– Շատ է սիրուն, չէ՞, շան աղջիկը, – հայերեն ասաց Արմենը:

– Շա¯տ, – չթաքցրեցի ես՝ դեռևս անկարող հայացքս կտրել նրանից:

– Ի՞նչ է ասում, – շուրթերը կիսաբաց՝ աղջիկը ժպտուն նայեց ինձ, և ես տեսա, որ մարգարտաշար ձյունաճերմակ ատամները մի ուրիշ հմայք են տալիս նրան. հատկապես առջևի երկու ատամը՝ իրարից աննշան հեռու:

Ես չհասցրի պատասխանել աղջկան, որովհետև Արմենը մոտեցավ ինձ և, գրկելով իմ ուսերը, հանդիսավոր ներկայացրեց.

– Մահմուդովա Ռենա, բժշկական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի, Բաքու քաղաքի թիվ մեկ գեղեցկուհի:

Ռենան մեղմիկ ծիծաղեց և, իր լուսափայլ աչքերով նայելով ինձ, թույլ մեկնեց ձեռքը: Սադափագույն եղունգներով նրա մատները՝ նուրբ ու սառը, միառժամանակ չէի ուզում թողնել: Անթարթափ նայում էի նրան, ասես ձգտելով ընդմիշտ մտապահել նրա կուսական, նույնիսկ փոքր-ինչ մանկական արտահայտություն ունեցող լուսեղեն դեմքի հմայիչ սքանչելիությունը:

– Այ տղա, բաց թող ձեռքը, – ծիծաղեց Արմենը, ամենայն հավանականությամբ, բավականություն զգալով իմ շփոթվածությունից:

Ռենան նստեց իմ դիմաց, սեղանի մյուս կողմը, ոտքը գցելով ոտքին, ասես դիտմամբ ցուցադրելով հղկած մարմարի պես ողորկ ծնկները:

– Նստեք, ինչո՞ւ եք կանգնել,– լուսապայծառ ժպիտով, մտերմաբար ու երգեցիկ արտաբերեց Ռենան, հայացքով հասկացնելով, որ նստեմ:

Ասես ես իմ առանձնասենյակում չէի և նստելու իրավունքն ուրիշից պիտի ստանայի:

Նա գլուխը թափով ետ տարավ, մազերը շաղ եկան ու փարթամ գանգուրներով կրկին փռվեցին ուսերին:

– Լեո ջան, կարելի՞ է՝ զանգեմ Երևան, – առիթից օգտվելով, հարցրեց Արմենը, հեռախոսը քաշեց դեպի իրեն և ծոցատետրը հանելով, դրեց սեղանին: – Կարծում եմ, ձեր հեռուստառադիոկոմիտեն այնքան էլ աղքատ հիմնարկություն չէ, և պետությունն իմ մի երկու զանգով չի սնանկանա:

– Զանգիր, իհարկե, – ասացի ես և, որպեսզի չխանգարեմ, դուրս եկա առանձնասենյակից:

Գլխավորը չկար, երևի տուն էր գնացել արդեն: Լորաննա Հովակիմյանը՝ վերջին լուրերի բաժնի խմբագիրը՝ երեսունին մոտ, բարձր, կառուցիկ, ամենևին ոչ հայուհու նման՝ երգչուհի Մադոննայի կազմվածքով ու նրա պես շիկամազ, խաժ աչքերով ու զգայական կամակոր շրթունքներով, գլուխը հակած սեղանին նյութ էր խմբագրում: Ասում էին, որ մեր նախկին գլխավոր խմբագիրը մի ժամանակ խենթի պես սիրահարված էր նրան, ահագին բանաստեղծություններ է նրան նվիրել: Ես մի անգամ կատակով ակնարկեցի նրան այդ մասին՝ ճշմարտանմա՞ն է այդ պատմությունը: Լորաննան ո՛չ ժխտեց, ո՛չ էլ հաստատեց, ծիծաղելով ասաց. «Սիրահարված ծերուկը, Լեո, մեծագույն այլանդակություններից մեկն է բնության մեջ»:

Այդ նախկին գլխավորն արդեն մի ամիս կլիներ՝ օրվա վերջին գալիս, Արինայի անկյունային փոքրիկ սենյակում նստած, ինչ-որ հուշեր էր թելադրում:

– Էդ ի՞նչ աղջիկ է քո առանձնասենյակում, – առանց գործից կտրվելու՝ հեռվից նետեց Արինան:

Նախկինը ետ շրջվեց և, բաց դռնից տեսնելով ինձ, գլուխ տալով հարգալից բարևեց:

– Քո մտերմիկ բարեկամի՝ Արմենի ծանոթուհին է, – ասացի ես: – Կարո՞ղ է էլի հարց ունես:

Արինան սև, խոշոր աչքերով տնտղեց ինձ, բայց ոչինչ չասաց:

– Կարծեցի քեզ համար է բերել, – այնուամենայնիվ չհամբերեց, կծեց նա:

– Հա, մտքում այդպիսի բան կա, – իբր անտարբեր հաստատեցի ես: – Ինչ է, դուրդ չի՞ գալիս:

– Չէ, սիրուն է, – խոսակցությանը խառնվեց Լորաննան: – Քիչ առաջ մտան այստեղ, Արմենն ասաց, որ ադրբեջանուհի է, բժշկականում է սովորում: Ես կին տեղովս ուղղակի մնացի շշմած՝ ցնցող գեղեցկություն ունի: Իսկական թոփ-մոդել: Նարեկացին երևի նրա մասին է ասել հազար տարի առաջ. «Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ երկու փայլակնաձև արեգական նման, բերանն երկթերթի վարդն ի շրթանցն կաթեր…»: Երբ նրան տեսա, գիտե՞ս ինչ հիշեցի, Լեո: Ֆետի տողերը, որոնցում ասված է. «Երկնքում սրտառուչ կանչի նման փայլատակում են աստղերի ոսկյա արտևանունքները»:

– Էդ ազգի դավաճանը որտեղի՞ց է գտել նրան, – հետաքրքրվեց Արինան ու տեղից ելնելով, եկավ դեպի մեզ: – Սամվել Աթանեսովիչ, կներեք, բայց հոգնել եմ, – ուսի վրայով ասաց նա, – «կրիշկաս» արդեն բարձրանում է: