Նա վհատ ու սառը նայում էր£ Սմքած շուրթերի ոչ մի շարժում, ոչ մի արձագանք£

– Վերջապես գտա քեզ, – դարձյալ հուզված կրկնեցի ես£– Արդեն հույս չունեի համարյա, թե կգտնեմ£ Այո, հույս չունեի, բայցև միաժամանակ չէի կորցնում հույսս£ Ճիշտ են ասում, որ մարդ, առանձնապես մեծահասակ մարդ, ամեն գիշեր պառկում է քնելու՝ առանց որևէ երաշխիքի, թե հաջորդ օրն առավոտյան արթնանալու է, սակայն ամեն դեպքում նա նորից ու նորից լարում է զաթուցիչը£ Դա հենց հույսն է որ կա£ Այան այդ հույսով է ապրում, Սամվելիկ, նա կուրախանա, գիտես, աշխարհի չափ կուրախանա®

Նրա այտամկանը լարվեց£ Նա տրտում օրորեց գլուխը, բայց ոչինչ չասաց£

– Նա համոզված է, որ դու ողջ-առողջ ես, նրա սիրտը վկայում է դա£ Նա շատ տանջված, բայց իմաստուն կին է, Սամվելիկ, նա շարունակ քո անունն է տալիս£ Գիշեր-ցերեկ քո անունն է տալիս® Հիշո՞ւմ ես Ագնեսային, – ակամա ավելացրի ես, – նկարը ցույց էիր տալիս ինձ, հիշո՞ւմ ես®

Նա բարձրացավ տեղից, մոտեցավ լուսամուտին£ Երկար նայում էր դուրս, մի տեսակ կուչ եկած, փոքրացած, հետո շրջվեց, այլայլված, բայց սառնությամբ ասաց.

– Ուշ է, ուշ է արդեն® Ես ընտանիքի տեր եմ, կին, երեխաներ ունեմ, ուշ է® Ժամանակին պիտի որոնեիր, ժամանակին, – նա ընդոստ մի շարժումով ու դարձյալ կաղալով մոտեցավ դռանը, շուռ եկավ, ակնդետ նայեց ինձ, և ես հասկացա, ցավագնորեն հասկացա, որ վերջին անգամ եմ տեսնում նրան£– Մի որոնեք ինձ, – կրկնեց նա նույն սառցասառն տոնով£– Իմ հավատն ուրիշ է® Մի որոնեք ինձ®

Նա դանդաղ ելավ սենյակից, իր ետևից ծածկելով դուռը£

Ես երկար, շատ երկար ժամանակ նստած էի՝ անկարող ընկալելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ հիմա՝ այս հեռավոր, օտար աշխարհում®

– Իմ ասածից մի նեղացիր, – կրկին խոսեց Մխիթարը£– Խոսք էր, ասացի՝ մոռացիր£ Ինչ վերաբերվում է Շահում աքային, ինչ ասեմ, մոտ հարևաններ ենք, միշտ աչքներս վրան է եղել, լավ ենք նայել, թե վատ՝ էդ է, աստված թող տեսնի, և ամենքին իր սրտի ուզածով տա® Քեզնից էլ դժգոհ չէր, իր բախտն էր, ի՞նչ անենք, դու քնած՝ բախտն արթուն, ու՞ր կարող ես փախչել՝ ոչ մի տեղ® Ինքը քաղաքում չէր կարողանում, քո գործն էլ գյուղում չկար, էդպես էր®– Նա նայեց ճանապարհի կողմը, բարձր հարցրեց.

– Ապետնա¯կ, էդ ի՞նչ ես տանում դույլով, բերանն էլ փակել ես£

– Արա, որ պիտի ասեմ, բերանն ինչի՞ եմ փակել£

– Տեսա՞ր ինչ ասաց, – դառնալով ինձ, նեղացած ասաց Մխիթարը£– Գուցե ռումբ է մեջը, բա չիմանա՞նք ինչ է տանում£ Մի գրամ խելք չունեն, բայց սրամիտ-սրամիտ խոսում են£ Երեկ իրիկունը մտա բանջարանոց՝ մի երկու կարտոֆիլ հանելու, մեկ էլ տեսա՝ մեկը ծառերի ետևում բահով փորփրոմ է, նայեմ-տեսնեմ՝ մեր էս վերևի Վանոյի լակոտը, այ տղա, ասում եմ, էդ ի՞նչ ես անում, ասում է՝ կարտոլ եմ հանոմ, բայց, ախր, ասում եմ, էդ կարտոլի տերը ես եմ, ասում է՝ դե, որ տերը դու ես, օգնիր: Բա¯…էն օրն էլ տեսնեմ մեր էս հարևան Արտաշը, խելքից պակաս մեկն էլ դա է, բանջարանոցի խրտվիլակին գեղեցիկ շորեր է հագցնում, փողկապ է կապում, ասում եմ՝ հիմար հո չես, այ տղա, փողկապն ինչի՞ ես կապում, ասում է՝ խրտվիլակից վախեցող թռչուններին էլ պետք է հարգել: Սաղ գյուղով մեկ սրամիտ են: Ամեն գյուղում մի հիմար կլինի, բայց մեր գյուղում նրանց թիվը վերջերս շատացել է£ Խմողների թիվն էլ£ Չխմած՝ կատու են, խմած ժամանակ՝ առյուծ£ Դրանցից մեկն էլ հենց Արտաշն է£ Իր հիմարության պատճառով էն խեղճ Մանվելին երկու տարով ուղարկեցին Շուշի՝ բանտ£

– Մանվելն ո՞վ է£

– Սուրենի տղան£ Շոֆեր է£ Էս Սուրենը մի բարեկամ ունի Մարտակերտում, հերը մեռել էր, դե, գյուղացի մարդ՝ ի՞նչ պիտի տանի, ինքն էլ ուստա մարդ, ասում է՝ դագաղի հոգս չքաշեք, ես կբերեմ£ Չափսն էլ գիտեր, երևի ժամանակին աչքաչափով վերցրել էր£ Սարքեց, նախագահից թույլտվություն վերցրեց, տղայի՝ Մանվելի բեռնատարով տարավ£ Ներքևի գյուղերում սրանք շրջկենտրոն գնացող մի թուրք դասատու են վերցնում£ Բայց չեն ասում, որ թափքում դագաղ կա, էդ էլ դագաղ ու մեռելից սաստիկ վախեցող էշի գլուխ£ Որոշ ժամանակ անց սա հանկարծ նկատում է, որ դագաղի կափարիչը կամաց բարձրանում է ու էնտեղից մարդու մի ձեռք է դուրս գալիս£ Վախից էս դասատուն թափքից ցատկում, թավալվում է ճամփի փոշու մեջ, ոտուձեռը կոտրում£ Պարզվում է, որ գյուղում Էս ախմախ Արտաշն էլ է մեքենա նստել, իբր թե էլեկտրացանցում գործ ունի£ Ճանապարհին ուժեղ անձրև է սկսում, մտնում, առոք-փառոք պառկում է դագաղում, ձեռքը հանել է, որ տեսնի՝ կտրե՞լ է անձրևը£ Էրկու տարի տվին Մանվելին, կին ու երեխեք թողին անտեր® Բա, կոլխոզի ժողովում մեր էս բերանբաց Բենիկն ինչ ասի, որ լավ լինի, – շարունակեց Մխիթարը£– Ասում է՝ Սովետական Միությունում մենք հազիվ թե լավ ապրենք, միակ ելքն այն է, ասում է, որ Սովետական Միությունը պատերազմ հայտարարի Ամերիկային ու Չինաստանին, նրանք շատ են, մեզ կհաղթեն ու նրանց հաշվին մարդավարի կապրենք: Որոշեցի դրա սանձը ձեռքս հավաքել, ասում եմ՝ բա որ հանկարծ մե՞նք հաղթեցինք… Բերանը մնաց բաց, խոսք չգտավ, թե պատասխանս տա: Էդպես է, թողնես հակա-հակա խոսեն… Գիտե՞ս ես ոնց եմ ամուսնացել, – աշխուժացավ Մխիթարը£– Երևանից ուսանող տղերքը եկել էին արձակուրդի, ուզում էին քեֆ անել, ինձ ուղարկեցին էս կողքի գյուղը՝ Շահմասուր, մսացու գտնելու£ Տնետուն ման գալով հարցնում եմ՝ «Ծախու գա՞ռ չունեք»£ «Չէ»£ «Ու՞լ», «Չէ», «Գո՞ճի», «Չէ»£ Տեսնեմ մի տան պատշգամբում մի երկու աղջիկ ծիծաղելով զրուցում են£ Հարցրի՝ «Բա մարդու տալու աղջի՞կ»£ Ասացին՝ «Ունենք»£ Սաթիկի հետ էդպես ամուսնացա£