–Բարի առավոտ,– ներս մտնելով` փնթփնթացի ես՝ ոչ այնքան ողջունելու ցանկությունից դրդված, որքան նրան գրասեղանից կտրելու ու ուշադրությունն ինձ վրա հրավիրելու։

–Լսում եմ, Լիլի։

–Եկել եմ գործերիս ետևից, մի քանի շաբաթից ընդունելության քննություններն են, իսկ ես դեռ փաստաթղթերս չեմ ներկայացրել նոր դպրոց։

–Քեզ թվում է` կընդունվես?

Թափառող հայացքս նույն վայրկյանին հառեցի դեպի նա ու կարմրեցի զայրույթից.նրա աչքերի հեգնական արտահայտությունը հանում էր ինձ ափերից: Միթե ես դպրոցում եմ գտնվում? Միթե դիմացս հսկայական ուսումնական հաստատության ղեկավար է նստած?

–Կընդունվեմ,– կոպտեցի ես ու արհամարհական շարժումով վերցնելով փաստաթղթերս՝ շտապեցի լքել ճնշող սենյակը:

Դպրոցից դուրս գալիս մի պահ կանգ առա, դիտեցի ներսի թանկարժեք կահավորանքը, տեխնիկական գերապահովվածությունը, շենքի մեծությունը ու ցավով գիտակցեցի, որ ներսումս մի նյարդ անգամ չի շարժվում, այնինչ կանգնած եմ այն կառույցի առջև, որտեղ արել եմ ճանաչողությանս առաջին քայլերը, ճաշակել եմ առաջին հրճվանքն ու հիասթափությունը, առաջին սերը…միթե այս յոթ տարիները հենց այնպես անցան, միթե սա է դպրոց ասվածը, որին այդքան մեծարում են, բանաստեղծություններ և երգեր ձոնում…


2011 թվական, օգոստոսի 13

Ընդունվել եմ Ֆրանսիայի լավագույն դպրոցներից մեկը: Ստիպված եղա երեք քննություն հանձնել`ֆրանսերենի, անգլերենի ու մաթեմատիկայի: Մրցակցությունն այնքան էլ մեծ չէր, ինչպես սովորաբար լինում է, թե չէ ստացածս միավորներով հաստատ չէի ընդունվի`այն էլ անվճար: Բոլոր դիմորդներն էին ինձ պես վատ գրել, լսել եմ, որ այս տարվա առաջադրանքները շատ բարդ էին անցած տարիների համեմատ: Բոլոր քննություններին լացելով եմ գնացել, վախենում էի ձախողել ու ծաղրի առարկա դառնալ: Կարևորն այն է, որ ընդունվեցի, ու արցունքներս, անքուն գիշերներս, վախերս մնացին անցյալում: Սեպտեմբերից նոր միջավայրում եմ հայտնվելու, որտեղ ինձ ոչ ոք չի ճանաչում, իսկ դա նշանակում է, որ կարող եմ լինել ցանկացածը:

Նախկին դպրոցս ինձ համար ստեղծել էր անհաջողակ, թույլ ու տհաս մարդու կերպար: Եթե ես փորձեի ինձ պահել ուրիշ ձևով, միայն ծիծաղ կառաջացնեի`նախ և առաջ ինքս ինձ մոտ, որովհետև բոլորը, այդ թվում նաև ես, արդեն սովորել էին, որ Լիլին լացկան, թույլ, անպաշտպան, վիրավորանքը կուլ տվող աղջիկ է:

Եթե նոր դպրոցում ինձ տևական ժամանակ պահեմ այնպես, ինչպես հաջողակ, ուժեղ, խելացի աղջիկը կպահեր, մարդիկ կսկսեն հավատալ իմ ստեղծած կերպարին ու ինձ էլ կհավատացնեն, որ այդպիսին եմ, իսկ ես իսկապես հաջողակ կլինեմ միայն այն ժամանակ, երբ կարողանամ ինձ հավատալ: Դա անասելի դժվար է. գլխիցս դուրս չեն գալիս ֆիզիկայիս նախկին ուսուցչի բառերը, որ իմ տեղը մտավոր հետամնացների դպրոցում է: Գիտակցաբար հասկանում եմ, որ նրա ասածը անհեթեթություն է, հակառակ դեպքում չէի կարողանա Ֆրանսիայի լավագույն դպրոցներից մեկն ընդունվել, բայց միևնույն է`այդ խոսքերը ենթագիտակցությանս մեջ դաջված են դեռ ու ցավ են պատճառում ինձ, թե չէ ինչու պետք է հերթական անգամ գրեի դրա մասին ու հիշատակեի: Ես պիտի մոռանամ, թե ով եմ եղել անցյալում ու ստեղծեմ իմ մեջ նրան, ով ուզում եմ լինել: Դեմքիս հաստ, կոշտ, պողպատե դիմակ կհագցնեմ, ու ինձ էլ ոչ ոք չի կարողանա ցավեցնել: Եթե մարդկանց տրամադրեմ, որ սառը, անտարբեր, դասից բացի ուրիշ հետաքրքրություն չունեցող, անզգացմունք աղջիկ եմ, ոչ մեկը չի էլ փորձի զգացմունքներիս հետ խաղալ, որովհետև հավատացած կլինի, որ ինձ մոտ դրանք բացակայում են: Մարդիկ չեն սիրի ինձ, բայց չեն էլ ցավեցնի:


2011 թվական, օգոստոսի 31

Այն օրվանից հետո, երբ Ֆրանկը պատռեց օրագիրս ու ծաղրեց ինձ, էլ չեմ կարողանում գրել: Առաջ պաշտում էի շարածս ամեն տառը, ամեն արցունքը, որ կաթում էր թղթիս, ամեն մասնիկը, որ շեղվում էր տողից, երբ մատներս դողում էին ցավից, իսկ հիմա մտքերս, զգացմունքներս սկսել են ինձ հիմարություն թվալ: Որոշել եմ թողնել ստեղծագործելը, ինձնից երևի գրող դուրս չի գա…


2016 թվական, մարտի 12