Ձմեռային օրերին ես սպասում եմ, մինչև պապիկը աշխատանքից վերադառնա, կերակրի կենդանիներին, իսկ դրանից հետո նա իմ տրամադրության տակ է: Մենք հարմար տեղավորվում ենք վառարանի մոտ, ու ես խնդրում եմ նրան ինձ համար գիրք կարդալ: Մեկ-մեկ տրամաբանական խնդիրներ ենք լուծում, բայց ես շատ արագ ձանձրանում եմ: Տանել չեմ կարողանում մաթեմատիկան:


2005 թվական, օգոստոսի 20

Մեր տարածքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գետ է հոսում: Գնում եմ լողալու: Տատիկը հետս խաշած ձու, հաց, պանիր, լոլիկ, թխվածք ու հյութ է դրել, որ սոված չմնամ: Թաքուն լուցկի, հում միս, բանջարեղեն, փամփուր ու սուր դանակ եմ վերցրել: Իսկական խնջույք եմ կազմակերպելու ինձ համար:

Երբ ափ հասա, նկատեցի, որ այնտեղ մի աղջիկ է նստած: Նա կիսամերկ է`փաթաթված սրբիչի մեջ.երևի նոր է դուրս եկել գետից:

–Բարև,-մոտենալով`ողջունեցի ես,-սառն է ջուրը?

–Հա: Անունդ ոնց է?

–Լիլի:

–Իմը`Ամելի:

–Հաճելի է, քանի տարեկան ես?

–Տասներեք:

Ես սրբիչս փռեցի ափին, որ արևը տաքացնի, ու գետը մտա: Մարմինս սուզեցի ջրի մեջ, որ միանգամից վարժվեմ սառնությանը: Հետո քայլելով խորը տեղ գնացի: Գետը գոտկատեղիցս մի քիչ վերև է: Նետվեցի ջուրը, ու մի քանի վայրկյան կարողացա մակերևույթին մնալ, հետո ալիքը քշեց ինձ, և ստիպված եղա քարերից բռնվելով ոտքի կանգնել: Քսան րոպեն հերիք էր, որ կշտանայի լողալուց, որովհետև իրականում շատ դժվար էր հոսանքին հակառակ շարժվելը: Հաճելի էր միայն ջուրը նետվելու պահը, մեկ էլ երբ ալիքի ուղղությամբ ետ էի վերադառնում:

Ափ դուրս գալով`փաթաթվեցի տաք սրբիչի մեջ ու որոշեցի հաց ուտել: Տոպրակից հանեցի բոլոր ուտելիքներն ու շարեցի կտորի վրա, որը բերել էի տնից:

–Կրակ վառենք?-առաջարկեցի ես:

Ամելին համաձայնության նշան արեց, ու մենք սկսեցինք փայտեր հավաքել: Ափի վրա լիքը ծառեր կան, ու շատ հեշտ էր չոր ճյուղեր գտնելը: Մազերիցս ջուր է կաթում ու թրջում լուցկիները, դրա համար որոշեցինք, որ Ամելին կրակ վառի, իսկ ես խորոված անեմ: Հայրիկիցս սովորել էի, թե ինչպես համեմել միսն ու կարտոֆիլը, ուստի որևէ դժվարություն չտեսա դրա մեջ:

Միսը ոչ այնքան մեծ կտորների բաժանեցի, կարտոֆիլը վերածեցի շերտերի, հետո համեմեցի ու շարեցի ունեցածս միակ շամփուրի վրա: Այն բավականին երկար է ու ծանր:

–Բեր այստեղ,-կանչեց Ամելին:

Մոտեցա կրակին ու շամփուրը դրեցի մեջը: Օդում ախորժելի բույր տարածվեց: Մենք նստեցինք կողք-կողքի, որ հետևենք խորովածին: Ես ձեռքի հետ սոխ ու կանաչի եմ կտրատում, որ լցնեմ մսի վրա: Հայրիկս այդպես էր անում, կարծեմ:

–Դպրոց գնում ես?-խոսակցություն սկսեցի ես:

–Գյուղում այս տարի է միայն դպրոց բացվել, սեպտեմբերից կգնամ: Իսկ դու?

–Ես ծնողներիս հետ Փարիզ եմ վերադառնում մի քանի օրից, որ այնտեղ առաջին դասարան նստեմ:

–Քաղաքում ես ծնվել?

–Հա, մի տարեկան էի, երբ գյուղ տեղափոխվեցինք:

–Ուրախ ես?

–Չգիտեմ, ինձ այստեղ շատ է դուր գալիս, բայց լավը միշտ համեմատության մեջ է երևում:

–Դու հայրիկ ունես?-անսպասելի հարցրեց նա:

Դեմքս սկսեց զարմանք արտահայտել:

–Հա,-կմկմացի ես,-ինչու?

Ամելիի այտերին արցունքներ հայտնվեցին: Նա մատներով սրբեց աչքերն ու հայացքը հառեց գետի ջրերին: Ես հասկացա նրա տխրության պատճառն ու գրկեցի:

–Մի լացիր, խնդրում եմ, մարդն առանց իր ծնողների էլ լիարժեք է ու կարող է կյանքում հաջողության հասնել:

Ինձ համար շատ ծանր էր խոսելը, միևնույն է`ես երբեք չեմ եղել այդ աղջկա տեղում, հետևաբար չեմ կարող հասկանալ, թե ինչ է զգում, ավելի լավ է փոխեմ խոսակցությունը, որ չխորանա բացասական զգացմունքների մեջ:

–Ինձ հյուր կգաս այսօր?

Նրա դեմքին ժպիտ հայտնվեց:

–Հա, հետո էլ մեր տուն կգնանք:

Խորովածն արդեն պատրաստ է: Մենք ափից լաթի կտոր էինք գտել, դրանով կրակից վերցրինք տաք շամփուրն ու դրեցինք քարերի վրա:

Որոշեցինք մի քիչ լողալ, որ ախորժակներս բացվի: Ջուրն ավելի տաք թվաց, քան առաջին անգամ էր: Ես նկատեցի, որ Ամելին գեղեցիկ է: Նա կապույտ աչքեր ունի, շեկ խուճուճ մազեր, ոչ այնքան նիհար, բայց սլացիկ մարմին, սպիտակ մաշկ: Արտաքինով նա իմ հակապատկերն է, բայց մոտս հիացմունք է առաջացնում: Մենք մոտ տասնհինգ րոպե ջրում մնացինք, հետո որոշեցինք հաց ուտել ու մեր տուն գնալ, որ մինչև մթնելը ժամանակ ունենանք խաղալու: Դուրս եկանք ափ ու նստեցինք ուտելիքների մոտ: Շամփուրի վրայից հանեցինք մսի ու կարտոֆիլի կտորները, որոնք հասցրել էին սառել: