''Ես նրան խանգարում եմ,– մտածում էր կինը,– նա իմ պատճառով չի ամուսնանում։ Կհեռանամ, ինչո՞ւ խանգարեմ…''։ Նա մատներով հանդարտ շոյում էր տղայի դեմքը, մատները երկար պահում էր տղայի տաք շուրթերի վրա։

–Իսկ դու նրան սիրո՞ւմ ես (տղայի խոսքը կնոջ ամուսնու մասին էր)։

–Չգիտեմ,– հանգիստ ասաց կինը։– Մինչև քեզ՝ թվում էր այո։ Իսկ հիմա չգիտեմ։ Ինքը ինձ սիրում է։ Դա նրան կուրացնում է և մտքով անգամ չի անցնում, որ ես կարող եմ դավաճանել նրան, սիրել ուրիշի։ Մեզ մոտ, տպարանում, գիտեն, որ ես սիրում եմ քեզ։ Քո ինչ-որ մի գիրք աղջիկներից մեկը գտավ ինձ համար։ Այնտեղ, տպագրական մեքենաների աղմուկի մեջ, ես քո մասին եմ մտածում, ճանապարհին, ավտոբուսում, քո մասին եմ մտածում… Իսկ նա կարծում է, թե ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ։

–Բաժավիր, – հենց այնպես ասաց տղան։

–Իսկ հետո՞։

–Միասին կգնանք ուրիշ քաղաք:

Կինն իհարկե, հասկանում էր, որ այդպես լինել չի կարող։ Հիմա նա այդ բառերն ասում է, ճիշտ է, բայց չի լինի։ Դա չի լինի։ ''Իմ և նրա միջև անդունդներ կան: Նա հիմա դա չի հասկանում''։ Այդ մասին էր մտածում կինը, սակայն ուրիշ բան ասաց.

–Նա առանց ինձ չի կարող։ Նավթային ինժեներ է, ծովում է աշխատում։ Երբեմն երկու շաբթով չի գալիս։ Ու այդ ընթացքում տասը-տասնհինգ նամակ է գրում։ Դու դա պատկերացնո՞ւմ ես։ Ընկերուհիներս երևի նախանձում են, չհասկանալով, որ ուրիշի կյանքը միշտ էլ գրավիչ է թվում ուրիշին, բայց ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ: Իմ ծանոթներից մեկը ճիշտ է ասում, որ ուրիշի կյանքը ուրիշի պատուհանի է նման, որովհետև, եթե նույնիսկ այնտեղ, պատուհանագոգին ծաղիկներ են, դա դեռ չի նշանակում, թե ներսում դրախտ է: Ես գիտեմ,– շարունակեց դառնագին,– նա կխելագարվի… Իսկ երեխաները…– Կինը մի պահ լռեց։ – Չէ, էլ չենք հանդիպի, վերջին անգամն է սա։

Նրանք մոտ էին և անդորր էր։ Եվ ջրերը ծփում էին, մեղմիվ շառաչում էին։ Եվ հորիզոնից– հորիզոն ձգված էր ծովը, ծովը սև, համատարած ցել էր թվում, ցելը փայլկտում էր աստղալույսի տակ։ Եվ լուսինը, որ նոր էր ելել ծովի այն կողմից, արահետ էր ձգել սև ցելերի վրայով։

–Երանի չհանդիպեինք,– լռությունը խախտեց կինը։– Այնպես հեշտ էր ապրելը։ Շատ եմ մտածել այդ մասին։ Ինչո՞ւ հանդիպեցինք։ Հիշո՞ւմ ես մեր հանդիպումը ընկերոջդ տանը։ Երբ մենակ էինք։ Հիշո՞ւմ ես։

–Այո։

–Հետո ես լաց եղա… Ախր, ես այդպես չէի ուզում… Պարզապես չէի հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ. Ես կարծես թե ես էի, ու՝ ես չէի…

–Հետո նստել էինք իրարից հեռու,– հիշեց տղան։– Ես քեզ չէի բռնել, չէի պահում, իսկ դու շարունակ ասում էիր. ''Թող ինձ, թող գնամ''։ Ու չէր գնում։

–Չէի կարողանում։ Եթե կարողանայի, կգնայի։ Չէի մնա։ Թվում էր՝ տարիներ շարունակ որոնել էի քեզ ու գտել. Վախենում էի մի քայլ անգամ անել ու կորցնել… Թեկուզ ներքուստ անհանգիստ էի, ինչ-որ բանից վախենում էի, թե հատկապես ինչից՝ չէի հասկանում։ Բայց չէի գնում։Հիմա եմ հասկանում, որ ինձանից էի վախենում… Այս օրից… Եթե այն ժամանակ բաժանվեինք, հեշտ կլիներ…

Տղան լուռ էր։ երկար քայլեցին՝ ջրերի ճողփյունը ականջներում։ Ալիքները շարունակ խշշում էին։

Կինը նայեց ժամացույցին։

–Ուշ է,– շշնջաց նա։ -Գնանք… Հիմա կինոյից տուն կգան, պետք է ընթրիք տալ նրան…

Տղան նայեց նրան։

–Մի վիրավորվիր… Նրան ո՞վ պիտի ընթրիք տա։

Նա մոլեգնորեն նորից գրկեց կնոջը, համբուրեց նրա տաք, անհնազանդ շուրթերը։

Քիչ առաջ տղան ավազի վրա գրել էր.

''Ես խելացնոր կերպով սիրում եմ քեզ''։ Մազերը կարգի բերելիս, կինը տեսավ , որ ալիքը եկել, տարել է տղայի գրածը։

–Ամեն ինչ այսպես է,– տխուր ասաց կինը,– Կա ու չկա։– Հետո նայեց դեպի ծովը։ Ծովը խաղաղ էր, հանդարտ։ Նայեց ժայռակերպ սալ քարերին, հայացքով չափեց ծովափը, նայեց ժայռերին։ Այստեղ ամեն ինչ հարազատ էր նրան, և հիմա ինքը բաժանվում էր այդ բոլորից։ Կինը նայում էր տխրամած, ասես այստեղ նրա ողջ կյանքն էր անցել, և հիմա ընդմիշտ բաժանվում էր դրանից։

Քարքարոտ նեղ արահետով սկսեցին բարձրանալ դեպի ավտոբուսի կանգառ։ Օդում սև չղջիկներ կային։ Չղջիկները պտտվում էին նրանց գլխավերևը, թափով իջնում էին, քիչ էր մնում թևերով դիպչեին նրանց։