– Շատ բաներում՝ այո: Բայց մեր ընտանիքում մի փոքր այլ իրադրություն էր, – ասաց տատիկը:

– Պատմի՛ր, տատի՛կ, – սկսեց աղաչել աղջիկը:

– Մի ուրիշ անգամ: Այսօր բավական է: Գնանք քնելու, – տատիկը չէր համաձայնվում:

– Դե, խնդրում եմ, տատի՛կ, – ասաց Արևիկը:

– Անգամ չխնդրես: Գնա լվացվի՛ր, մաքրի՛ր ատամներդ, հագի՛ր գիշերազգեստը և մտի՛ր անկողին, – կտրուկ հայտարարեց տատիկը:

– Իսկ գիշերվա հեքիա՞թը, – ակնարկեց Արևիկը:

– Անպայման: Ընտրիր՝ ինչ ենք կարդալու, – համաձայնեց տատիկը:

– Իսկ կարելի՞ է, որ հեքիաթի փոխարեն ինձ պատմես, թե ինչպես էր քո ընտանիքում, – խորամանկորեն հարցրեց աղջիկը:

– Ա՛խ, դու, չարաճճի: Հաջորդ անգամ, – պատասխանեց տատիկը:

– Չեմ ուզում ու չեմ գնա քնելու, – աղջիկը ոչ մի կերպ չէր հանգստանում: – Եթե գնամ քնելու, դա կնշանակի, որ ես հաշտվել եմ այն բանի հետ, որ այնքան էլ շուտ չեմ տեսնի հայրիկին ու մայրիկին: Իսկ ես չեմ ուզում դրա հետ հաշտվել:

– Վախենամ՝ քեզ ուրիշ ոչինչ չի մնում անելու: Տարերքի դեմ պայքարելը մեր ուժերից վեր է: Եվ հետո, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ծնողներդ շուտով տուն կգան: Բայց տես, թե ինչ է կատարվում օդանավակայաններում: Մարդիկ արդեն մի քանի օր է, ինչ սպասում են առանց հաց ու ջրի և չեն կարողանում թռչել: Այնպես որ, մտածի՛ր, թե մեր բախտը շատ է բերել, – ասաց տատիկը:

– Նրանք նույնպես չեն կարող թռչել տարերքի պատճառո՞վ: Հաց ու ջուր էլ չունեն դարձյալ տարերքի՞ պատճառով:

– Այն, որ նրանք հայտնվել են այդ սարսափելի պայմաններում, չի կարելի վերագրել միայն տարերքին. դա տեղի է ունեցել համապատասխան ծառայությունների վատ աշխատանքի պատճառով, – պարզաբանեց տատիկը:

– Եվ նրա՞նք էլ են համակերպվել այն բանին, որ իրենց համար այդքան վատ է, – Արևիկը տատիկին շփոթության մեջ գցեց:

– Դժվար է դրան համակերպվել, ավելին, չի կարելի դա հանդուրժել: Քանի դեռ ինքդ չես պայքարում քո իրավունքների համար, ոչ ոք քեզ չի օգնի, – շարունակեց տատիկը:

– Իսկ նրանք ի՞նչ են անում: Ինչպե՞ս են պայքարում, – հետաքրքրվեց աղջիկը:

– Փորձում են գտնել օդանավակայանի, ավիաընկերությունների աշխատակիցներին, որպեսզի գոնե որևէ տեղեկություն իմանան ռեյսերի մասին, փորձում են, վերջապես, ընդվզել, – շատ լուրջ, անգամ որոշ չափով լարված՝ պատասխանեց տատիկը:

– Իսկ ինչո՞ւ են փորձում ընդվզել: Մի՞թե դա կարող է նրանց օգնել թռչելու, – զարմացավ աղջիկը:

– Ո՛չ, դա չի կարող օգնել թռչելու, բայց իրենց խնդրի վրա ուշադրության կհրավիրի ու նրանց կստիպի մտածել, – տատիկը փորձեց երեխայի համար ինչ— որ կերպ ավելի մատչելիորեն բացատրել:

Կարծես թե այդ թեման աղջկան խիստ հետաքրքրեց, և չնայած նրա համար ամեն ինչ չէ, որ հասկանալի էր, բայց նա զգում էր, որ տատիկի ասածը կարևոր է:

Արևիկը խելացի աղջիկ էր: Նա հիշում էր ամեն ինչ: Եվ ամենից առաջ՝ իր զգացողությունները, որոնք նրան օգնում էին կռահել այն, ինչը, իր տեսակետից, կարևոր էր, բայց որն ինքը դեռ չէր հասկանում:

Դեռ երկար ժամանակ աղջիկը վիճաբանում էր, սակայն, վերջ ի վերջո, հոգնածությունը հաղթեց, ու նա քնեց:

Ծնողները բարեհաջող վերադարձան տուն: Իսկ հաջորդ առավոտը Արևիկի համար երջանիկ էր, ինչպես չէր եղել վերջին երեք ամսում:

Գլուխ 2. Ահաբեկչությունը պատերազմ չէ

Անցավ մի քանի օր: Արևիկի համար ամեն ինչ որքան կարելի է լավ դասավորվեց: Պետք չէր գնալ մանկապարտեզ, որը գրիպի համաճարակի պատճառով փակվել էր: Դրսում սաստիկ ցուրտ էր, որը հնարավորություն չէր ընձեռում փողոցում զբոսնելու: Մի խոսքով, աղջիկն ամբողջ ժամանակն ընտանեկան շրջապատում էր անցկացնում, իր համար ամենասիրելի իրադրության մեջ: Պետք է ասել, որ Արևիկը շատ էր սիրում իրենց բնակարանը, իր սենյակը, իր գրքերը, խաղալիքները, DVD և աուդիոսկավառակները: Երբեմն թվում էր, թե շատ դժվար է նրան տնից դուրս բերել: Հաճախ ստիպված էին նրան համոզել, հետաքրքրությունը շարժել: Բայց բավական է դուրս գար, էլ չէր ուզում տուն դառնալ: Այդ օրերին այցելության ցանկալի վայրերից էր Արևելքի ժողովուրդների թանգարանը: Աղջիկը հաճույքով էր քայլում թանգարանի կիսադատարկ սրահներով և հիանում Արևելքի հին մշակույթի վեհությամբ: Նրան առանձնապես գրավում էին Հնդկաստանին, Չինաստանին, Ճապոնիային, Իրանին հատկացված սրահների ցուցանմուշները: Եվ, իհարկե, Նիկոլայ ու Սվյատոսլավ Ռերիխների նկարները: Դրանց մեջ ինչ— որ մոգական բան կար, դրանցից բարեբեր լույս էր հորդում: Իսկ գունային գամման ցնցում էր երևակայությունը: Արևիկը կարող էր ժամերով դիտել նրանց նկարները ու չհոգնել: Եվ եթե Տրետյակովյան պատկերասրահում ներկայացված՝ Շիշկինի, Վասնեցովի, Վռուբելի, Պոլենովի, Կուինջիի, անգամ Այվազովսկու նկարները երեխային հարազատ էին իրենց թեմատիկայով և այդ պատճառով էլ՝ հասկանալի ու սիրելի, ապա Ռերիխների նկարները այնքան էին հմայում, որ փոքրիկ Արևիկը այդ աշխատանքներին նայում էր լայն բացված աչքերով ու չէր շտապում բաժանվել դրանցից: Աղջիկը ծնողների հետ հաճախ էր այստեղ գալիս: