Անձրևը սկսվեց Վագներյան նախերգանքի հզոր հնչեղությամբ՝ լարային ու փողային գործիքների համատեղությամբ, թմբուկների մաժորային ռիթմի ներքո, և զարգացավ դասական կանոնների կարգապահությամբ, այնուհետև, հետզհետե թեթևացնելով բուռն ագրեսիայի հզորությունը, թմբուկների մաժորային ռիթմը փոխարինեց ստեղնայինի մինորային ակորդներով՝ փողայիններից բացառեց տրամբոններն ու մյուս բարձրահունչ գործիքները՝ պահպանելով միայն ֆրանսիական եղջյուրի և լարայինների քնարական երանգը, ու սահունորեն անցավ հիմնական թեմային, այն է՝ հորդառատ, երկարատև և անվերջանալի տեղատարափ, որը հաճախ էր հյուրընկալվում մեր հինավուրց քաղաքում։

– Հոդերս անձրևի անխուսափելիությունը զգում են օր առաջ` նախանձելի ճշգրտությամբ, – պատուհանից դուրս՝ անձրևոտ քաղաքին նայելով` ասաց ռադիոհաղորդումների գլխավոր խմբագիրը։

– Ինչպե՞ս է դա դրսևորվում, – հարցրեցի ես։

– Ոսկորների մեջ խորասուզվող սուր ցավերով՝ սովորական ռևմատիզմի դրսևորում, ոչինչ ավելի կամ պակաս, – տրտնջաց նա։

– Եթե դա ձեզ կմխիթարի, ասեմ, որ շատերն են հոդացավերով տառապում, միայն պարզ չէ, բոլո՞րն են օդերևութաբան, թե՞ դա միայն ձեզ է հասու։

– Մխիթարեցիր, – քմծիծաղ տվեց նա ու ավելացրեց, – ասում են` որ հերթական օյինբազությունն ես արել։

– Օյինբազությո՞ւն, – չհասկացա ես։

– Այո՛, օյինբազություն։ Այդ ի՞նչ պատմվածք ես գրել։

– Ուրեմն պատմվածք գրելը ձեր կարծիքով օյինբազությո՞ւն է։

– Էլ մի սկսիր, շատ լավ հասկացել ես հարցիս իմաստը։

– Պատասխանս միանշանակ չէ՛, հռետորաբանական է, – վրդովված պատասխանեցի ես։ – Ձեր կոորդինատային համակարգում, երևի կարելի է և այդպես անվանել, ավելին՝ կարող եք հավելել, որ ես ոչ միայն օյինբազություն եմ արել, այլև փորձել եմ խարխլել մեր հզոր պետության բարոյական հիմքերը։

– Սարկազմդ քեզ պահիր, խոսքը դրա մասին չէ։ Ես պետք է որոշում կայացնեմ, թե` ինչպե՞ս վարվել քեզ հետ:

– Իսկ դուք ընտրության հնարավորություն ունե՞ք, – չարախինդ ժպիտով հարցրեցի ես:

– Ցավն էլ հենց այդ է, որ ես բացարձակապես ընտրություն անելու հնարավորություն չունեմ:

– Հետևաբար, ո՞րն է հարցի իմաստը, ապրեք խախաղ սրտով, մտքի՛ց` որ ձեզանից ոչինչ կախված չէ։

– Հարցը նրանում է, որ ես չեմ ուզում քեզ կորցնել: Դու հրաշալի ես արձակ կարդում, ուղղակի կատարյալ, քո ձայնն ընկեր է խոսափողին, ներդաշնակ. նման երևույթ հաճախ չի հանդիպում, սա միայն իմ կարծիքը չէ, ունկնդիրները ևս բարձր են գնահատում քո տաղանդը. այդ մասին ես շատ նամակներ եմ ստանում:

– Հետևաբա՞ր, – չհասկացա ես։

– Հետևաբա՛ր, կփորձեմ սահմանափակվել նրանով, որ քեզ կզրկեմ ուղիղ եթերներից, – այս ասելով`նա մեծ բավականությամբ խորը շունչ քաշեց` նմանվելով մի մարդու, որ գտել էր կարևոր սեպագրեր վերծանելու գաղտնագիրը։

– Իսկ ես ունեմ ուղիղ եթե՞ր, – տարակուսանքով հարցրեցի ես։

– Իսկ ո՞վ է տեղյակ այդ մասին, – խորամանկությունից փայլփլող աչքերով ասաց նա։

Купите полную версию книги и продолжайте чтение
Купить полную книгу