– Ո¯չ, – գլուխը տարուբերեց Մարգարիտան: – Փչում է, ես սիրով ու իմ հոժար կամքով եկա և, նայելով ձեր սեղանին, տեսնում եմ, որ, այո, չեմ սխալվել, – ծիծաղեց նա, ձեռքը մեկնեց ինձ, հետո Ռենային: – Աստված իմ, մի սրանց սեղանին նայեք. սև խավիար, կարմիր խավիար, խորոված, տապակա, անանաս… Էս ի՞նչ եք անում, լսեք, չե՞ք վախենում «օբեխեսեսից», դուք ինչ է, Խորհրդային Միությունում չե՞ք ապրում, մեր ժամանակավոր դժվարությունները չե՞ք տեսնում: Արմեն, շուտ նստեցրու ինձ, կարող է ուշաթափվեմ:

Մենք լիաթոք ծիծաղեցինք:

– Հիմա, Մարգարիտա ջան, հիմա, – Արմենը ծնկով կոպտորեն բոթեց ինձ, – ա՛յ տղա, շարժվիր, – հայերեն ասաց նա, – քեզ համար եմ բերել:

– Իսկ ես չե՞մ ասել քեզ, որ ինձ պետք չէ, – կողքի անցա ես ժպտալով:

– Չհասկացա, – անսպասելի հայերենի անցավ Մարգարիտա Վոյտենկոն, – ես ծախու ապրա՞նք եմ ձեզ համար:

Ռենան տարակուսած՝ չէր հասկանում, թե ինչ է կատարվում և ինչի մասին է մեր խոսակցությունը, նայում էր մեզ, իսկ ես ու Արմենը մնացել էինք ապուշ կտրած:

– Վայ, Մարգարիտա ջան, ներիր, – շաղակրատեց Արմենը, – բա ինչո՞ւ չէիր ասում, որ հայուհի ես, հայերեն գիտես:

– Առիթ չկար, – ծիծաղեց Մարգարիտան ու պատմեց, – մի մարդ հինգ-վեց տարեկան իր որդու հետ, որը ծնված օրից ի վեր չէր խոսել, և դա մեծ դժբախտություն էր հոր համար, գնում է անտառ՝ ծառ կտրելու: Նա կացինն առած կտրում հա՛ կտրում է, մի երկու քայլ ետ է գնում՝ տեսնելու՝ ծառը ո՞ր կողմի վրա է ընկնելու, և որդին հանկարծ գոչում է. «Պապա, ծա¯ռը»: Հայրը մի կողմ է ցատկում, վիթխարի ծառը դղրդալով տապալվում է: «Ուրեմն դու խոսել գիտեի՞ր, – շշմած ասում է հայրը, – բա ինչո՞ւ մինչև հիմա չէիր խոսում»: «Առիթ չկար», – պատասխանում է տղան: Այնպես որ, Արմեն ջան, առիթ չկար, – ծիծաղելով ավարտեց Մարգարիտան: – «Հայ ես դու, հայ ես դու, հայ եմ ես, վայ քո ցավը տանեմ ես», – երգեց նա ամուր կառչելով Արմենի թևից: – Դո՛ւ ես ինձ հրավիրել այստեղ, ուրեմն քո մոտ էլ կնստեմ: Լեո, – կարգադրեց նա, – անցիր այն կողմ: Դու հո դե՞մ չես, – հարցրեց՝ դառնալով Արմենին:

– Իհարկե, դեմ չեմ, – ճարը կտրած՝ ժպտալով համաձայնեց Արմենը: – Քեֆ ենք անում, այ մարդ՝ ի՞նչ դեմ, ինչ բան: Լեո ջան, անցիր Ռենայի մոտ: Որ հրամայում է՝ ի՞նչ պիտի անենք, – ծիծաղեց նա: – Աղջիկ չէ, է¯, կրակ է: Հայ ես դու, հայ եմ ես, վայ քո դնչիկն ուտեմ ես: Լեոն կոնյակ է խմում, Ռենան՝ շամպայն, ես՝ օղի: Դու ի՞նչ ես սիրում, հոգուդ մատաղ:

– Ես էդ բոլորն էլ սիրում եմ՝ չգիտեմ որն ընտրեմ, – ծիծաղեց Մարգարիտան: – Լավ, օղի լցրու:

– Եղավ, թող լինի օղի:

Ես փոխադրվեցի Ռենայի մոտ, ուր մինչ այդ Արմենն էր նստած, մատուցողուհին տեղափոխեց մեր ափսեները, Մարգարիտայի համար նոր սպասք բերեց: Ես ներքուստ շնորհակալ էի Մարգարիտային այս անսպասելի փոխատեղման համար, գաղտնածածուկ աչքով արեցի նրան և նա՝ խորամանկը, հասկացավ ինձ և ձեռքը մեկնեց խփելու՝ ի նշան համաձայնության:

Մենք անշտապ օգտվում էինք սեղանի բարիքներից, կատակում, ծիծաղում էինք:

– Մենք կախված ենք տղամարդկանցից, նրանց վարվեցողությունից, – ասաց Մարգարիտան: – Բայց եթե կինը կարող է ինքնակայուն գործել, վստահ է զգում իրեն, նրան ոչ թե պարզապես ապահով, բարեկեցիկ կյանք ունեցող տղամարդ է պետք, այլ նա, որին կարող է ընտրել ինքը, և ոչ թե ընդհակառակը: Սրա մեջ մեծ տարբերություն կա:

Արմենը հանդիսավորությամբ բարձրացրեց բաժակը:

– Ուրեմն այսպես, – ասաց նա: – Արևն ու քամին վիճում են, թե նրանցից ո՞վ ավելի շուտ կարող է հանել կնոջ զգեստը: Քամին փչում հա՛ փչում է, սակայն իզուր, կինն ավելի է փաթաթվում շորերի մեջ: Բայց ահա դուրս է գալիս արևը, իր ճաճանչափայլ շողերով տաքացնում երկինք ու երկիր, և կինը, անկարող դիմանալու այդ տաքուկ շողերին, հանում է հագուստները: Արևը հաղթում է իր ջերմությամբ: Եկեք նման լինենք արևին, խմենք մեր սիրելի Ռենայի ու Մարգարիտայի կենացը, նրանց հանդեպ ունեցած մեր ջերմին վարվեցողության կենացը:

– Հրաշալի կենաց է, – միացավ Մարգարիտան, իսկ հետո ասաց, – շարունակելով իմ միտքն, ասեմ, որ ես, օրինակ, կյանքում ինձ միշտ զգացել եմ ազատ մարդ և հաստատ գիտեմ՝ ես ունեմ իմ սեփական կարծիքն ու իմ տեսակետը: Իսկ գիտե՞ք, թե Աստված ինչու է կանանց ստեղծել այսքան գեղեցիկ ու այսքան անխելք, – ծեքծեքուն հայացքով իրեն ու Ռենային ցույց տալով ժպտալից ավելացրեց նա: – Գեղեցիկ՝ որ սիրեք մեզ, անխելք՝ որ սիրենք ձեզ… Ես համաձայն եմ, հանձինս ինձ ու Ռենայի՝ խմենք ձեր շռայլ վերաբերմունքի ու մեր անսպառ գեղեցկության կենացը: Ինչ վերաբերում է զգեստը հանելուն, ապա ես դրան բոլորովին դեմ չեմ: Ես պատրաստ եմ հենց հիմա հանվել: