Ես ներքին հեռախոսով կապվեցի գլխավորի հետ:

– Վլադիմիր Գուրգենովիչ, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի մասին նյութը Լորաննայի հետ նայեցինք, վատ չէ գրված և, կարծում եմ, արժե, որ հենց ինքը՝ Լորաննան էլ վարի հաղորդումը:

Լորաննան գորովանքով նայեց ինձ, ժպտաց:

– Եթե գտնում ես, որ այդպես ավելի նպատակահարմար է, – արձագանքեց գլխավորը, – ես դեմ չեմ: Իսկ դու, Լեո ջան, եթե ազատ ես, մի րոպեով անցիր ինձ մոտ, ասելիք ունեմ:

Լորաննայի հետ միաժամանակ ելանք տեղից: Դռան մոտ, համարյա հպվելով ինձ ու պարուրելով իր բուրմունքով, նա հայացքը բարձրացրեց, շփոթ վարանանքով նայեց, մեղմաձայն ասաց.

– Լեո, ինչո՞ւ դու այդքան լավն ես:

Հանկարծակի շառագունած դեմքին մի տեսակ տարակա, գաղտնի բան հայտնվեց: Շնչում էր ծանր, խաժ աչքերում ու կիսաբաց, կտրուկ գծագրված կամակոր շրթունքների վրա հմայուն ժպիտ՝ նա նայում էր շեղակի, կկոցված աչքերով…

Գլխավորի ասելիքը Թելման Կարաբաղլի-Չալյանին էր վերաբերում, ավելի ճիշտ՝ հեռուստատեսությամբ երեկվա նրա մանկական հաղորդմանը:

– Նայե՞լ ես հաղորդումը, – հարցրեց գլխավորը:

Չէի նայել: Նա օրորեց գլուխը՝ ընդարձակ առանձնասենյակում ետ ու առաջ քայլելով:

– Կոմիտեում հրաշալի ժապավեններ կան, երկու հոգով անգործ նստած, ծուլանում են անգամ մտնել ֆիլմադարան, նայել հավաքածուն, ընտրել համապատասխան ժապավենը, լուսանկարների ֆոնի վրա մանուկների համար տաղտուկ հաղորդում են տալիս, մի՞թե կարելի է այդպես: Ոչ միայն ընդհանրապես երեխաների, մինչև մսուրային տարիքի մանուկների համար անգամ ձանձրալի են նրանց հաղորդումները, – չէր հանգստանում գլխավորը: – Խայտառակություն է, ուղղակի խայտառակություն:

– Վլադիմիր Գուրգենովիչ, – միջամտեցի ես, – անձամբ ինքս մի քանի անգամ խոսել եմ ձեզ հետ այդ թեմայով, ինչպես ասում են՝ անօգուտ, կոլեգիայում նույնպես քանիցս խոսք է եղել՝ ծույլ ու անկարողի մեկն է, ոչինչ չի ուզում անել: Եթե, իրոք, անհնարին է ուրիշ խմբագրություն տեղափոխել, եթե մենք, չգիտես ինչու, պարտավոր ենք նրան պահել մեզ մոտ՝ ապահովելով հոնորարներով, ապա իմ առաջարկությունն այսպիսին է. այլևս նրա հեղինակությամբ ոչ մի մանկական հաղորդում չտալ հեռուստատեսությամբ: Ինչ ուզում է գրի՝ հեքիաթ, մանկական պատմվածք՝ հաղորդել միայն ռադիոյով: Ուրիշ ելք ես չեմ տեսնում, չնայած ռադիոլսողներն էլ մեղք են:

– Համաձայն եմ: Առաջիկա կոլեգիայում որոշում կընդունենք: Մի հնար լիներ՝ երկուսից էլ ազատվեինք:


* * * * *


Սիլվան եկավ ընդմիջումից անմիջապես հետո:

– Ահա և Սիլվան, – ներկայացնելով նրան, ասաց Արինան:

Կրծքի վրա խոր բացվածքով շոր էր հագել: Ոչ այնքան բարձրահասակ, խոշոր այտոսկրերով, շրջազգեստի կտրվածքից երևացող փարթամ կրծքերով, պագշոտ բերանի մի անկյունում, վերին շրթունքի վրա, գնդասեղի մեծության արհեստական սև խալով, շուրթերը բալի գույնի շրթներկով հաստացրած, աչքերը տուշով եզրագծած, կոպերին՝ վառ ստվերաներկ, արտևանունքները երկար ու խնամքով կորացրած. երևում էր, ահագին ջանք էր թափել տպավորություն գործելու համար:

– Բերե՞լ եք փաստաթղթերը:

– Այո, – դուր գալու բնազդային զգացումով ակնապիշ նայելով ինձ՝ նա ժպտաց, պայուսակից հանդիսավորությամբ, դանդաղ հանեց դրանք՝ անձնագիր, աշխատանքային գրքույկ, դիպլոմ, և դրեց իմ սեղանին:

– Գնանք, – վերցնելով փաստաթղթերը՝ ասացի ես:

– Ես սպասե՞մ այստեղ, – չգիտես ինչու շփոթված ու մի տեսակ ընկճված տոնով հարցրեց Արինան ու ինքն էլ պատասխանեց, – չէ, ավելի լավ է գնամ, մեքենագրելու բան ունեմ: Սիլվա, կգաս ինձ մոտ:

Մենք քայլեցինք մարդաշատ երկար միջանցքով, վերելակի մոտ աստիճաններով իջանք չորրորդ հարկ, հետո՝ ձախ, անցանք վառ լուսավորված, երկու կողմում անվերջանալի դռներով, ընդարձակ միջանցքով, միջանցքի վերջում՝ նորից ձախ, փակ դռների ցուցանակներին նայելով հասանք սևատառ ցուցանակին՝ «Հաշվապահություն»: Ես բացեցի դուռը՝ առաջ թողնելով Սիլվային: Նախասենյակից երևում էին հաշվապահության երեք սենյակները: Սեիդոզաևայի առանձնասենյակում՝ սեղանին թափած զանազան թղթերով, հաստ թղթապանակների կույտերով, համակարգիչով՝ էկրանին թրթռացող գունավոր գծերով, ոչ-ոք չկար: