Թվում է, թե նրա անցյալի սահմանը մեր գետն է, որով անցել էին մեր նախնիները Արդահանից գալով և անցկացրել իրենց հարստությունը՝ ոչխարի հոտերը, նախիրներն ու երամակները, հիշողություններն ավելի հեռու չէին տանում:
Արդահանի անցյալից հայտնի էին միայն այդ հարստության հիմնադիր Օհանը և մի քահանա, կարծեմ Տեր Ավետիք անունով, որի շնորհիվ մինչև 1937 թ-ը մեր ազգանվանը կցվում էր տեր բառը: Քահանայի աղոթքները, ըստ տեղեկությունների, հրաշագործ ուժ են ունեցել: Երևի հայրս նրանից էր ժառանգել աներկբա հավատը աղոթքների հանդեպ: Նա համոզված էր, օրինակ, որ եթե երեք անգամ անսխալ կրկնես «Հավատով խոստովանիմ և երկինք պագանեմ»-ը, ամեն մի վտանգ անմիջապես կանցնի:
Մեր պապերը նոր հայրենիքում նույնպես շարունակում էին իրենց գործը՝ անասնապահությունն ու առևտուրը: Չըլդըրի թուրքերից անասուն էին առնում և մեծ շահույթով վաճառում Թիֆլիսի հրեաներին: Ամեն ինչ հաջող էր ընթանում, բազմապատկվում էր նրանց հարստությունը, տարածվում էր նրանց անունը Ջավախքում և նրա սահմաններից դուրս մինչև Շորագյալ, Կախեթ ու Թիֆլիս:
Դա նահապետական մեծ գերդաստան էր, ավանդական հայ ընտանիք՝ առաքինի ու բարեպաշտ:
Գոմերում ու կալերում, տափակ քարերով սալարկված դռանը, մեծ չարդախների առաջ միշտ մարդաշատ էր, մշակները աշխատում էին, գալիս ու գնում էին ճամփորդներ, հյուրեր:
«Օհանենց մշակ» արտահայտությունը մեր գյուղում նշանակում էր քրտնաջան աշխատանք առավոտից մինչև իրիկուն, կատակով պատմում էին անգամ, թե իբր երբ Մաթևոս աղան տեսնում էր, որ մշակները անգործ կանգնած են, հրամայում էր խուշկին դուրս կրել գոմից, հետո նորից ներս բերել…
Ձմեռային երկար գիշերներին, երբ հավաքվում էինք թոնրի շուրջը կամ օջախի կրակի մոտ, այսպիսի շատ պատմություններ էին պատմում մերոնք երբեմնի մեր մեծ գերդաստանի ու նրա հարստության մասին:
Պատմում էին, որ Բարսամ աղան խիստ է եղել, բայց բարի, անգամ զգացմունքային, նա կարող էր որևէ երգից կամ նվագից հուզվել լալու աստիճան և շռայլորեն վարձատրել դրա համար: Այդպես Թիֆլիսի իջևանատներից մեկում մի անգամ ինչ-որ աշուղի մի ձի էր նվիրել:
Նա կարող էր խստորեն պատժել, բայց գիտեր նաև մեծահոգաբար ներել ու զիջել: Որպես օրինակ միշտ հիշատակում էին, թե ինչպես է երեսուն, թե հիսուն ոչխար զիջել Առաքելենց Մելիքին, որը հետո դրա շնորհիվ ստեղծում է շատ մեծ և հարուստ տնտեսություն:
Պատմում էին Մանգլիսի ձորում Կիրակոս աղայի հետ պատահած դեպքի մասին: Նա հրեաների հետ բարեհաջող առևտրից հետո Թիֆլիսից կառքով տուն է վերադառնում խուրջինով ոսկին հետը: Մանգլիսի ձորում նկատում է ինչ-որ կասկածելի մարդկանց, որոնք մտնում էին անտառ ու կրկին դուրս գալիս ճանապարհի վրա: Համոզվելով, որ դրանք զինված ավազակներ են, Կիրակոս աղան կանգնեցնում է կառքը, կանչում է ավազակներին, տալիս է խուրջինով ոսկին ու ասում.
–Առեք ձեր ուզածը, իմ կյանքը ձեր ինչի՞ն է պետք:
Ավազակները, ինչպես միշտ, մեծահոգի են լինում, ոսկին չեն առնում ու մոտակա աղբյուրի մոտ գինի են խմում Կիրակոս աղայի հետ:
Սակայն վրա հասավ վերջը, մեծ գերդաստանը քայքայվեց, բաժան-բաժան եղավ, իսկ նրա առասպելական հարստությունից մնացին միայն հիշողություններ, որ անցնում էին սերնդե-սերունդ:
Դա խորհրդավորության մշուշով քողարկված մութ պատմություն էր:
Խոսում էին ինչ-որ վաղեմի գուշակության, ինչ-որ անեծքի կամ թուղթ ու գրի մասին, ապա գալիս էին Խոսպիայի թուրք բեկերը, որոնք մեծ գումարներ էին պարտք առել, բայց հետո ուրացել էին, որովհետև որևէ մուրհակ կամ նման մի բան գոյություն չուներ, նույն կերպ ինչ-որ մեծ գումար վճարելուց հրաժարվել էր Թիֆլիսի մի հարուստ հրեա՝ ոմն Իսակ կամ Իսահակ, ըստ երևույթին դարձյալ գրավոր ապացույց չլինելու պատճառով, հետո Գաբռուշկայի կամ Համբարձումենց Գաբրիելի անունն էր հիշատակվում, որը իբր թե գտել էր Բարսամ աղայի պահած փողերն ու հարստացել:
Բայց դրանք, ըստ էության, ոչ թե պատճառ էին, այլ հետևանք, նրանք դատապարտված էին կործանման, և դա, ժամանակակից լեզվով ասած, ծրագրավորված էր նրանց արյան բջիջներում, նրանց աղետալի անհոգությամբ սեփական անցյալի ու ապագայի հանդեպ: Եվ վերջապես, այդ ամենից բացի, ժամանակներն էին փոխվել, իսկ նրանք իրենց խաղը վարում էին մարգարեների ժամանակվա կանոններով՝ ազնիվ էին խաղում… Բարի ու առատաձեռն էին, երբեք չէին մերժում իրենց օգնությունը կարիքավորներին, նվաստացուցիչ էին համարում մարդուն չվստահելը, անգամ թուրքերին: