Մենք ծիծաղեցինք, ես կանչեցի մատուցողուհուն, նա օղի բերեց: Ես, իհարկե, չհավատացի, որ նա, իբր, զանգել է ինձ, զանգեր եղել էին, բայց, ոչ, նա չէր զանգել: Այդ մասին ոչինչ չասացի նրան, չասացի նաև ռեստորանային պատմության մասին, Ռաուֆ Ալիևիչին, որն ինչ-որ առիթով մոտեցել էր մեզ, նույնպես հասկացրի՝ ոչինչ չասել, և նա գլխով համաձայնության նշան արեց: Արմենը վերջում տարօրինակ կենաց առաջարկեց.

– Թող բացվող օրը խաղաղությամբ մտնի մեր հարկերի տակ, – ասաց նա, հետո ինչ-որ բան հիշեց, ավելացրեց մտահոգ, – Վրաստանի կողմերից ադրբեջանցի մի ընկեր ունեմ, չէ, ինչ ընկեր, նոր եմ պատահաբար ծանոթացել, գողական աշխարհի հետ կապ ունի, ձեր կենտկոմի քարտուղար Հասան Հասանովի մոտ բարեկամներից է, ասում է, խոսք կա, որ ինչ-ինչ նպատակների համար քրեական կալանավորներին բաց են թողնելու բանտերից… Ամեն ինչ ինձ չի ասում, բայց տեսնում, զգում եմ, որ ինչ-որ վատ բաներ կարող են կատարվել: Ամեն շաբաթ-կիրակի ֆիլհարմոնիայի շենքում գաղտնի խորհրդակցություններ են տեղի ունենում այդ նույն Հասանովի գլխավորությամբ… Թող բացվող օրն, այո, խաղաղությամբ մտնի մեր հարկերի տակ, – կրկնեց նա նույն մտահոգ տեսքով, – թող մարդը բնավեր չդառնա, ոչ էլ ողբ ու լաց լինի անժամանակ կորստի համար: – Նա նայեց ժամացույցին, և, ելնելով տեղից, ավելացրեց, – կներեք, 26 կոմիսարների մետրոյի մոտ ինձ սպասող կա, մի տասը-տասնհինգ րոպեից կգամ:

Իրոք, տարօրինակ կենաց էր Արմենի կենացը: Ճիշտ է, մենք իսկույն մոռացանք այն, համարելով սովորական խոսակցություն, բայց հետագայում ես հաճախակի էի մտաբերում Արմենի այդ չարագուշակ խոսքերը: Նրա գնալուց հետո ես նկատեցի, որ կոկտեյլ խմող աղջիկները նույնպես չկան: Կոկտեյլի երկարուկ կիսատ բաժակները՝ ծեղաձողիկները մեջը, դրված էին կանգնակին:

Ռենայի հետ պարեցինք մի քանի անգամ, հաճելի էր նրա երկչոտությունը, շփոթմունքը, նրա մազերի խտուտը իմ կզակին, մարմնի փխրուն ջերմությունը ափերիս տակ, թեթև պարաքայլը, նրա բերկրանքն ու լուսաշող թեք նայվածքը, արծաթահունչ ձայնը, որ ոչ ոք չունի արար աշխարհում, շարժումների ու ձևերի վայելչությունն ու այն, որ ճակատին ընկնող ոսկեգանգուր մազափունջը փչելով՝ մտերմիկ հայացքով նայում էր ինձ:

Իսկ Արմենն այդպես էլ չեկավ: Մենք սպասեցինք տասը-տասնհինգ րոպեն, որի մասին ասել էր. անցավ մեկ ժամ, երկու ժամ, իսկ նա այդպես էլ չեկավ:

– Չեկավ, – ասացի ես նրա մասին՝ մի անգամ ևս նայելով պատաջահերով լուսավորված հայելուն, որն արտացոլում էր գրանիտե սանդղաշարը՝ վերևից մինչև առաջին հարկ:

Ռենան ակնդետ նայեց ինձ, ըստ երևույթին, իմ ձայնի մեջ ափսոսանքի նշույլ չկար, և նա դա նկատեց:

– Իսկ դու ուզո՞ւմ ես, որ նա վերադառնա:

– Ոչ, – ասացի ես:

– Ինչո՞ւ:

– Իսկ դո՞ւ, – նույնպես եզակի դեմքով՝ հարցին հարցով պատասխանեցի ես:

Ռենան տարուբերեց գլուխը, ձեռքի սովոր շարժումով ճակատից ետ տանելով մազափունջը: Նա ժպտաց, ուշացումով ասաց.

– Ոչ:

– Ինչո՞ւ, – հարցրի ես, ակամա ձեռքս դնելով նրա ձեռքին:

Ռենան ձեռքը հետ չքաշեց:

– Որովհետև դու չես ուզում դա, – նա ինքնագոհ ժպիտով նայեց ինձ:

Ես մատներով գուրգուրում, փաղաքշում էի նրա մատները, և նա դարձյալ ետ չեր քաշում ձեռքը, հետո նրա ձեռքն իմ ափի մեջ շրջվեց, և մեր մատները խառնվեցին: Հուզմունքն ալիքվեց իմ ներսում, սիրտս տագնապահար թպրտաց, լցվեց անհուն սիրով ու խանդաղատանքով: Սիրունիկ մատնակոճերով նրա երկար նուրբ մատները ես հպեցի շուրթերիս:

– Ռենա, – սրտի նվաղումով ու հուզահամակ շշնջացի ես, – ես ուզում եմ հավատաս, որ այսօր ամենալավ, ամենագեղեցիկ, ամենասքանչելի, ամենաերջանիկ օրն է իմ կյանքում: Ասա, դու հավատո՞ւմ ես, որ դա այդպես է:

– Հավատում եմ, – ասաց նա, և նրա շուրթերը հրաբորբ էին: – Ես ուզում եմ, – շարունակեց Ռենան, նրա ձայնը դողաց, – ուզում եմ, որ դա լինի առաջին օրը և որ այդպիսին լինի նաև հաջորդ օրը և մնացած բոլոր օրերը: Իսկ հիմա գնանք: Ուշ է արդեն:

Սքանչելի երեկոյի համար ես շնորհակալություն հայտնեցի մատուցողուհուն, չմոռանալով մի կարմիր թղթադրամ էլ աննկատ սահեցնել նրա գրպանը, վճարեցի նաև երեկ չէ մյուս օրվա համար, և մենք Ռենայի հետ իջանք առաջին հարկ: Ծաղկավաճառից մեկ առ մեկ խնամքով ընտրելով՝ հոլանդական տասնինը ճերմակ վարդ գնեցի՝ մեկը մյուսից գեղեցիկ, երկար ցողուններով, և նվիրեցի Ռենային, որի համար նա անչափ շնորհակալ եղավ: Հուզմունքից շփոթված՝ նա տաքուկ շուրթերը հպեց այտիս, որից մի պահ մնացի գամված տեղում: