– Աբրակալպմոլ… դյու:

– Իսկ ո՞վ է քեզ պատմել այդ մասին, – որոշեց պարզաբանել տատիկը:

– Ես զբոսայգում եմ լսել, թե ինչպես Կատյայի ու Նատաշայի տատիկները խոսում էին, որ պայթյունը կազմակերպել են այն մարդիկ, որոնք խոսում են այդպիսի լեզուներով, – լսածը վերապատմեց աղջիկը:

– Գուցե, այո՛, բալիկս՛, գուցե և՝ ո՛չ, դա դեռ ոչ մեկին հայտնի չէ: Անգամ եթե ենթադրենք, թե դա ճիշտ է, դու պիտի իմանաս, որ մարդիկ լավ կամ վատ են լինում անկախ այն բանից, թե ինչ լեզվով են խոսում, – բացատրեց տատիկը:

– Նշանակում է՝ Կատյայի ու Նատաշայի տատիկները ճիշտ չե՞ն ասում, – տարակուսանքով հարցրեց Արևիկը:

– Ո՛չ, Արևի՛կ: Նրանք պարզապես մոլորության մեջ են, – պատասխանեց տատիկը:

– Իսկ ի՞նչ է նշանակում «մոլորության մեջ», – հարցով փորձեց պարզել աղջիկը:

– Դա նշանակում է, որ նրանք սխալվում են, – բացատրեց տատիկը:

– Իսկ ինչո՞ւ են նրանք սխալվում, և ոչ թե դու, – հակազդեց Արևիկը:

– Ի՛նքդ դատիր: Ես՝ քո տատիկը, նույնպես խոսում եմ ոչ ռուսերեն: Նշանակում է՝ ես վա՞տն եմ, – շարունակեց տատիկը:

– Ո՛չ, – շփոթահար պատասխանեց աղջիկը, սակայն հետո գտավ պատասխանը, – բայց չէ՞ որ դու կարող ես ռուսերեն խոսել:

– Այսինքն՝ դու կարծում ես, թե ես վատը չեմ միայն այն պատճառով, որ կարող եմ խոսել ռուսերեն, բայց եթե չկարողանայի ռուսերեն խոսել, ապա վա՞տը կլինեի, ասաց տատիկը:

– Տատի՛կ, դու ինձ բոլորովին խճճեցիր, – հազիվ զսպելով արցունքները՝ ասաց Արևիկը: – Եվ, ընդհանրապես, տատիկները բարի են լինում, իսկ դու ինչոր շատ խիստ ես, – վրդովվեց աղջիկը, – դե, արի՛ արդեն խաղանք:

– Հրա՜շքս, – բացականչեց տատիկը՝ գրկելով աղջկան: – «Բարին» ու «խիստը» հականիշներ չեն, բացի այդ, ինչ—որ եզրակացություն անելուց առաջ աշխատի՛ր ամեն ինչ հասկանալ ինքդ կամ պարզաբանումների համար դիմի՛ր մտերիմներիդ, որպեսզի անշուք լույսի ներքո չհայտնվես: Իսկ հիմա, իհա՛րկե, գնանք խաղալու, – հաշտարար տոնով եզրափակեց տատիկը:

Ու միասին ուղղվեցին դեպի մանկասենյակ:

– Իսկ ի՞նչ պիտի խաղանք, – հետաքրքրվեց տատիկը:

– Այս անգամ ինքդ մտածիր, – ոգեշնչվեց աղջիկը:

– Առաջարկում եմ այս անգամ խաղալ Տրոյական պատերազմի պատմությունը, – ասաց տատիկը:

– Արի՛, – ուրախացավ աղջիկը:

– Բաշխենք դերերը: Դու գեղեցկուհի Հեղինեն կլինես, – ես այդպես եմ կարծում, – շարունակեց տատիկը:

– Իհա՛րկե: Լարիսան՝ Պարիսը, իսկ դու, տատի՛կ, կլինես Մենելաոսը, Ագամենոնը, Աքիլլեսը, Հեկտորը և մնացյալ բոլորը, – հարցին լրջորեն մոտեցավ Արևիկը:

– Մենք պիտի հոգ տանենք նաև դեկորացիաների մասին, – առաջարկեց Լարիսան:

Եվ աշխատանքը եռաց: Շալով ծածկված արդուկի սեղանիկը ակնթարթորեն վերածվեց նժույգի, սենյակը՝ ճակատամարտի դաշտի: Հայտնվեցին վահաններ, սրեր և այն ժամանակի պատերազմական գործողություններին բնորոշ մնացյալ պիտույքները: Մարմնամարզական ներքնակը դարձավ նավ, որով աքայացիների հունական ռազմի ցեղերը, Միկենեի արքա Ագամեմնոնի գլխավորությամբ, նավարկել—անցնելով Էգեյան ծովը, պաշարեցին Տրոյան: Հույները ժամանել էին գեղեցկուհի Հեղինեի ու Պարիսի՝ Տրոյայի արքա Պրիամոսի կրտսեր որդու գողացած գանձերի հետևից: Հայտնվեցին նաև ռազմիկներ երկու կողմից, Տրոյայի անառիկ պարիսպները, հենց ինքը քաղաքը՝ անմատչելի ամրոցը: Ծավալվեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով շատ քաջարի մարտիկներ զոհվեցին ճակատամարտի դաշտում: Տարիներ անց հույներին հաջողվեց խորամանկությամբ տիրել քաղաքին և կործանել այն:

Դերերը լավ էին սերտել, սակայն Արևիկին դուր էր գալիս երբեմն վերափոխել իրադարձությունները, և աղջիկն ինքն էր հնարում կամ վերաստեղծում սյուժեն՝ կախված իր տրամադրությունից: Այդ ժամանակ խաղի ընթացքում սցենարը վերափոխվում էր, և Արևիկը ինքն էր վերաբաշխում դերերը, ռեժիսորություն անում իրադարձություններում:

Իսկական ներկայացում ստացվեց, որն այնքան կլանեց բոլոր մասնակիցներին, որ նրանք կորցրեցին ժամանակի զգացողությունը՝ իրապես մտնելով իրենց հերոսների կերպարների մեջ: Շատ հետաքրքիր էր ու գրավիչ, բոլորը շատ մեծ հաճույք ստացան: