– Ես սիրում եմ քեզ,– շշնջաց տղան, համբուրելով կնոջ կիսաբաց մեղուշ շուրթերը։ Տղայի շուրթերը պինդ էին, ձեռքերն ուժեղ էին, և գիրկը տաք էր, և կնոջ համար աստղերը երկնքում շաղ էին գալիս, թափվում ծովը… Եվ նա՝ հուզախռով ու արցունքացոլ աչքերով, կրկին ու կրկին հիշեց իրենց հանդիպումն ընկերոջ բնակարանում ու իր մարող շշուկով ասված խոսքերը՝ «Ոչ, ոչ, չհամարձակվեք, չհամարձակվեք», որը «Բոլերոյի» ահագնացող երաժշտության տակ միայն իրեն՝ կնոջն էին լսելի: Բայց դա նույնիսկ դիմադրության փորձ չէր, այլ բնազդային ինքնապաշտպանության նվաղ դրսևորում, իսկ տղան, բուռն կրքից շնչահեղձվելով, ինչպես կատաղի անսանձ հովատակ, այնպիսի մոլուցքով տիրեց նրան, որ հառաչի հետ միասին ասես կանգ առավ իր շնչառությունը… և նա՝ անկամ ու նվաճված, չհասցրեց անգամ մտածել դիմադրության մասին:

Կինը՝ հայացքը անխռով ծովին, նախատում էր ինքն իրեն, որ արժանապատվություն չունի, այնտեղ, ընկերոջ բնակարանում տրվեց նրան ու տրվում է այստեղ, ավազների մեջ ու այս լերկ քարերի վրա…

…Նրանք նստել էին սալ քարերին, երազել էին, ճայերը պտտվել էին նրանց գլխավերևում, կարոտով կանչել էին, ջրերի վրայով սահել էին՝ ճերմակ փետուրները ջրերի կապույտին քսելով, իրենք նայել էին։ Լողազգեստով պառկել էին քարերին ու վազվզել տաք ավազների մեջ, ու միշտ էլ կինը մտածել է այն մասին, որ պետք է բաժանվեն, այդպես անհնար է շարունակել։ Ի՞նչ իրավունքով և մինչև ե՞րբ։

– Ես քեզ չեմ մեղադրում,– խոսեց կինը։– Ես եմ մեղավորը։ Նման հարցերում կանայք, միայն կանայք են մեղավոր։

– Փոշմանե՞լ ես։

–Փոշմանե՞լ։– Կինը մի պահ խորհում էր, հետո ասաց վճռական։– Ոչ։ Ափսոսանքը՝ դա անիմաստ զգացմունքայնություն է: Միակ բանը, որ կարելի է ափսոսալ կյանքում, դա այն է, որ դու ուշադրությամբ ու հոգատարությամբ ես շրջապատել նրանց, ովքեր դրան արժանի չէին: Հենց դրա համար էլ անիմաստ է ափսոսալը, որովհետև անօգուտ է, զուր տեղն ինչո՞ւ ափսոսալ, միևնույն է, այն, ինչ եղել է, վերադարձնել, ուղղել արդեն անհնարին է… Ինքս էլ չգիտեմ ինչպես ստացվեց այս ամենը։ Անուշ երազ էր սա։ Եվ հիմա պիտի ընդհատվի այդ երազը։ Չեմ փոշմանել ու երբեք չպիտի փոշմանեմ։ Պարզապես ինձ համար ապրում էի։ Եվ երջանկությունը, թվում էր, հենց այդ է, որ կար։ Ուրիշ երջանկություն չի լինում։ Դու ամեն ինչ տակնուվրա արեցիր։ Բայց դու մեղավոր չես բնավ։ Ես այն չեմ մտածում, ինչ ասում եմ։

–Իհարկե, դու ես մեղավոր։ Ինչո՞ւ շուտ ամուսնացար։ Չէի՞ր կարող սպասել։

– Եթե իմանայի, որ պիտի հանդիպեմ քեզ… Հարյուր տարի կսպասեի… Բայց դու ինձ չէիր առնի։

– Ինչու։ Կառնեի, ազնիվ խոսք կառնեի։ Ուրեմն դու կասկածո՞ւմ ես, որ քեզ սիրում եմ։

– Չեմ կասկածում։ Երբեմն նույնիսկ ինձ այնպես է թվում, թե դա է ինձ պահում։ Ուր էլ լինեմ, մտածում եմ այն մասին, որ դու կաս, որ երբ ուզենամ՝ կարող եմ զանգել քեզ և թեթևություն եմ զգում դրանից։

– Իսկ հետո ես կամուսնանամ, և դու կմոռանաս ինձ,– հայացքը ջրերին, անբռնազբոս ասաց տղան։– Բոլորովին չես էլ հիշի։

Կինը հանկարծակի նայեց նրան։

– Լռիր, աղաչում եմ… Այդ ինչե՞ր ես խոսում…

Տղան ցանկացավ գրկել կնոջը։

Կինն իբր վիրավորվել էր, իբր չէր ուզում, որ տղան գրկեր իրեն, համբուրեր, նա դեմքը այս ու այն կողմ էր փախցնում, սակայն տղան զգում էր, որ կինը երկարաձգում է հաճույքը, նա ավելի ուժգին սեղմեց նրան, շուրթերով գտավ բերանը… Տղան միշտ մոլեգին էր, դա դուր էր գալիս կնոջը, շուրթերը պինդ էին. դա դուր էր գալիս կնոջը… ''Սիրելիս, սիրելիս, սիրելիս,– հևոցով շշնջում էր տղան,– Ես սիրում եմ քեզ, մի՞թե կասկածում ես''։

… Տղան հոգնած պառկել էր ավազին, դեմքը դեպի երկինք։ Կինը նստել էր նրա կողքին, ձեռքերով գրկել ծնկները

– Ես ճիշտ չէի ասում,– խոսեց տղան։ – Կատակում էի, ինձ թվում է, ես արդեն ոչ ոքի սիրել չեմ կարող… Երբ դու իմ կողքին ես, շուրջն իմ այլևս ոչինչ չեմ նկատում, այլ պարզապես զմայվում, գերվում, հպարտանում եմ քեզանով ու քո սիրով: Աշխհարիս երեսին յոթ հրաշքլիք կա, բայց կա մեկը ևս, ութերորդը, դու ես այդ ութերորդ հրաշալիքը՝ ամենից էկզոտիկն ու ամենից գեղեցիկը… Պիտի ամուսնանամ,– կրկնեց նա,– բայց ինձ թվում է, որ իմ և նրա միջև պիտի լինես դու… Ես նրա մեջ պիտի որոնեմ քեզ ու չպիտի գտնեմ … Ես դա գիտեմ…