– Ճշմարիտ եմ ասում՝ հրաժարականդ ստորագրի՛ր:
Նախագահը մնում է ապշած:
– Այդքան ընտիր ստեր ո՞նց ես կարողանում հորինել, որ չի սպառում,– հարցնում է նախագահը:
– Նախագահը ապրած կենա, սուտ ասողի սուտը չի պակսիլ,– գոհ պատասխանում է պատգամավորը ու խոթում հրաժարականը նախագահի ձեռը:
– Ես սխալ էի, պատգամավորը ճիշտ է,– ասում է նախագահը ու ստորագրում հրաժարականը…
08.11.2019 թ.
«Գենդերներն ու գերանդիները»
Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքից մի երիտասարդ լրագրող աղջիկ են ուղարկում, որ մի հետաքրքիր հոդված գրի գյուղերի սեռական փոքրամասությունների կյանքից ու նրանց իրավունքների պաշտպանության մասին:
Լրագրողուհին երկար ճամփորդությունից հետո հասնում է հեռավոր գյուղերից մեկը, իջնում է ավտոբուսից ու ոտով գալիս է գյուղամեջ:
Գյուղամիջում հանդիպում է մի տարեց պապիկի, հանում է «Այֆոնը», միացնում է ձայնագրող սարքը ու մոտենում պապիկին:
– Բարև ձեզ, պապի ջան: Ո՞նց եք:
– Հը՞, լավ չեմ լսում, բարձր խոսա,– ձեռը ականջին է դնում պապին:
– Ասում եմ, բարև ձեզ,– բարձր ձայնով խոսում է աղջիկը:
– Հա՜, Աստծու բարի, բալա ջան:
– Պապի ջան, ձեզ ո՞նց կարելի է դիմել,– էլի բարձր ձայնով հարցնում է աղջիկը:
– Հը՞…
– Ձեր անունը ո՞նց է:
– Հա՜, Դավոն եմ, Դավո պապին:
– Դավո պապի՛, կարելի՞ է ձեզ մի քանի հարց տալ: Հետաքրքիր հոդված պիտի գրեմ գյուղի կյանքից, առօրյայից:
– Հա՛, հարցրու, բալա ջան, խի՞ չի կարելի:
– Դավո պապի, ձեր գյուղում գենդերներ կա՞ն:
– Հա, բա խի՞ չկան, մեր գյուղը ո՞ր գյուղից է պակաս, որ չլինի:
– Շա՞տ են:
– Շա՜տ, ինչքան սիրտդ ուզի:
– Վա՜յ, իրո՞ք,– ուրախ բացականչում է երիտասարդ լրագրողը,– ուրեմն ճիշտ հասցեով եմ եկել:
– Բարով ես եկել: Մեր գյուղում դեռ շատ կան, աշխատավոր գյուղ է, առանց դրացն ո՞նց կլինի մեր հալը: Ամեն մի տղամարդ մեկը, երկուսը ունի:
– Իրո՞ք: Իսկ ձեր կանայք ո՞նց են դրան վերաբերվում:
– Շատ լավ: Որ ամառը գալիս է, տղամարդկանցով առնում ենք ու բարձրանում մեր էն զիլ սարերը… Որ տեսնես մեզնից հետո էն թավշոտ խոտերը ո՜նց են պառկում…
– Երկար եք մնու՞մ այնտեղ:
– Հա՜: Պատահում է մի քանի օրով գիշերում ենք էնտեղ:
Վրանները խփում ենք սարի դոշին ու գնա՜ց… Գիշերներով էլ քեֆ ենք անում, զվարճանում: Է՜հ, ջահել օրե՜ր:
– Բա ցերեկը ի՞նչ եք անում:
– Ո՞նց թե՝ ինչ: Բա հենց ձեգից էլ նորից սկսում ենք: Էն հաստ կոթից այ էս մի ձեռով բռնում ենք, էս մի ձեռով էլ ա՜յ էսպես մեղմ շոյում ենք ու այ էսպես շարժելով, հուպ տված առաջ ենք գնում:
– Ուու՜ֆ, Դավո պապի, կարելի է առանց մանրամասնությունների, – շիկնում է աղջիկը:
– Դեհ, բալա ջան, դու հետաքրքրվում ես, ես էլ պատմում եմ էլի:
– Իսկ պատահու՞մ է, որ ձեզ չեն լսում: Ձեր կամքը չեն կատարում:
– Հա մեկ–մեկ էլ բթանում են, չեն լսում:
– Այդ դեպքում ի՞նչ եք անում:
– Ծանր մուրճը առնում ենք ու ծեծում, ծեծում հա ծեծում, մինչև…
– Վույ, աման, ծեծու՞մ եք…
– Հա, մի լավ ծեծում ենք, հետո խարտոցը առնում…
– Խարտոցը՞,– աղջիկը գունատվում է:
– Հա, խարտոցը առնում ենք ու ջանին ընկնում: Սրում ե՜նք, հա սրում: Մինչև քիթը չի փայլում:
– Ու՞մ եք սրում:
– Ու՞մ չէ բալա ջան, ինչը՛:
– Ինչը՞:
– Դէհ հա էլի, գերանդին:
– Իսկ գերանդին ինչի՞ համար եք սրում,– հարցնում է գունատված լրագրողուհին:
– Ո՞նց թե ինչ համար, որ խոտը հարենք, քանի դեռ անձրև չի եկել:
– Իսկ գենդերները՞:
– Ինչը՞…
– Գեն– դեր–նե–րը…
– Գեն–դերները՞:
– Հա՛:
– Էդ ի՞նչ է, բալա ջան:
Նոր միայն երիտասարդ լրագրողուհին հասկանում է, որ
Դավո պապի ողջ պատմությունը գերանդիների մասին էր:
– Է՜, եսիմ է՛, Դավո պապի, ես էլ չգիտեմ: Ե՞րբ է ձեր հաջորդ ավտոբուսը քաղաք մեկնում…
12.04.2019 թ.
Մուկուչ քեռու այցը
Մուկուչ քեռին գյուղից եկել է քաղաք: Ծեծում է տասերորդ հարկի իր բարեկամի բնակարանի դուռը:
– Վա՜յ, բարով ես եկել Մուկուչ քեռի,– ասում է տանտերը,– էս ի՞նչ գործով ես եկել, ինչու՞ ես եկել:
– Դեհ ի՞նչ ասեմ, եկել եմ հիասթափեցնեմ՝ գնամ:
– Վահ՛, Մուկուչ քեռի, էդ ինչպե՞ս թե…
– Լավ, իջի՛ր պայուսակներս ներքևից բեր ասեմ. գյուղից համով մոթալի պանիր եմ բերել, թթի քաղցր դոշաբ, հոնի չտեսնված օղի, մեր են բակի սև խաղողի գինին, մի պարկ թարմ պոպոկ, թոնրի տաք հաց, միս ու նման բաներ էլի… Պայուսակներս ծանր էին, ձեր անտեր վերելակն էր չէր աշխատում: