* * *
Երբ կործանվեց Լուսավոր ապագայի երկիրը, «երբ դարաշրջանն էին թաղում», ես այնտեղ էի, մեծ կայսրության մայրաքաղաքում:
Միշտ չէ, որ կայսրության կործանում կտեսնես, դրա համար անհրաժեշտ է, որ երկու ձախորդություններ համընկնեն՝ քո և կայսրության:
Փողոցները մայրաքաղաքում, չգիտես ինչու, դատարկ էին, բայց ամենուրեք շատ թուղթ կար, որ քշում ու տանում էր քամին:
Այդպիսի դեպքերում, դեռևս Ժողովողի ժամանակներից, միշտ հայտնվում են քամիները, որ փլուզումներն ուղեկցեն ու ողբան ավերակների վրա:
Կարծես թե մարդիկ ընդմիշտ լքել էին հսկայական քաղաքը, իսկ քամին տանում, պտտեցնում ու ետ էր բերում թղթերը՝ խոսքեր, ճառեր ու մեծ-մեծ մտքեր, այլևս դատարկ ու անիմաստ, քշում, տանում էր քամին ու կորցնում էր փոշիների մեջ՝ ևս մի անգամ հաստատելու համար աշխարհի ու մարդկային գործերի ունայնությունը:
Կայսրությունները մարդկանց նման հանկարծամահ չեն լինում,երևի մարդիկ էլ չեն լինում, այդպես թվում է միայն: Ինչ որ երևում է, ինչ որ կարելի է տեսնել, թաղման արարողությունն է, նրան նախորդում են տանջալի հոգեվարքն ու մահը: Իսկ թաղումից հետո սկսվում է թալանը, բոլորը թալանում են պետությանն ու իրար, ապա, դոմինոյի օրենքով, փլուզումները շարունակվում են մարդկանց հոգիներում՝ բերելով ցավ ու հիասթափություն: Դրանք ոչ չափում են, ոչ էլ կշռում, ինչպես որ ոչ ոք չի կշռում մառախուղը սարերում կամ էլ չի հաշվում հողմահալած տերևները անտառներում:
Մեծ քաղաքականությունը տեսնում է միայն մարդկային մեծ զանգվածներ և մեծ տարածություններ:
Ի՞նչ է յոթանասուն տարին հավերժության համեմատությամբ: Մոտավորապես այդքան կյանք ունեցավ մարդկությանը կոմունիստական երջանիկ ապագա խոստացող երկիրն ու կորավ: Վերացավ ու դարձավ ոմանց համար ցավագին ցնորք, ուրիշների համար՝ լուսադեմի ցանկալի երազ և կամ մղձավանջ, որ հայտնվում է, ինչպես բանաստեղծուհին է ասում, «որպես ջրահեղձի դիակ գարնանային գետում»:
* * *
Աշխարհը լիքն է գեղեցկություններով՝ անտառներ, հարթություններ, ծովեր ու անապատներ, սակայն նրանք վախ են առաջացնում իրենց անսահմանությամբ: Միայն լեռներն են բարձրացնում ու վեհացնում մարդուն:
Օրհնյալ են լեռները, նրանք շատ վաղուց պաշտվել են իբրև սրբազան տարածություն, իբրև ճանապարհ դեպի երկնային լույս ոլորտները:
Ասում են Աստված գթասրտորեն պարգև է տվել լեռները մարդուն, որպես հեռավոր նմանություն այն կորուսյալ աշխարհի, որ գոյություն ուներ նրա անկումից ու մեղքից առաջ: Ահա թե ինչու այնպես կախարդում է լեռների ոգին, ահա թե ինչու այն չքնաղ աշխարհի անքուն կարոտը լեռների տեսքով հմայում ու կանչում է միշտ մեղավոր մարդու թափառող հոգուն:
Եղել է մի կրոն Հին Պարսկաստանում, Սպիտակ լույսի կրոն է կոչվել, նրա հետևորդները լեռներն են պաշտել: Նրանք չարիք են համարել խավարն ու սուտը և նրանց հակադրել են լույսն ու լեռները:
Փակ աչքերով ես տեսնում եմ իմ լեռները, ամբողջ լեռնապարն ու պարագիծը իր գագաթներով, հորիզոնի բոլոր գծերն Աբուլից մինչև զույգ Կուրգանները, մինչև իմ պարականոն կարոտի սահմանները:
Անգամ փակ աչքերով ու մանկությունից սովոր շարժումներով ես կարող եմ ուրվագծել իմ լեռներն անսխալ կերպով:
Ոչինչ չի կարող փոխարինել նրանց իմաստուն լռությանն ու խաղաղությանը, ոչինչ չի կարող համեմատվել նրանց արևածագի ու մայրամուտի գեղեցկության հետ:
Որպես «ադաջիո գրացիոզո», դանդաղ ու հանդիսավոր բարձրանում է արդար արևը լեռներում՝ աշխարհը ողողելով լույսի բարությամբ, իսկ մայրամուտներն իրենց թախծոտ վեհությամբ հաշտություն են բերում խռովահույզ հոգուն:
Մայրամուտից առաջ լեռները տուն են կանչում, դեպի իրենց գիրկը:
* * *
Լինում են մարդիկ ժամանակի հատուկ, հիվանդագին ընկալմամբ: Դժբախտաբար, ես էլ եմ պատկանում նրանց թվին:
Այդպիսի մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում ժամանակի զանազան հիվանդություններով՝ սպասում, կարոտ, ափսոսանք կամ զղջում: Նրանք ցավով տեսնում են այն, ինչ ուրիշները առօրյա կյանքում սովորաբար չեն նկատում՝ ժամանակի անդառնալի հոսքը, տեսնում են, թե ինչպես ժամանակը կողոպտում, տանում է ամեն ինչ, ինչպես անդարձ կորչում ու հեռանում է այն ամենը, ինչ թանկ ու սիրելի է: Նրանց տառապանք են պատճառում անգամ բառերը՝ հավիտյան, ընդմիշտ, երբեք…