Մեր գյուղում կոլխոզ կազմակերպեցին շատ տարիներ անց, 1936թ.-ին: Երևի ավելի շուտ հնարավոր չէր, ամեն ինչ կորցրած ժողովուրդը կոլխոզին տալու բան չուներ:

Սկզբում ասում էին, որ կոլխոզ մտնելը կամավոր է և ցանկացած ժամանակ էլ կարելի է դուրս գալ: Այնուամենայնիվ, ոչ մի կերպ չհասկանալով, թե իրենցից ինչ են ուզում, գյուղացիները տատանվում էին:

Պիրաշկի Օհանը, որին այդպես էին կոչում, որովհետև Ռոդիոնովկայի Վերիգինների մոտ մշակ էր եղել ու միշտ նրանց բլիթներն էր գովել, առաջարկել էր.

– Տղաք, էսոնք շատ պիտի զահլա տանին, բերեք մեկեն մտնինք, մեկեն ելնինք:

Նա ի՞նչ իմանար, որ կոլխոզից մեկեն ելնել չի հաջողվի: Դեռ գյուղացուն հողից պիտի զրկեին, պիտի կողոպտեին հողը, կոլխոզը պիտի դառնար մի անհասկանալի բան՝ հայտնի չէ, թե ինչու և ում կողմից ստեղծված: Դեռ Լվըռենց Մքանը պիտի հորիներ նոր ժամանակների բանավոր ողբը իր արտի մասին.

– Երանի հորս և հազար երանի պապիս, որ մեռան և չտեսան, ինչ որ ես տեսա: Վա՛յ քու օրիդ, Մքան, վա՛յ:

Աշնանը գնացի քաղելու իմ նախկին արտը, որ հիմա կոլխոզինն է: Բարև տվի՝ բարևս չառավ: Ասացի՝ ի՞նչ է եղել, արտ ջան: Ասաց՝ ի՞նչ պիտի էղնի, Մքան ջան, կոլխոզին տվիր ընձի, հիմի եկել ես քաղելու, ի՞նչ պիտի քաղես, խոտ չկա: Առաջ ապրիլին էիք վարում, ցանում, հիմի ցանում են հունիսին: Սերմացուի կեսը գողանում են՝ հայհոյելով մեկ ինձ, մեկ կոլխոզին: Քարը չեն մաքրում, քաղելու ժամանակ հենց գերանդին քարին է դիպչում, նորից հայհոյում են ինձ էլ, կոլխոզին էլ: Ահա եկել ես քաղելու՝ խոտ չկա, դու էլ չպիտի՞ հայհոյես…

Ասաց արտս ու լացավ: Արտս լացավ՝ ես լացա…

Որտեղի՞ց իմանար Պիրաշկի Օհանը, որ կոլխոզից դուրս գալու կարիք այլևս չի լինի, նա ինքը կվերանա մոտ հիսուն տարի անց, բայց այնքան աղետալի կերպով, որ գյուղը մոտ մեկ դարով ետ կշպրտվի դեպի անհայտություն, կարծես դուրս կընկնի ժամանակից, համայնական կոչված սեփականությունը կթալանվի, իսկ նրանց որդիներն ու թոռները, ում ունեցվածքով ստեղծվել էր այդ սեփականությունը, անտարբեր կերպով կլքեն գյուղը, հողը անմշակ կմնա ու կդառնա խոպան:

Ի՞նչ պատահեց հին գյուղին:

Բազում ցնցումներ ու ցավեր տեսավ նա, բայց միշտ կանգուն մնաց լեռների խոհուն հայացքի առաջ, իսկ հիմա քիչ մնաց դատարկվեր:

Ամեն ինչ փոխվեց, կարծես ժամանակը շրջվել է ու դեպի ետ է գնում: Ամեն ինչ հոսում ու կորչում է, ինչպես ավազը մատների արանքից, կայուն չեն անգամ «ետն» ու «առաջը», որտե՞ղ են նրանք:

Ես կարծում էի, թե ժամանակը կոկորդիլոսի նման գնում է միայն մեկ ուղղությամբ և ամեն ինչ խժռում է իր ճանապարհին, մենք դա կոչում ենք «առաջ», իսկ այն ուղղությունը, որով նա երբեք չի գնում, անվանում ենք «ետ»:

Հիմա ինձ թվում է, թե նա սողում է օձի պես նենգ ու անհասկանալի գալարներով, երբեմն նույնիսկ կարող է առաջ գնալու համար ետ շրջվել, կարող է այնպես խառնել ճանապարհներ, գործեր ու հաշիվներ, որ հարազատ գյուղիդ սովորական անունն անգամ փափագելի կդառնա…

Աշխարհը միշտ փոխվում է և միշտ հին է ու նոր, հարկավոր է միայն դիմանալ ժամանակին:

Շատ ժամանակներ ու շատ փոփոխություններ տեսած մեր հին գյուղը այս անգամ էլ կդիմանա՞ ժամանակին ու կնորանա՞ աշխարհի հետ:


* * *

Անձրևներն անցան, ջրերը գնացին անաղմուկ, հեռացան աննկատ ու անհույզ, գարուն չեղած ամառ եկավ այս երկրում:

Իսկ մեր սարերում հիմա գարունն է ծաղկում, ամենուրեք հնչում է զնգուն կանչ ու կարկաչի համանվագը:

Ջրերը վազում են գյուղի միջով, տանում են ժամանակը, գալիս ու գնում են մանկությունները վազող ջրերի հետ, խաղաղ տխրություն են տանում ու բերում վազող ջրերը:

Անշուշտ հիմա էլ դպրոցում աշակերտները խնդրում են, որ ուսուցիչներն իրենց դաշտ տանեն՝ «էքսկուրսիա» և իրար հերթ չտալով պատմում են, թե որտեղ ինչ ծաղիկներ կան, որ ձորում դեռ սրսուռ ձյուն կա ջրերի բերած հողերի տակ:

Հիմա էլ, անշուշտ, ծաղիկներ են բերում դպրոց մեր դաշտերից, բուրումնավետ բլուրներից, հիմա էլ անարվեստ ամոթխածությամբ առաջին նստարանի աշակերտուհին մանուշակների ու զանգակածաղիկների մի փոքրիկ փունջ է դնում ուսուցչի սեղանին: