Զվարթ տրամադրությամբ դուրս եկա միջանցք և քայլեցի դեպի իմ առանձնասենյակը, ինչ-որ տարօրինակ զմայլանքով մտածելով այն մասին, որ հիմա կտեսնեմ Ռենային:

Արմենն արդեն վերջացնում էր խոսակցությունը: Նա ցած դրեց խոսափողը, ասաց.

– Շնորհակալություն, Լեո, խոսեցի:

Ռենան թերթ էր նայում, նա թերթը մի կողմ դրեց, մի պահ անվճռական նայեց, հարցրեց.

– Ճի՞շտ է, որ ձեր ծննդյան օրն է այսօր:

– Ի՞մ:

– Թե՞ հնարում է, – Ռենան կասկածանքով լի հայացքով նայեց Արմենին:

– Գիտե՞ս ինչ, Ռենա, – դանդաղ սկսեց Արմենը, դեմքի միմիկայով հասկացնելով ինձ հաստատել իր ասածները, սակայն, տեսնելով որ, իմ՝ անտեղյակությա՞մբ ասեմ, թե անհասկացողությամբ, կարող եմ փչացնել գործերը, նախաձեռնությունը միանգամից վերցրեց իր ձեռքը և արագ ասաց, – բանն այն է, Ռենա ջան, որ մեզ մոտ, Հայաստանում, հարգված սովորույթ կա. ծննդյան օրվա նախօրյակին անպայման գնում են ռեստորան, դա կոչվում է փորձնական ծնունդ, կամ էլ ասենք՝ սրճարան, մի գավաթ սուրճի, կոկտեյլի կամ էլ մի բաժակ շամպայնի շուրջ նստած պայմանավորվում են, որոշում, թե ինչպես անցկացնեն միջոցառումը, որպեսզի, այսպես ասած, չխախտեն ժողովրդական ավանդույթը: Առաջարկությունս այն է, որ մենք նույնպես պահպանենք հնուց եկող ժողովրդական սրբավանդ կարգը: Մեզ մոտ դա խստիվ օրենք է:

– Այստեղ այդպիսի բան չկա, – դյուրահավատորեն ասաց Ռենան:

– Այստեղ չկա՝ այնտեղ կա, – կարճ կապեց Արմենն ու տեղից ելավ: – Մի խոսքով, ժամանակ չկորցնենք, Ռենա ջան, և չվիրավորենք Լեոին: Նա, համոզված եղիր, արժանի է մեր բարի վերաբերմունքին. միասին գնում ենք «Նոր ինտուրիստ», կարծեմ, դա այնքան էլ հեռու չէ այստեղից, և մեկական բաժակ սուրճ ենք խմում կամ, ասենք, շամպայն, տարբերություն չկա:

Ռենան նրբանկատորեն փորձեց առարկել.

– Կներեք, խնդրում եմ, ես չեմ կարող… Չէ՞ որ դուք ասացիք՝ երկու րոպեով ենք բարձրանում… Դուք խնդրեցիք…

– Չեղավ, չեղավ, – դերասանություն արեց Արմենը: – Եղբայրական ժողովրդի հինավուրց ավանդույթը չեն արհամարհի, չի կարելի: Ոչ, ոչ, ոչ, կնեղանամ, Ռենա ջան, ազնիվ խոսք, կնեղանամ, Լեոն նույնպես կնեղանա: Զանգիր ընկերուհիներիցդ որևէ մեկին, բայց պայմանով, որ Լեոյի սրտով լինի, լավը լինի: Ասացիր հայուհի ընկերուհի ունես, անունը Ռիմա, ձեր կուրսից: Սիրո՞ւն է:

– Սիրուն է, բայց դա… ի՞նչ նշանակություն ունի, նա չի գա: Անծանոթ տղաների հետ նա ոչ մի տեղ չի գնա: Ես…

– Լսիր, բոլորն էլ սկզբում անծանոթ են լինում, հետո ծանոթանում են, ի՞նչ կա դրա մեջ, – շարունակեց համոզել Արմենը: – Զանգիր, նա չի գա, մեկ ուրիշին զանգիր: Կնստենք, մի քիչ երաժշտություն կլսենք, գոնե մի երկու ժամով ազատվենք էս առօրյա հոգսերից: Առավել ևս՝ վաղը շաբաթ է , մյուս օրը՝ կիրակի: Սխալ բա՞ն եմ ասում, թե սխալ եմ, ասեք՝ սխալ ես: Զանգիր, Ռենա, մեծի խոսքին կլսեն: Լեո, դեսը տուր հեռախոսը: Ամբողջ ծախսն ինձ վրա է, ես եմ հրավիրում:

Ռենան իր անուշիկ հայացքով անօգնական նայեց ինձ:

– Արմեն, պետք չէ զանգել, – ինքս էլ չհասկանալով թե ինչու, միանգամից ասացի ես: – Ես չեմ ուզում:

– Իյա¯… Ի՞նչը չես ուզում: Ռեստորա՞ն չես ուզում… Չհասկացանք: Լեո, – փորձեց սաստել Արմենը, – այ տղա, գործը մի փչացրու, – կշտամբանքով նայելով ինձ, հայերեն ավելացրեց նա: – Քեզ նման ընկեր ունենալով՝ թշնամին ինչի՞ս է պետք: Ռենա, մի լսիր նրան, զանգիր:

– Ռենա, խնդրում եմ, ոչ մի տեղ մի զանգեք, – արդեն հաստատուն ասացի ես: – Ազնիվ խոսք, ինձ ոչ ոք պետք չէ:

Եվ լավ է, որ չասացի՝ քեզնից բացի:

Ռենան ասես կարդաց իմ մտքերը, չարաճճի մի լույս փայլեց նրա կապուտակ աչքերում:

– Ուրեմն երեքով կգնանք, – անզիջում վրա բերեց Արմենը:

Ուղիղ կես ժամ հետո Արմենն արդեն կենաց էր ասում.

– Գիտե՞ք ինչ, իմ կարծիքով, սխալ են բոլոր նրանք, ովքեր տխրում են էն մտքից, որ հարյուր տարի հետո իրենք չեն լինի: Դա նույնն է, որ մարդ նստի և սուգ ու շիվան անի այն բանի համար, որ հարյուր տարի սրանից առաջ ինքը չի եղել: Օմար Խայամն ի՞նչ է ասում. «Երբ չկայինք՝ աշխարհը բան չէր կորցրել, երբ չլինենք՝ նա էլի նույնը կմնա»: Այսօրվա օրն է կարևորը, այս օրը, դրա համար էլ խմենք այս օրվա կենացը, այս պահի կենացը, որ միասին նստած ուրախանում ենք: Բարձրաբերձ ժայռին մի գրվածք կար: Երբ հարուստներն էին կարդում այն, վշտից լաց էին լինում, աղքատները կարդում՝ ուրախանում էին, իսկ սիրահարները կարդում՝ սկսում էին գնահատել միատեղ անցկացրած ամեն մի ակնթարթը: Իսկ էդ բարձր ժայռին շատ հասարակ ու պարզ մի նախադասություն էր գրված ընդամենը՝ «ժամանակավոր է այս ամենը»: Կյանքում, իհարկե, անուշ օրեր շատ կլինեն, անկարելի է, որ չլինեն, բայց էդ օրերի մեջ թող հիշվի նաև էս օրը՝ մեր ծանոթության օրը: Լավ օր է, ազնիվ խոսք: Կենացդ, Ռենա ջան, միշտ էդպես գեղեցիկ ու ցանկալի լինես, և քո կենացը, Լեո ջան, և իմ կենացը նաև, էս օրվա ու էս պահի կենացը: