Ինձ նրա տասնհինգ կոպեկը հարկավոր չէր, բայց նման բան ասել, նշանակում էր նոր պատերազմ։

– Գնացի՛նք, – ասաց նա։

– Ո՞ւր, – չհասկացա ես։

– Գնացինք։ Հիմա կտեսնես, թե տասնհինգ կոպեկով ինչպե՞ս եմ կարողանում վաթսուն կոպեկանոց ծխախոտ ստանալ։

– Ինչպե՞ս, – հարցրի ես։

– Կտեսնե՛ս։


Մենք դուրս եկանք փողոց։ Առավոտից անձրև էր մաղում՝ ոչ այն անձրևներից, որոնք ստիպում են անհապաղ վազել և շտապ կերպով որևէ թաքստոց կամ ծածկ գտնել գլխավերևում՝ ծայրահեղ դեպքում հովանոց ծածանել, թեև իմ բնակելի միջավայրում, մենակ տղամարդը` հովանոցով, առանց կնոջ, որի առկայությունը տղամարդուն թույլ է տալիս ձեռքում հովանոց պահել՝ բացառապես տիկնոջ գլխին, կամ հովանոցի թույլատրելի չափսերի դեպքում՝ նաև լինել համատեղ ընդհանուր ծածկի տակ, և ոչ մի դեպքում այլ կերպ՝ դա վատաբարո, անվայելուչ տեսարան է։ Այս կողմերում մարդիկ ծնվում և մահանում են իրենց նախապաշարմունքներով և սնահավատությամբ, իրենց պատվի և արժանապատվության օրենսգրքով, որը ոչ մի տեղ գրված չէ, բայց հայտնի է ծննդյան օրից ի վեր, և անհետանում, թողնում է քեզ լիովին, երբ ազատվում ես այդ համընդհանուր օրգանիզմից, նույնաձև, ինչպես երամի յուրաքանչյուր թռչուն, որը միայնակ՝ երամից զատ, երբեք չգիտի չուի ճանապարհը։

Դիմացի կինոթատրոնի նախասրահում, ավտոմատ խաղեր էին տեղակայված։ Կինոթատրոնում ինչ-որ արևմտյան ֆիլմ էին ցուցադրում, և հոծ բազմությունը` խռնված տոմսարկղերի առջև, գոռում-գոչյուններով և ձեռքից ձեռք թռցնելով կանաչ տոմսակները, անխնա իրար հրում-հրմշտում էր։ Ձեռք բերած տոմսերով, հարկավոր էր ձախ և մի փոքր վեր բարձրանալ աստիճաններով, այնուհետև այն ներկայացնել ավտոկանգառի պահակատուն հիշեցնող, փոքրիկ սենյակում նստած ստուգող-հսկիչին, ու նոր միայն… սակայն վերջինս, անվրդով ունկնդրում էր գոռգոռացող և թևի ժամացույցը շեշտող մորուքավոր երիտասարդի խռպոտ, անկանոն բացականչությունները։ Խոսակցության բեկորներից հասկացվեց, որ մորուքավորին ոչ թե ֆիլմն էր հետաքրքրում, այլ ներսում գտնվող զուգարանը, որն այցելելուց հետո, կարելի էր անարգել թափանցել կինոսրահ և անխռով դիտել ցուցադրվող ֆիլմը, այդ իսկ պատճառով շեշտում էր ձեռքի ժամացույցը` որպես գրավական, սակայն հսկիչը համաձայն չէր՝ ըստ երևույթին փչացած ժամացույց էր։ Ըմբռնելով իրավիճակի անելանելիությունը` երիտասարդն արագորեն հանեց մաքուր, կոկիկ արդուկած թվիդե բաճկոնն ու, նետելով հսկիչին, ուժով ներս խցկվեց։ Հսկիչը փորձեց վազել նրա ետևից, բայց իրավիճակից կարող էին օգտվել ուրիշները, և թվիդե բաճկոնն էլ կարծես վատը չէր։

Դիմացի պատին մոտիկ, որտեղ ճանաչված դերասան-դերասանուհիների գունավոր նկարներն են փակցված, ապակեպատ, թափանցիկ մի արկղ էր տեղակայված, որում գտնվող զանազան իրերը, կարելի էր դուրս կորզել տասնհինգ կոպեկանոց մանրադրամի ծախսումով։ Դանիելյանը փող մանրողին ցույց տվեց բռան մեջ շիկացած տասնհինգ կոպեկանոցը` հասկացնելով, որ մանրելու կարիք չունենք։ Դիմացի երիտասարդն այնպիսի հայացքով նայեց վրաս, կարծես ամեն ոք, ով մուտք է գործում այս տարածք, պետք է ամպայման ծանոթ լինի իրեն։ Դանիելյանն անխռով մոտեցավ արկղին, գցեց մանրադրամը, ապա սեղմելով կոճակը, սևեռուն կերպով սկսեց կառավարել մագիլներ հիշեցնող բռնակը։ Նրա բռնակը շատ դանդաղ առաջ էր գնում, հետո կանգնում ու նորից շարժվում էր ցանկալի ուղղությամբ։ Այդ ավտոմատում նման բան բացառված էր ի սկզբանե, բայց նա, ինչ-որ անհասկանալի, մոգական ուժով, կարողանում էր շրջանցել այդ արգելքը։ Ես զարմանքով նայում էի նրան, իսկ նա ուշադիր կենտրոնացած էր ծխախոտատուփի ու մեկ էլ բռնակի վրա։ Նա բռնակն իջեցրեց ուղիղ այնտեղ, ուր իրար կպած երկու ծխախոտատուփ էր տեղադրված։ Մագիլները ճանկեցին երկուսն էլ ու շարժվեցին դեպի արտաքին դուռ ունեցող պահարանը, որը բացելուց հետո ծխախոտը մերն էր, բայց կես ճանապարհին մեկը վայր ընկավ, իսկ մյուսը բարեհաջող տեղ հասավ։

– Թո՜ւհ, ես քո, – բացականչեց նա, ապա ավելացրեց, – ոչի՛նչ, մեկն էլ բավական է։