Ես ոչ մի կերպ չէի կարողանում ըմբռնել, թե կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը :

– Կամ ընդհակառակը, – մեջ ընկավ Արինան: – Թող ձեզ տանեն նրա մոտ: Բայց դա էլ հեռանկար չունի: Պանթեոնն ուրիշ…

Լորաննան ձեռքով ծածկեց բերանը, որ չփռթկացնի: Ես կշտամբանքով նայեցի Արինային՝ «Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս»:

– Դե, ես գնամ, – թղթապանակը մթերացանցի մեջ տեղավորելով՝ ասաց նախկինը: – Հատուկ խանութից սննդամթերք եմ պատվիրել, կբերեն՝ տանը չեմ լինի, ետ կտանեն: – Նա շրջվեց դեպի ինձ, ներողամիտ ժպիտով ասաց, – Լեո, վաղուց ոչինչ չեք տալիս ինձնից, ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ ռադիոյով: Կոստյա Խաչանյանի չա՞փ էլ չկամ, նրա բանաստեղծությունները հաղորդում եք, իմը՝ չէ: Նոր բաներ եմ գրել, տղաներին կարդացել եմ, հավանում են, կուզենայի հանդես գալ: Եթե պետք է, Վլադիմիրին էլ ասեմ:

– Վլադիմիրին ասել պետք չէ, – ասացի ես, – բերեք, այս ամսվա վերջին կտանք:

– Շնորհակալություն, – գթաշարժ ստրկահաճությամբ նայելով՝ ավելացրեց, – թե չէ՝ ընթերցողներս կկարծեն, թե մեռել եմ արդեն:

Մթերացանցը ճոճելով նա դուրս եկավ խմբագրությունից:

– Մի տես ո¯նց է խեղճացել, ո¯նց է ձևացնում, – դժգոհեց Սաղումյանը: – Ամբողջ կյանքն ապրեց՝ ո՛չ կռիվ տեսավ, ո՛չ բանտ ու աքսոր՝ մյուսների նման, միշտ ապահով, բարեկեցիկ կյանքով ապրեց: Երկիրը քանդվում է, իսկ նա հասարակ բժշկուհի կնոջը կառավարական պանթեոնում վերաթաղելու մասին է մտածում:

– Մարդն ուրիշ հոգս չունի, ինչի՞ մասին մտածի, – դառնակսկիծ արտաբերեց Լորաննան: – Աղջիկը՝ Երևանում բարվոք տեղավորված, տղան՝ Մոսկվայում, ինչի՞ մասին պիտի մտածի: Խանութները՝ դատարկ, իսկ իր համար ամեն ինչ պատրաստի բերում են: Աստված ողորմի հոգիդ, Պարույր Սևակ. «Եվ թիվն ասացեք մեր այն ժամերի՝ անթիվ, անհամար, որ ծանր ու թեթև ժամանակներում կորան-գնացին ինչ-որ հերթերի ու երթերի մեջ»: Երեկ կես կիլոգրամ նրբերշիկի համար չորս ժամ հերթ եմ կանգնել:

– Հանրապետությունն ամեն տարի փոխանցիկ դրոշներ ու շքանշաններ է ստանում՝ պլանները գերակատարելու համար, խանութներն ինչո՞ւ են դատարկ, – հեռվից նետեց Սաղումյանը, շարունակելով իր թարգմանությունը:

– Լսիր, Արինա, – դառնալով Արինային, ասացի ես, – դու գիտե՞ս, թե Ցիցերոնն ինչ է ասել քո մասին:

– Իմ մասի՞ն, – ցուցամատը կրծքին տանելով՝ հարցրեց նա: – Ի՞նչ է ասել:

– Ասել է՝ մի խոսիր, եթե այն, ինչ ասելու ես, ավելի գեղեցիկ չէ, քան լռությունը… Դու այն ի՞նչ էիր մեկնաբանում. մեռած մարդուն ի՞նչ հեռանկար: Դու խոսում ես՝ հետո՞ մտածում, թե՞ մտածում ես՝ հետո խոսում:

– Պարզաբանիր, չհասկացանք, – աչքերում՝ ծիծաղ, դեմքը՝ ժպիտով ողողված, նա նայում էր ինձ:

– Մարդիկ տարբերվում են նաև նրանով, որ ոմանք նախ մտածում են, հետո խոսում, իսկ մյուսները՝ խոսում են, հետո մտածում: Դու ո՞ր խմբին ես պատկանում:

Նույն ծիծաղը՝ աչքերում, նույն ժպիտը՝ դեմքին:

– Էլի՞ չհասկացար:

– Ոչ, – գլուխը ցնցեց Արինան՝ շարունակելով սևեռուն նայել:

– Դու այդ ի՞նչ ես մեքենագրում, որ խելքդ լրիվ կորցրել ես:

– Հուշեր, – փութաջան պատասխանեց Արինան: – Հուշերի գիրք է՝ իր տեսած և … չտեսած մարդկանց մասին:

– Սովորաբար հուշերի գիրքը, – հանգիստ ասացի ես, – հիշողությունների շարադրանք է, ուր հեղինակը պատմում է որևէ արժանավոր անձի հետ ունեցած իր անձնական հանդիպումների մասին: Հուշեր՝ չտեսած մարդկանց մասին՝ նորություն է:

– Նորություն է… ես ի՞նչ գիտեմ, – բարկանալու նշաններ արեց Արինան: – Ինքը գրում է, ես տպում եմ:

– Ոչ, դու տպում ես՝ ինքը գրում է: Դու ես մեղավոր, – լուրջ դեմքով ասացի ես, – որ չտպես՝ ինքն էլ չի գրի:

– Չի գրի… Բա գիրքը թողնենք անավա՞րտ, – շվարած ասաց նա:

Լորաննան ծիծաղեց, ասաց.

– Արինա, խնդրում եմ, լռիր, իմ «կրիշկան» էլ է բարձրանում:

– Իսկ ինչ վերաբերում է ռեստորանին, անպայման գնա, – խորհուրդ տվեցի ես, – տղան կնեղանա:

– Տղան կնեղանա¯… Ո՛ւհ, – քիթ-մռութը կնճռոտեց Արինան, – քեզ նման բարեկամի ինչն ասեմ, – և իբր խիստ նեղացած, կրունկներով մանրահատակը ջարդելով, գնաց իր սենյակը: