Սիրտս ճմլվեց. մոտեցա նրան ու ամուր գրկեցի: Ես էլ կուզեի որևէ բան նվիրել, բայց մոտս ոչինչ չունեի: Մենք դուրս եկանք տնից, ու նստեցի հեծանիվիս ղեկին:

–Նեղացած չես, չէ, ինձնից?-տխուր հայացքով հարցրեց Ամելին,-ես մտածեցի քեզ դուր կգա, դու առաջին մարդն էիր, ում ցանկացա համբուրել: Կներես:

Ուզում էի ինչ-որ բան ասել, որը նրան կստիպեր լավ զգալ, բայց, չգիտես ինչու, լռեցի ու առանց հրաժեշտ տալու` տուն վերադարձա…


2005 թվական, օգոստոսի 28

Հենվել եմ ցանկապատին ու հափշտակված նայում եմ Ամելիին: Նա չի կարող նկատել ինձ, որովհետև թփերը ծածկում են մարմինս: Մեր համբույրից հետո խուսափում եմ նրանից, բայց թաքուն հետևում եմ: Ամեն առավոտ գալիս է, կանգնում մեր ցանկապատի մոտ ու անունս տալիս, բայց ես միշտ քնած, սոված, զբաղված, հոգնած եմ ձևանում ու մայրիկին խնդրում, որ փոխանցի: Նա լուռ հեռանում է, բայց հաջորդ օրը նորից հայտնվում: Հակասական զգացմունքներ ունեմ նրա հանդեպ. համ սիրում եմ, համ`մի տեսակ վախենում: Նա ինձ այնպես չի սիրում, ինչպես ես`իրեն, ու դա է վանում ինձ:

Արդեն երեք ժամ է` հետևում եմ, թե ոնց է բակում կոնֆետ պատրաստում: Նա գդալով վերցնում է մուգ վարդագույն քաղցր զանգվածն ու լցնում սրտաձև փոքրիկ ամանների մեջ:

–Լիլի, արի իրերդ հավաքիր-լսվեց մայրիկի ձայնը, ով մեր տարածքի մյուս ծայրից կանչում էր ինձ:

Ամելին սթափվեց իր մտքերից ու շուրջը նայեց`ասես հույս ունենալով, որ մոտակայքում եմ, իսկ ես, հարմար առիթ գտնելով, դուրս եկա թաքստոցիցս ու ոտքերիս ծայրերի վրա քայլեցի դեպի տուն:


*

Մեր ամբողջ ընտանիքը, բացի տատիկից ու պապիկից, տեղավորվել է հայրիկիս դեղին մեքենայի մեջ. Փարիզ ենք մեկնում:

Երբ դուրս եկանք մեր ամառանոցից ու անցնում էինք Ամելիենց տան մոտով, նա անսպասելի հայտնվեց ճանապարհի վրա ու ափը թափ տվեց, ինչը նշանակում էր, որ ուզում է`կանգ առնենք: Հայրիկն ըստ երևույթին ճանաչեց նրան ու ընթացքը դանդաղեցրեց:

–Լիլի, գնա հրաժեշտ տուր ընկերուհուդ, միայն արագ:

Ես իջա մեքենայից ու մոտեցա Ամելիին: Քիչ մնաց սիրտս հուզմունքից տեղից դուրս թռչեր, երբ նրա ձեռքին տեսա սրտաձև կոնֆետները`փայլփլուն թղթերի մեջ: Միթե դրանք ինձ համար էր առավոտից պատրաստում?

–Բարև,-տխուր ժպտաց նա:

–Դու գիտեիր, որ այսօր եմ մեկնում?

–Հա, կեսօրին տեսա տատիկիդ, իմացա:

–Կներես, որ չեկա հրաժեշտ տալու, շատ էին գործերը, պիտի օգնեի ծնողներիս:

–Վերցրու սա,-նա ինձ մեկնեց կոնֆետների գեղեցիկ տուփը,-քեզ քաղցր ճանապարհ եմ մաղթում:

Ես վերջին անգամ ամուր գրկեցի նրան ու առանց ետ նայելու`վազեցի դեպի մեր մեքենան…վեց ժամից Փարիզում կլինեմ…


2005 թվական, նոյեմբերի 24

Կեսգիշեր է: Մայրիկս մատիտով բարակ գծեր է քաշել տողի վերևում ու ներքևում, որ տառերի մասնիկները շարեմ: Ամեն անգամ, երբ ծուռ, թերի կամ տգեղ եմ գրում, տետրի էջը պատռում է, ու ստիպված եմ լինում նորից սկսել: Ախր, ես գրել-կարդալ վաղուց գիտեմ, կարողանում եմ մտքերս թղթին հանձնել, ուստի չեմ հասկանում` ինչ պարտադիր է, որ իդեալական լինի շարածս ամեն տառը, այն էլ միանգամից: Միևնույն է` հետագայում ուզած-չուզած այլանդակվելու է ձեռագիրս: Մայրս ուզում է, որ անթերի լինեմ ու ամեն բան կատարյալ անեմ: Ես զրկված եմ սխալվելու իրավունքից: Օրվա ընթացքում բացի դասից ուրիշ ոչնչով չեմ հասցնում զբաղվել, որովհետև այնքան եմ ստիպված լինում գրքերի ու տետրերի առաջ նստել, մինչև կատարելության հասցնեմ բոլոր տնայինները: Քնել եմ ուզում…հոգնել եմ…


2006 թվական, մարտի 16

–Մամ, խնդրում եմ, կներես ինձ…

Նստած եմ լոգարանի հատակին`մեջքս հենած կողպված դռանը: Մայրս փակել է ինձ այստեղ, լույսն անջատել վրաս ու հյուրասենյակում հեռուստացույց է դիտում: Ես սարսափելի վախենում եմ մթությունից, արդեն մի ժամ է`լացելով աղերսում եմ նրան, որ բացի դուռը կամ գոնե լույսը վառի, բայց նա ինձ չի լսում:

Այսօր երկու էի ստացել մաթեմատիկայից, ստիպված պատռել էի օրագրիս էջը, որ ծնողներս չտեսնեին, բայց ուսուցիչս զանգել էր նրանց ու մի լավ բողոքել ինձնից` պատմելով նաև ստացածս երկուի մասին: Մի խոսքով, պատժված եմ: