– Չեմ ասի, – ժպտացի ես, – դուք իմ ռադիոհեռախոսով տուն զանգեցիք, հիշո՞ւմ եք:
– Հիշում եմ:
– Խոսափողում պահպանվում է համարը:
Ռենան ծիծաղեց, ասաց.
– Թող այդպես լինի, – և իր քնքույշ կապույտ աչքերով նայելով ինձ՝ ավելացրեց, – ի՞նչ կարևոր գործ է, որի մասին ասացիք հեռախոսով:
– Մենք երեկ չէ մյուս օրը ռեստորանից դուրս ենք եկել առանց վճարելու:
– Չէ հա, – Ռենան ետ ընկրկեց, վախվորած ձեռքը տանելով այտին: – Չի կարող պատահել:
– Այն թիկնեղ տղամարդուն հիշո՞ւմ եք: Ռաուֆ Ալիևիչ: Արմենը ռեստորանում մեզ ներկայացրեց նրան: Նա երեկ զանգեց ինձ:
– Ինչպիսի¯ խայտառակություն, – Ռենան տագնապած նայեց ինձ, – ի՞նչ պիտի անենք:
– Նա հիմա սպասում է մեզ, – ասացի ես:
– Մի րոպե, – մտամոլոր ասաց Ռենան, մտքում ինչ-որ հաշվարկներ անելով: – Ես հորս ասել չեմ կարող, մորս՝ նույնպես, եղբորս՝ առավել ևս, իսկ եղբորս կնոջը կասեմ: Իրադան կօգնի: Իմ միամսյա կրթաթոշակը մոտս է, դա էլ կարող եմ տալ:
– Ռենա, ոչ մի բան պետք չէ, մի մտածեք, – ես խանդաղատանքով նայեցի նրան: – Գնանք:
– Հնարավո՞ր չէ առանց ինձ, – Ռենան խնդրողական նայեց:
– Անհնարին է: Հնարավոր լիներ՝ մենակ կգնայի, – ջերմ գոհունակությամբ ասացի ես: – Դե, գնացինք:
Ես թևանցուկ արեցի Ռենային և համարյա ուժով տարա դեպի տաքսիների կանգառ:
* * * * *
Ռաուֆ Ալիևիչը մեզ դիմավորեց հարգալիր ու հոժարակամ ժպիտով, ասաց, որ իր պրակտիկայում այդպիսի բան չի եղել, այսինքն եղել է, բայց դե որ մեզ նման հարգարժան մարդիկ թողնեն ու առանց վճարելու հեռանան՝ չէ, էդպիսի բան չի եղել, ինքը նման դեպք չի հիշում:
Մենք «Արևելյան» դահլիճ չգնացինք, նստեցինք «Հայելազարդ» դահլիճում, լուսամուտի մոտ: Ռենան այդպես ցանկացավ: Բեմահարթակի վրա, աթոռին սաքսոֆոն էր դրված, մի ուրիշ աթոռի՝ շեփոր ու թմբուկ, պատյանով կոնտրաբասը կանգնած էր պատի տակ. երաժիշտներն արդեն եկել էին և բեմահարթակի առջև հավաքված զրուցում էին, մերթ ընդ մերթ նայելով հաճախորդների կողմը:
Ռենայի համար կիսաքաղցր շամպայն պատվիրեցի, ինձ համար՝ կոնյակ: Մատուցողուհին փոքր-ինչ գունատ, նիհարավուն, սակայն գրավիչ դեմքով ռուս աղջիկ էր, և մեր պատվերները կատարում էր ընդգծված պատրաստակամությամբ, ասես դա մի առանձնահատուկ հաճույք էր պատճառում նրան:
Բարի առջև, կանգնակի բարձր աթոռներին թառած, երկու աղջիկ՝ մինչև գոտկատեղ հասնող երկար ոտքերով, տոնիկով ու կիտրոնով ջին էին խմում գունավոր ծեղաձողիկներով, գնահատող հայացքներով երբեմնակի նայելով տղամարդկանց:
Հաճելի մթնոլորտ էր, մեղմիկ երաժշտություն: Ինձ դուր էր գալիս, որ բոլորը, կից սեղաններից, ուշադրություն էին դարձնում մեզ վրա: Մենք զրուցում էինք, մեկ ես էի ինչ-որ պատմություն անում, մեկ՝ Ռենան, և ես հետզհետե զգում էի, որ նրա մոտիկ ներկայությունը խենթացնում է ինձ: Ռենան ուշադիր լսում էր ինձ, երբեմն ժպտում, ծիծաղում էր: Եվ, ի զարմանս ինձ, դիմակայած պատի երկայն հայելու մեջ ես հանկարծ տեսա Արմենին. սիգարետը բերանին, անհոգ՝ նա դանդաղ բարձրանում էր երկրորդ հարկ: Ես մտածեցի, որ այն օրը, ամենայն հավանականությամբ, չէր կարողացել վճարել և հիմա եկել է վճարելու: Շրջվելով ետ, ես ձեռքով արեցի. նա մեզ չէր տեսնում, կոկտեյլ խմող աղջիկները կարծես թե ծանոթ էին նրան, նույնիսկ տեսա՝ նա ժպտաց նրանց, սակայն, հանկարծակի տեսնելով մեզ, կանգ առավ՝ տարակուսալի հայացքով նայելով մեր կողմը, հետո ժպիտ սարքեց դեմքին, մոտեցավ:
– Իյա¯… Բարև ձեզ, ես էլ առավոտվանից զանգում եմ, զանգում՝ պատասխան չկա, ահա թե որտեղ եք: Էս ի՞նչ եք խմում՝ կոնյակ, շամպայն, օղի չկա՞, – նստելով սեղանի մոտ, ազատ բազկաթոռում, հարցրեց նա և նայելով Ռենային, չմոռացավ հաճոյախոսություն անել, – իսկ Ռենան, ինչպես միշտ, սքանչելի է: Նոր անեկդոտ. փողոցով մի աղջիկ է անցնում, նկատում է, որ մի տղա շարունակ հետևում է իրեն: Բավական երկար քայլելուց հետո աղջիկը հանկարծ շրջվում, ասում է. «Լսիր, ինչո՞ւ ես անընդհատ հետևում ինձ»: «Հիմա՝ երբ շրջվեցիք, – ասում է տղան, – անկեղծ ասած, ինքս էլ եմ զարմանում»: