– Ես բողոք եմ ստացել, – որոշ ժամանակ անց, երբ թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, և վտանգն անցել է անդարձ, ինձ դիմեց թատրոնի կուսակցական կազմակերպության քարտուղարը՝ ցածրահասակ, բարակ բեղերով մի անձնավորություն, որն իր ճաղատությունը հմտորեն թաքցնում էր այն մազերի շնորհիվ, որոնք լիուլի աճում էին նրա պստլիկ գլխի հետին և կողային մասերում, որոնցով, կանոնավոր կերպով, առաջ և կող տանել-բերելով, ստեղծում էր արտասովոր մի սանրվածք, առատորեն սոսնձելով թատերական սոսնձով՝ կայունության համար, որպեսզի նրանք չծածանվեն քամիներից` մերկացնելով նրա ճաղատությունը, քամիներ, որոնք հաճախակի էին հյուրընկալվում կիրճերում սեղմված, բարձր լեռների ստորոտում, դանդաղահոս գետի երկայնքով սփռված մեր քաղաքում։
– Ես ահազանգ եմ ստացել, որ դու հակախորհրդային պատմվածք ես գրել, – ասաց մի մարդ, ով, թերթերի վերջին էջից բացի, ոչինչ չէր կարդացել երբևէ։
– Մի՞թե, – հարցրեցի ես։
– Այո՛: Ազդանշանը եկել, տեղ է հասել, ես չվստահելու պատճառ, առավել ևս չարձագանքելու իրավունք չունեմ, թեպետ, ինքս չեմ կարդացել քո պատմվածքը, ճիշտ կլիներ ազդանշանին նաև պատմվածքիդ պատճեն կցել, սակայն վերևներում շատ ավելի լավ գիտեն, թե ինչն-ինչպես է արվում, իսկ քեզ, ահա թե ինչ կասեմ, հիմարություն մի արա, զբաղվիր իրական գործով՝ նայիր ինձ, ես սկսել եմ զրոյից, երիտասարդությանս տարիներին նույնիսկ ստիպված եմ եղել թղթե տոպրակներ սոսնձել գոյությունս մի կերպ պահպանելու համար։
– Ոչ բոլորին է տրված սոսնձելու ունակություն, դա Աստծո պարգև է, – ասացի ես։
– Գուցեև այդպես, ուղղակի ուզում եմ ասել, որ նախկինում ես տոպրակներ էի սոսնձում, իսկ այժմ մի ամբողջ թատրոնի կուսակցական կազմակերպության քարտուղարն եմ։
– Եվ շարունակում եք սոսնձե՞լ:
– Ի՞նչ նկատի ունես, – չհասկացավ նա։
– Միայն այն, որ ձեզ համար ոչինչ չի փոխվել, նախկինում թղթե տոպրակներ էիք սոսնձում, իսկ այժմ` բեղ ու կեղծամ ցածրորակ դերասանների համար:
– Հիմարությո՛ւն, դու գոնե հասկանում ես, որ ինձնից սպասում են քո բնութագիրը ընդհանուր գործին կցելու համար, որը կարող է վճռորոշ դեր ունենալ:
– Իսկ ի՞նչ կարող եք գրել իմ մասին։ Պատմվածքս դուք չեք կարդացել, և նույնիսկ եթե կարդացած լինեիք, դժվար թե ինչ-որ բան հասկանայիք, կգրեք, որ ես հրաժարվում եմ սոսնձել ձեր անիծյալ կեղծ բեղե՞րը, որ ես` որպես դերասան, գերադասում եմ ներքին վերամարմնավորում և ոչ թե արտաքին ֆինտիֆլյուշնե՞ր, և դա անբարոյական, բուրժուական խորթ երևո՞ւյթ է: – Կարող եք գրել, խնդրե՛մ։
– Ես կձևացնեմ, որ չեմ լսել դա:
– Հազիվ թե։ Ձեզ բոլորիդ մեկ մայր է ծնել, դուք համընդհանուր ինկուբատորի պտուղ եք։ Մի սրտացավ գործիչ ևս, իր ասելով, աչք էր փակում, բայց չհասցրեցի դուրս գալ մոտից, անմիջապես վազեց ու փայտփորիկի նման սկսեց թակել բոլոր հնարավոր և անհնար դռները։ Ես շատ լավ գիտեմ, թե ի՞նչ եք գրելու իմ մասին, շտապե՛ք, քանի դեռ դրոշն ու իշխանությոնը ձեր ձեռքին է:
Իմ անհանդուրժողականությունն առնետների նկատմամբ անսահման է, մի օր դա ինձ կկործանի անտարակույս, եթե, իհարկե, հրաշք տեղի չունենա, ու առնետները չանէանան ինչ-որ գերբնական ուժի շնորհիվ, բայց ցավոք, նման ելք անհնարին է դեռևս, քանզի չի երևում այն մոգ սրնգահարը, ով կհավաքեր առնետներին և հստակ շարքով կտաներ, կլցներ, հրճվանքից մոլեգնած քաղաքային գետի հորձանուտը՝ հավետ ու անդառնալի։
>III
Ամառային մի հրակեզ առավոտ, երբ արյունածուծ մոծակներն այնքան էլ աներեսաբար չեն բզզում այն ճանապարհին, որը ձգվում է գետի երկայնքով և անհետանում, թաքնվում է տեսադաշտից հեռու հեռվում՝ աստիճանաբար ցածրացող, թանձր մառախուղի ետնամասում, որտեղից անսպասելի, ասես ոչ մի տեղից, դանդաղորեն թևապարելով ու կտրելով մշուշը՝ հայտնվում է վայրի բադերի խումբը՝ սեպաձև երամով, այնտեղ, որտեղ գետը կտրուկ գալարվելով, հետզհետե վերածվում է բարակ առվակի, նա` զինվորական հնամաշ բլուզը հագին, կոշիկները սալաքարերին քստքստացնելով, քայլում է հյուսիսային անդեմ քաղաքի այդ ամայի փողոցով և մտածում այն մասին, թե ինչո՞ւ մինչև այժմ չի ընտելացել, չի համակերպվել այն մտքին, որ արևն այստեղ մեկ այլ ջերմություն է հաղորդում, ուրիշ կերպ տաքացնում, ի՞նչն էր պատճառը, չէ՞ որ ջերմաստիճանը սյունակին նույնն էր, ինչ հարավային հարազատ արվարձաններում, որտեղ արևը կարողանում էր միջաթափանց լինել ներսից, տաքություն հաղորդել ոսկորներին, որոնք, դառնալով մարտկոց, հավասարաչափ ջերմություն էին տարածում՝ հավասարակշռելով, չանտեսելով մարդու մարմնի և էության որևէ հատված, իսկ այստեղ բորբ արևն, իր ճառագայթներով ապարդյուն փորձելով խոցել հյուսիսային մաշկի պիրկ համառությունը, թեթևակի արևահարելով և դիմադրություն ստանալով, չէր վառվում առաջ սղոսկելու, ներս թափանցելու անհագ տենչով՝ այնտեղ, ուր կայուն սառնությունն էր իշխում, ասես պատճառ` փողոցների դատարկ, ամայի լինելուն, քանի որ հյուսիսային մարդիկ խորը թաղված իրենց բներում, փականքների ետևում, վայելում էին իրենց մենությունը, փառք Ամենակարողին, որ ոչ ոք իրենցից ոչինչ չէր հայցում, որովհետև ոչ մեկին, ներառյալ` իրենք իրենց, ոչինչ պարտք չէին, և ամենայն հավանականությամբ, նման կեցվածքի գերագույն իրավունքն իրենցն էր՝ հարավցիների ստրկամտությունն ու ստորաքարշությունը, առիթ չէր տալիս կասկածելու վայրկյան իսկ, որ, այո՛, մաքրակենցաղ չլինելով որևէ մեկի հանդեպ, կարելի է և ստորակայության տակ պահել նրան, չէ՞ որ կանխակալ՝ հարավը միշտ ենթակա է հյուսիսին։