– Իսկ ճանապարհների խցանումները սովորակա՞ն իրավիճակներ են:
– Այո՛, – ափսոսանքով պատասխանեց տատիկը:
Աղջիկն ապրում էր բարձրահարկ շենքի տասներեքերորդ հարկում և սիրում էր երեկոյան ժամերին, ծնողներին սպասելիս, նստել ցածր պատուհանագոգին ու լուսամուտից դուրս նայել: Այդպես էլ այս երեկո, հետևելով մեքենաների անվերջանալի շարանին, նա ուշադրություն դարձրեց հսկայական թվով սխալ կայանած մեքենաներին, որոնք չափազանց բարդացնում էին ճանապարհների՝ առանց այն էլ դժվար կացությունը: Եվ այդ հանգամանքը չէր կարող անտարբեր թողնել դիտունակ աղջկան:
– Տատի՛կ, իսկ ինչո՞ւ այդ մեքենաները սահմանված տեղում չեն կանգնում, – հարցրեց Արևիկը:
– Մեքենաների տերերը եկել են աշխատանքի և ավտոմոբիլները թողել են այստեղ, որպեսզի աշխատանքից հետո մեքենայով վերադառնան տուն:
– Բայց ինչո՞ւ մեքենաները չեն թողել այնտեղ, որտեղ կարելի է, – հարցուփորձ էր անում աղջիկը:
– Տեսնում ես՝ կայանատեղում բոլոր ցանկացողների համար տեղ չկա: Բացի այդ, կանգառները հաճախ վարձու են: Այդ պատճառով էլ շատերը մեքենաները թողնում են որտեղ պատահի, – բացատրեց տատիկը:
– Բայց դրա համար նրանց չե՞ն պատժում, – զարմացավ աղջիկը:
– Լինում է, որ պատժում են, կամ պարզապես տուգանում են, կամ նույնիսկ մեքենաները տանում են տուգանային հրապարակ, մանրակրկիտ կերպով բացատրեց տատիկը:
– Իսկ ո՞վ է պատժում, քեռի ավտոտեսո՞ւչը, – հիշեց աղջիկը:
– Այո՛, – տատիկը հաճելիորեն զարմացավ այն բանից, որ Արևիկը չի մոռացել անցյալ զրույցների բովանդակությունը:
– Բայց վարորդները, միևնույն է, չե՞ն վախենում նրանից, եթե շարունակում են մեքենաները կանգնեցնել այնտեղ, որտեղ պետք չէ, – հետաքրքրվեց Արևիկը:
– Դուրս է գալիս, որ այդպես է, – համաձայնեց տատիկը:
Լռություն տիրեց: Տատիկը, հոգնած այդ խոսք ու զրույցից, սկսեց աղջկան պատրաստել քնելու:
Այդ ժամանակ հեռախոսը զանգեց, ու տատիկը պատասխանեց: Խոսակցությունն ավարտելով՝ նա դիմեց Արևիկին.
– Մայրիկն ասաց, որ մենք չսպասենք իրեն ու գնանք քնելու:
– Ինչպես մայրիկն ասաց, մենք այնպես էլ պիտի անե՞նք, – հարցրեց Արևիկը:
– Իհարկե: Դու գիտես, որ մայրիկի խոսքը մեզ համար օրենք է, – շեշտեց տատիկը:
– Իսկ մենք նրան չենք ասի, – առարկեց աղջիկը:
– Մայրիկը միշտ պիտի իմանա ճշմարտությունը: Եվ, ընդհանրապես, Արևի՛կ, ավելի լավ է՝ քեզ պատժեն սխալ վարվելու, քան ինչոր բան թաքցնելու համար: Այդ դեպքում պատիժն էլ ավելի թեթև կլինի, սխալն էլ հնարավոր կլինի ժամանակին ուղղել, – ասաց տատիկը:
– Բայց դու հիմա այստեղ ինձ հետ ես: Դու կարող ես ինձ թույլ տալ չքնել, – չէր հանդարտվում Արևիկը:
– Ո՛չ, բալի՛կս, մայրիկի խոսքը կարևոր է իմից, – պնդում էր տատիկը:
– Բայց մայրիկն էլ կարող է սխալվել, – չէր հանձնվում Արևիկը:
– Շատ հնարավոր է: Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե անգամ քեզ թվում է, թե մայրիկը ճիշտ չէ, պետք է անել այն, ինչ ասել է նա: Համենայն դեպս, այնքան ժամանակ, երբ դու ինքդ պատասխան կտաս քո արարքների համար, – հանգիստ բացատրեց տատիկը:
– Նշանակում է՝ եթե ես համաձայն չեմ մայրիկի հետ, ապա երբեք չե՞մ կարող անել այն, ինչ ցանկանում եմ, – անկեղծորեն զարմացավ աղջիկը:
– Ինչո՞ւ: Կարողացի՛ր քո ճշմարտությունն ապացուցել այնպես, որ մայրիկն այն ընդունի, – պատասխանեց տատիկը: – Եվ հետո, Արևի՛կ, մայրիկը գործնականում քեզ թույլատրում է ամեն ինչ: Սահմանափակումները բացառապես վերաբերում են քո անվտանգությանն ու առողջությանը: Բոլորովին առանց սահմանափակումների էլ չի կարելի: Անարխիա ու քաոս կլինի:
– Ինչպես ճանապարհի՞ն, – հիշեց աղջիկը:
– Միանգամայն ճիշտ է, – ասաց տատիկը:
– Բոլոր ընտանիքներո՞ւմ է այդպես, – հետաքրքրվեց Արևիկը:
– Եթե նկատի ունես սահմանափակումները, դրանք ամեն մի ընտանիքում էլ կան: Այլ բան է, որ կարող է կարգ ու կանոնն ուրիշ լինել, – պարզաբանեց տատիկը:
– Դու ինձ մի փոքր խճճեցիր, տատի՛կ, – ասաց աղջիկը:
– Ճիշտ է, քանի որ պետք է գնալ քնելու, – պատասխանեց տատիկը:
– Իսկ քո մայրիկը նույնպե՞ս միշտ ճիշտ էր, – շարունակեց Արևիկը: