– Ինչի՞ մասին ես մտածում, – երկար լռությունից հետո, հարցրեց նա։

– Ոչ մի առանձնահատուկ բան, հենց այնպես, – պատասխանեցի ես:

– Ես զգում եմ, որ դա «հենց այնպես» չէ, ասա՛։

– Կարծում եմ` պետք չէ՛։

– Պե՛տք է։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան քեզ տանջում է, տագնապեցնում, ասա՛, ազատվիր նրանից, – պնդեց նա։

– Չգիտեմ` ինչպե՞ս ձևակերպել, – ասացի ես։

– Խոսիր ուղիղ, ինչպես որ կա։ Միշտ էլ նախընտրելի է ճշմարտությունն ասել, որպեսզի խուսափես ստի մեջ թաթախվելուց և չտանջվես ժամանակի ընթացքում՝ հիշելով, թե ինչպե՞ս ես ստել, քանզի սուտը, հավատա ինձ, սովորություն ունի` վաղ թե ուշ ջրի երես դուրս գալու։

Ես երկար մտածում էի, ասե՞մ, թե՞ չասեմ: Հետո, իհարկե, ես զղջացի այդ մասին` համարելով բոլորովին անիմաստ և հիմար գաղափար, բայց մյուս կողմից, պետք էր ինչ-որ կերպ նշել իմ դիրքորոշումը այդ նուրբ թեմայի վերաբերյալ:

– Խոսակցություններ կան, որ դուք արվամոլ եք, – ասացի ես:

– Հա՜, – քմծիծաղ տվեց նա և ավելացրեց, – և դու միանգամից մտար թփերը՝ լյումպեն-խաժամուժ ասես, որպեսզի Աստված չանի, հանկարծ դա չանդրադառնա քո փսևդո-մտավորական կերպարի վրա, որը նկարում ես ինքդ քեզ համար, սակայն վախկոտ ես, ինչպես նապաստակը։ Ահա թե ինչու, այսքան օր չկայիր, կորե՛լ էիր։ Արվամոլի հետ բարեկամությունն, անշուշտ, պլաններիդ մեջ չէ՛ր մտնում:

Ես ոչինչ չպատասխանեցի, քանի որ դա անիմաստ էր, նա պատկանում էր այն մարդկանց թվին, որոնց ականջները փակվում են խոսելու ժամանակ, հրետանավորի նման, ով համազարկի ժամանակ բացում է բերանը արկի հարվածային ձայնը մեղմելու համար։ «Պետք է սպասել, մինչև նա կավարտի իր երկարաշունչ մենախոսությունը», – ասացի ես ինքս ինձ։

– Դու պետք է բոլորին գրողի ծոցն ուղարկեիր, – շարունակեց նա։ – Ի՞նչ իրենց շան գործն է, թե ում հետ ես ընկերություն անում, կամ ոչ։ Նախ թող լվանան նեխած գուլպաները, նախքան բերանները բացելն ու երկար քիթն ուրիշի կեղտոտ ներքնաշորերի մեջ խոթելը՝ դա հենց այնպես, որպես նախերգանք, իսկ հիմա` ինչ վերաբերում է ինձ, ո՛չ, ես արվամոլ չեմ, ես սիրում եմ կանացի գեղեցկությունն ու կին ընդհանրապես՝ տղամարդկանց նկատմամբ ոչ մի հակում չունեմ, բայց դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ քո արարքը զզվելի է։

Նա խորը շունչ քաշեց։

– Լռում ես, որովհետև ասելիք չունես, – ասաց նա և ինքն էլ պատասխանեց, – Իսկ ի՞նչ կարող ես ասել քո արդարացման համար, թե ինչպես էիր դողում թփերո՞ւմ:

– Իսկ այն, որ առավոտից ձեզ մոտ եմ, կարդում եմ իմ պատմվածքը, հենց ձեզ և ուրիշ ոչ մեկին, դա ոչինչ չի նշանակո՞ւմ:

– Ես չգիտեմ, թե ինչ է դա նշանակում, – ուսերը թոթվեց նա։

– Դա նշանակում է, որ ես թքած ունեմ, թե ով` ինչ է մտածում ձեր մասին։ Ինձ ամենևին հետաքրքիր չէ՛, դուք կի՞ն եք սիրում, թե՞ տղամարդ, ես պարզապես ուզում եմ ձեզ ասել, որ ձեր մտավորական կեցվածքը, ձեր հագնելաձևը՝ պարանոցային թաշկինակներն ու երգեցիկ վանկը, հավելումս այն, որ հրաժեշտ տալիս, համբուրում եք բոլոր կանանց ձեռքերն անխտիր՝ արժանի-անարժան, բնութագրվում և կարդացվում է աղճատված, ոչ միանշանակ, և ես գտնում եմ, որ անհրաժեշտ է ձեզ տեղյակ պահել այդ մասին, որպեսզի խոզերի առջև մարգարիտներ չփռեք այլևս։

– Դու կարծում ես, որ ես տեղյակ չե՞մ այդ մասին: Դու ենթադրում ես, որ կբացես իմ աչքերը, և ես կդադարեմ պարանոցային թաշկինակներ կրել և համբուրել կանանց ձեռքե՞րը։

– Ես դա չեմ ասում։

– Ո՛ չ, խելոքս, դու հենց դա ես ասում։

– Դժվար է ձեզ հետ, – ասացի ես։

– Իհարկե, դժվար է, – չարախնդությամբ ժպտաց նա։ – Հեշտ է նրանց՝ այն կենսազանգվածի հետ, որը նման լուրեր է տարածում և խոսում է պարզունակ, միատարր բարբաջանքով:

– Ծխախոտ ունե՞ս, – մի փոքր անց, հարցրեց նա։

– Ես չե՛մ ծխում, – պատասխանեցի ես։

– Իհարկե՛։ «Չե՛մ ծխում», կարող էիր ասել չունեմ, և վերջ։ Այդպես է, հնչած հարցը միշտ երկրորդական է, պատասխանում կարևորը ինքնագովերգումն է։ Փող ունե՞ս։

– Ունե՛մ։

– Փա՜ռք Աստծո։ Ինձ տասնհինգ կոպեկ տուր, կվերադարձնե՛մ, երկու օրից կենսաթոշակս եմ ստանալու։