկ սեղանին դրած ոսկե ժամացույցին, որն էլ հենց հարգարժան Վալդեմարն էր նվիրել։

Ուղիղ ինն անց տասնութ րոպեին հնչեց կառավարական կապի հեռախոսի զանգը։

Ժորժը ցնցվեց տեղում, դողացող ձեռքով քաշեց լսափողը։

– Բարի լույս, Ժորժ Ադամովիչ,– լսվեց Վալդեմարի ծանոթ ձայնը։

– Բարի լույս… Վալդեմար… Վալդեմարովիչ…,– հազիվ արտասանեց ժորժը։

– Լսի՛ր, բայց էս անգլիացիները գիտե՞ս ինչ կռիսներ են…

– Հա, Վալդեմար Վալդեմարովիչ գիտե՜մ։ Երեկ պատկերացնու՞մ եք, իրենց դեսպանը եկավ մոտս։ Այնպիսի բաներ էր խոսում։ Ասում էր, «Մենք Պռուսիային վաղուց ենք հաղթել, իբր Անգլիայի ու Պռուսիայի հակամարտությունը, ընդհամենը «խաղեր են»։ Ու մեկ էլ թե, դուք այդ դուք չեք…

– «Տու՜, տու՜, տու՜»…,– լսվեց լսափողում ու Ժորժը նորից դողացող ձեռքով վայր դրեց լսափողը հեռախոսին։

Քիչ անց նորից զանգեց հեռախոսը։

– Լսի՛ր Ժորժ, իսկ ես կարծում էի թե դու խելամիտ ու իմաստուն առաջնորդ ես ու շատ հավատարիմ քո դաշնակիցներին։ Բայց իրականում դու ընդամենը հոգով ստրուկ ես, որոնց համար խորթ են մտերմությունը, նվիրվածություն հասկացությունները։ Մնաս բարով, Ժո՜րժ։ Այլևս քեզ ասելու ոչինչ չունեմ, no comment!…,– այս անգամ արդեն լորդ Սեմն էր ու ձայնն էլ վրդովված էր։

Ժորժը էլ ոչինչ չէր լսում ու ունակ չէր արդեն ոչինչ ընկալելու։

 Լեռնային Բարբադոսում մի երկու ամսից հետո գունավոր հեղափոխություն սկսվեց ու Ժորժին պիտի փոխարիներ Անգլիացիների կողմից նշանակված նոր թեկնածուն։


25.02.2018 թ.

Սուտ ասողի սուտը չի պակսիլ…

Լինում է, չի լինում մի նախագահ։ Էս նախագահը իր երկրումը հայտնում է.

 «Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ նախագահության կեսը կտամ նրան»։

Գալիս է մի գեներալ։ Ասում է.

– Նախագան ապրած կենա, իմ հերը որսից մի արջ էր բռնել, որջում մի «կամազ» տուշոնկա էր թաքցրած: Էսա մի տասը տարի է ուտում ենք, չի պրծնում:

– Կպատահի՛,– պատասխանում է նախագահը,– իմ պապն էլ մի դույլ մոշ էր քաղել, մուրաբա ենք եփել, քսան տարի է չայ ենք խմում չի պրծնում:

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

 Գալիս է մի գործարար։ Ասում է.

– Ներողությո՛ւն, նախագա՛հ, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, ինքնաթիռս ընկավ պայթեց, բոլորը զոհվեցին, ես ողջ մնացի: Ստիպված ոտով եկա։

– Հա՜, կպատահի,– ասում է նախագահը,– ես էլ խոստացա մի ինքնաթիռի առաջին ուղևորը լինել ու մինչև հիմա թռնում եմ։

Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ պատգամավոր, թղթապանակը կռնատակին։ Նախագահը որ էս պատգամավորին տեսնում է, լեղին վախից ուզում է պատռի, գիտե որ լավ սուտասան է և ով է նրա ուսուցիչը:

Ասում է.

– Արի նախագահությանս կեսի կեսը տամ, սուս ու փուս գնա:

Էս պատգամավորը ասում է.

– Չէ, դու ասել ես «ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ է, ողջ նախագահությունս եմ տալու»:

Էս նախագահը մտածում է. «որ ասեմ սուտ է, նախագահությանս կեսը տանելու է» ու ստիպված ասում է.

– Հա՜, ճիշտ ես ասում: Իսկ էդ ի՞նչ թղթապանակ է թևիդ տակ:

– Նախագահը ապրած կենա,– ասում է պատգամավորը,– երեկ ազգային ժողովում հանձնարարություն էիր տվել հրաժարականդ պատրաստել, որ այսօր ստորագրես ու հրաժարվես պաշտոնիցդ, ինձ էլ նշանակես քո տեղը,– ու թղթապանակից Ա4 ֆորմատի մի թուղթ է մեկնում նախագահին:

– Հրաժարակա՞ն,– զարմանում է նախագահը,– սուտ ես ասում, ես նման բան չեմ հայտարարել:

– Թե որ սուտ եմ ասում, նախագահությունդ տուր:

– Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,– խոսքը փոխում է նախագահը: