–Ինչու եք ժպտում?

Ես այրվող ափերով գրկեցի նրան ու շառագունած այտերս դեմքին հպեցի: Ակամա աչքիս առաջ հայտնվեց նախորդ օրվա մեր զբոսանքը, ու ես զգացի, որ էլ երբեք ուրիշ տղամարդուց կարմիր զգեստ չեմ ընդունի: Ոչ նրա համար, որ զգեստներ չեմ սիրում, այլ որովհետև ցանկություն չունեմ Պարոնից բացի ուրիշ մեկի համար գեղեցիկ լինել: Հիշեցի մեր պտտվող կարուսելն ու զգացի, որ կյանքում ուրիշի հետ կարուսել չեմ նստի: Ոչ նրա համար, որ կարուսելներ չեմ սիրում, այլ որովհետև վստահ էմ,որ ոչ մեկը չի կարողանա ստիպել իմ սրտին ծիծաղել այնպես, ինչպես Պարոնը ստիպեց: Տրամաբանորեն հասկանում եմ, որ երեխայություն է կարծելը, թե էլ երբեք որևէ մեկին չեմ սիրի, պարզապես ներսումս շարժվում է մի բան, որը վեր է տրամաբանությունից ու գիտակցությունից: Ես բնազդաբար եմ զգում, որ նա վերջին իմ սերն է: Ոչ նրա համար, որ սիրել չեմ կարող, այլ որովհետև Պարոնից բացի ուրիշ մեկին սիրել չեմ ուզում…


Ժամը 23:55

Երեք ժամից Ֆրանսիա ենք վերադառնում: Սիրտս տեղից դուրս է գալիս, երբ պատկերացնում եմ, որ շատ շուտով ամեն ինչ ավարտվելու է: Ես անասելի սովորել եմ Պարոնին…սովորել եմ, երբ առանց առիթ ինքնակամ գրկում է ինձ, սուրճ ու քաղցրավենիք հյուրասիրում, նվերներ ու ծաղիկներ գնում, հետս կարուսել նստում, պաղպաղակ ուտում, իսկ երեկոյան իր ձեռքով կերակրում ու պառկում կողքիս, մինչև կքնեմ: Ինձ համար դա է իրական մերձությունը:

–Լիլի?

Ես պոկվեցի մտքերիցս ու թափառող հայացքս նրան ուղղեցի:

–Երբ տեղ հասնենք, միանգամից դպրոցի ճամբար պետք է գնամ: Կարող է միանաս?

Ես վեր թռա տեղիցս: Ինչ? Միթե ևս մի քանի օր Պարոնի հետ եմ անցկացնելու?չէ որ, նա ինքը առաջարկեց դա, նշանակում է`ուզում է, որ հետը լինեմ: Ուրախությունս նրա աչքից չվրիպեց ու պատասխանի չսպասելով` ինձ դեպի իրեն քաշեց:

–Կինս էլ է այնտեղ լինելու…

Տհաճություն զգացի` պատկերացնելով, որ ինձանից բացի ուրիշն էլ է նրա ծնկներին նստել,համբուրել շուրթերն ու այտերը: Այդ պահին ինձ անասելի դժբախտ էի զգում.ես էլի ընտրյալ չէի…

–Ինչ պատահեց?-տրամադրությանս փոփոխությունը նկատելով`հետաքրքրվեց նա:

–Ես չեմ կարող նման կերպ վարվել Ձեր կնոջ հետ:

–Բայց ինչ վատ բան կա սիրո մեջ?Դու սիրում ես, չէ, ինձ?

–Ես երբեք դատողություններ չեմ անում այն տեսանկյունից, թե մարդիկ ինչն են լավ կամ վատ համարում: Տարբեր հասարակություններում ու միջավայրերում չափանիշները տարբեր են:Ես որոշումներ կայացնելիս միշտ առաջնորդվում եմ պատասխանատվության զգացմամբ` արդյոք պատրաստ եմ որոշակի հետևանքների, որոնց կարող է հանգեցնել իմ որոշումը…և զգում եմ, որ պատրաստ չեմ:

– Թույլ կտաս?– շշնջաց նա` ափը դողացող ոտքիս վրայով մեղմ սահեցնելով:

– Հյութ կուզեք?-տեղիցս հանկարծակի վեր թռա ես:

Նա դառը հոգոց հանեց ու վեր կացավ տեղից, մոտեցավ ինձ, գրկեց, շուրթերը հպեց վզիս ու ամուր թևերով պարուրեց բարակ կոնքերս: Ես հալվում եմ հաճույքից ու հազիվ եմ ինձ զսպում, որ չկորցնեմ ինքնատիրապետումս…նա իմ հանդիպած ամենագեղեցիկ, ու ամենանուրբ տղամարդն է: Ինձ ամենից շատ խելքահան է անում նրա շնչառությունը, իսկ շրթունքներից սիրո բույր է գալիս`խենթացնող, բայց անցողիկ սիրո բույր…

–Կհասցնենք, չէ, ժամանակին օդանավակայանում լինել?-մի կերպ նրա գրկից դուրս պրծնելով`կմկմացի ես:

–Իհարկե, դու հյութդ խմիր, ես գնամ լոգանք ընդունեմ:

–Իդեպ, լոգարանի դռան փականը չի աշխատում:

–Ոչինչ, համարում բացի ինձնից ու քեզնից ոչ ոք չկա, իսկ դու, ինչպես հասկացա, այդքան էլ հետաքրքրված չես ինձնով,-կծու հեգնեց նա ու քայլերը ուղղեց դեպի լոգասենյակ:

Ես գլուխս առա ափերիս մեջ ու հազիվ զսպեցի ինձ, որ չգոռամ անզորությունից: Խանդը, կիրքը, զայրույթն ու սերը շուրջպար են բռնել ուղեղիս ու սրտիս մոտ`բզկտելով ու մասնատելով հոգիս: Կամացուկ մոտեցա լոգարանի դռանը ու փոքրիկ ճեղքից ներս նայեցի: Ջրի ծորակը բաց է, պատերը գոլորշով են պատվել, հատակին շորեր են ընկած, բայց Պարոնը չկա: Դեմքիս սառնություն զգացի:


2016 թվական, մարտի 23

Վեր թռա քնից: Պատուհանը բաց է, ու սառը քամին փչում է ուղիղ ճակատիս: Չեմ ուզում հավատալ, որ ամբողջը խաբկանք էր: Տեսածս` հասկացանք, զգացածս էլ էր երազ? Ամեն ինչի մեջ էլ կարելի է դրական բան գտնել, ու այս պատմության իրական չլինելու միակ լուսավոր կողմը երևի նա է, որ Պարոնն իրականության մեջ ամուսնացած չէ: Երևի: Այտերիս վրա դեռ զգում եմ նրա համբույրների ջերմությունը, իսկ ուսերիս`նրա մատների հպումները: Այնպիսի տպավորություն է, ասես երազս դեռ չի ավարտվել, իսկ Պարոնը ուր որ է կմտնի ներս, ու ամեն ինչ առաջվանը կլինի…