Տեղ հասնելուց երկու օր հետո նա թամբում է իր Սպիտակ ձին:

Այդ նշանավոր նժույգը նա հեծնում էր բացառիկ դեպքերում: Եկել էր ամենաբացառիկ դեպքը՝ նա պիտի գնար վրեժ լուծելու թուրքերից: Ոչ ոք չի համարձակվում նրան ետ պահել, բոլորը գործերը թողած լուռ նրան էին հետևում: Մայրը արցունքն աչքերին միայն արագ-արագ խաչակնքում էր…

Առաքելը մութն ընկնելուն պես անցնում է սահմանը և վաղ առավոտվա աղջամուղջի մեջ հայտնվում Ահմեդի տան կտուրին: Պարանով իջնում է երդիկից ու կանգնում քնած թուրքի մահճի մոտ.

– Վեր կաց, Ահմեդ, ես եկա:

Թուրքը սարսափահար վեր է թռչում, ձեռքը մեկնում է դեպի հրացանը, որ պատրաստ դրված էր կողքին, բայց նույն վայրկյանին գետին է տապալվում Առաքելի դաշույնի շեշտակի հարվածից:

Նույն սառնասրտությամբ նա հաշվեհարդար է տեսնում երկրորդ թուրքի հետ, և մինչև գյուղը կարթնանար ու կիմանար կատարվածը, Սպիտակ նժույգը լեռներով սլանում էր դեպի սահմանը: Վախկոտ թուրքերը չեն համարձակվում անգամ հետապնդել նրան:

Մեր գյուղն ունեցել է այլ քաջեր ևս, ունեցել է հետաքրքիր պատմություններ նրանց մասին, որոնք անցել են սերնդե-սերունդ:

Ուշագրավ են հատկապես երկու նշանավոր եղբայրների՝ Տալոյենց Բարսեղի ու Սարգսի մասին պատմությունները: Նրանք արտակարգ ուժի տեր էին, հատկապես Սարգիսը, որն իբր թե երկու սիրտ է ունեցել: Շատ սխրանքներ էին գործել նրանք, շատ անգամ էին կռվել թուրքերի դեմ, պաշտպանել անմեղներին ու թույլերին: Նրանց մասին հեքիաթանման գեղեցիկ զրույցներ էին պատմվում օդաներում: Հուզիչ է հատկապես Սարգսի եղերական մահվան պատմությունը:

Այդպիսի մարդկանց ու նրանց արարքների շնորհիվ Ջավախքում և նրա սահմաններից դուրս ձևավորվել է հայտնի կարծիքը մեր գյուղի մասին, ձևավորվել է փոգացու կերպարը, որ ինքնատիպ է իր խոսվածքի պես: Ինչ-որ բացառիկ բան կա նրանում, նրա խոսվածքի ու բնավորության մեջ: Այդ կերպարին բնորոշ են առանձնահատուկ հյուրասիրությունը, հոգու շռայլությունը, վեհանձնությունն ու համարձակությունը:

Թուրքերն ու վրացիները լավ էին ճանաչում մեր գյուղացիներին: Երբ նրանք զանազան գործերով սարերից, յայլաներից գալիս էին մեր գյուղը, իրենց շատ զգույշ էին պահում, չէին համարձակվում անգամ ձի հեծած գյուղ մտնել: Նրանց հայտնի էր, որ մեր գյուղացիները դա չէին հանդուրժում, մանավանդ կանանց ներկայությամբ՝ համարելով գոռոզության կամ ինչ-որ արիության ցուցադրություն: Գյուղ հասնելով, նրանք իջնում էին ձիերից և գնում սանձը բռնած:

Շատ անգամ են մեր գյուղացիները ընդհարվել շրջակա յայլաների թուրքերի ու վրացիների հետ արոտների սահմանների պատճառով, պաշտպանել են իրենց հողերը և հաճախ ստիպված զենքի են դիմել: Այդպիսի մի ընդհարման ժամանակ սպանվել է իմ քսանհինգամյա Սաքո քեռին:

Սակայն թող չթվա, թե մերոնց միայն կռվարարությունն է հատուկ կամ միայն կոպտության են ընդունակ: Նրանք ուղղամիտ են, հավատարիմ ու վստահելի են բարեկամության, ընկերության մեջ:

Իր բնավորության պես մեր գյուղի խոսվածքն էլ ինքնատիպ է: Բարբառագիտության մեջ այն թյուրիմացաբար վերագրվել է կամ Մշո, կամ Կարնո բարբառներին, մինչդեռ նա չի պատկանում նրանցից և ոչ մեկին: Այն մի միջին տեղ է բռնում մեր Արևելյան և Արևմտյան բարբառների միջև, որովհետև հոլովման համակարգով նման է կը ճյուղին, խոնարհման համակարգով և հնչյունական օրենքներով՝ ում ճյուղին: Համալսարանում սովորելիս ես մի աշխատանք գրեցի այդ մասին:

Առաջին համաշխարհային պատերազմը, հետո էլ թուրքերի հարձակումն ու գաղթը քայքայեցին մեր գյուղը:

1918 թ.-ին, գաղթից առաջ, ըստ լուրերի, անհայտ պատճառներով և անհայտ հանգամանքներում մեր գյուղացիները սպանել էին թուրքական կառավարության ինչ որ գործակալի: Այդ պատրվակով, իբր թե նրա վրեժը լուծելու համար, թուրքերի մի ջոկատ Փանյա լեռան մոտ շրջապատել էր գյուղից գաղթողների մի խմբի, մոտ քառասուն հոգու, անզեն տղամարդկանց, կանանց ու երեխաների: Նրանց առաջնորդում էր Դավազը՝ գյուղի երևելի մարդկանցից մեկը, որ հայտնի էր իր ուժով, ճարտար լեզվով ու լավ ձայնով: