– Այդ շենքերի տերերին թուրքերը կոտորեցին հինգ ու տասնութ թվերին՝ հափշտակելով նրանց գործարանները, ֆաբրիկաները, խանութներն ու գրասենյակները, – լրացրեց Հուրունցը փշրված ձայնով, – իսկ ովքեր ողջ մնացին՝ Բագիրովի ու Լավրենտի Բերիայի ձեռքով գնդակահարվեցին, մի մասին էլ քշեցին Սիբիր. գնացին կորան: Նրանցից և ոչ մեկը չվերադարձավ:
Լուռ քայլեցինք դեպի մետրո:
– Գրող Սուրեն Կասպարովի մոտ եմ գնում, – ասաց Հուրունցը: – Տղաները սպասում են, Ալիևի ու Կևորկովի հակահայ գործունեության մասին մի նամակ է՝ Քաղբյուրոյին ուղղված, պիտի միասին նորից կարդանք, առավոտյան շուտ հենց Սուրենի մոտից էլ կմեկնեմ օդանավակայան: Երեկ մի երկու հոգով մինչև ուշ երեկո դրանով էինք զբաղված, շատ խելացի դիտողություններ եղան, հարկավոր կլինի որոշ շտկումներ կատարել, ոչինչ, կանեմ, ասացին, որ Ճարտարի նախագահ Սուրեն Ադամյանն այստեղ, Բաքվում է, այսօր գալու է Կասպարովի մոտ, շատ լավ կլիներ, որ նա էլ ծանոթանար այդ նամակին: Լսիր, – հանկարծակի ու զարմացած ասաց նա: – Քանի տարի առաջ եմ տեսել, մի մազ անգամ չի փոխվել: Ահա ձեզ մի նոր Սամվել Գրիգորյան:
Մենք ակամա նայեցինք նրա հայացքի ուղղությամբ: Դիմացից մի ծերունի էր գալիս՝ բարձրահասակ, մեջքից մի թեթև կոր, սակայն առույգ քայլվածքով:
– Իսկ ո՞վ է դա, չեմ ճանաչում, – աչքերը կկոցած հարցրեց Սաղումյանը:
– Քիչ առաջ պատմում էի՝ հային հայի ձեռքով վերացնելու մասին: Սա հայտնի չեկիստ Ասծատուրովն է: Դավիթ Ավետովիչ Ասծատուրով: Լսած կա՞ք:
– Այն, որ Թևանին…
– Այո, այո, հենց նա է, որ կա: Թևանին, շնորհիվ որի Ղարաբաղի հայությունն ամբողջովին չբնաջնջվեց թուրք արյունարբու զավթիչների ու մուսավաթականների կողմից, սա է կործանել: Մեր թշնամին մեր մեջ է, Հարություն, ամենավտանգավոր թշնամին մեր մեջ է: Ծառը չէր տապալվի, եթե կացնի կոթն իրենից չլիներ… Իմացած եղիր, ազգերն ամենից շատ իրենց տականքների երեսից են տառապում:
Մինչ այդ ծերունին հասավ մեզ, ուզում էր անցնել, Հուրունցը կանգնեցրեց:
– Բարև ձեզ:
– Բարև…
Մարդը շփոթված կանգ առավ, անվստահությամբ ու փոխնիփոխ նայեց մեզ:
– Չեմ ճանաչում, – ավելացրեց նա մի տեսակ մեղավոր տոնով, – տեղը չեմ բերում:
– «Կոմունիստ» հայերեն թերթում ենք աշխատում, – չգիտես ինչ նպատակով՝ հնարեց Հուրունցը, – ինչպե՞ս եք:
– Ոչինչ, շնորհակալ եմ, անցյալ տարի իմ ծննդյան յոթանասունհինգ ամյակին շքանշան ստացա, իսկ այս տարի հրաձգության հանրապետական մրցումներում գրավեցի առաջին տեղը:
Սաղումյանը զարմանք արտահայտող դեմքով նայեց նրան:
– Յոթանասունհինգ տարեկանի նման չեք բոլորովին, – ասաց նա: – Դուք ինձնից շատ ջահել եք երևում:
– Սպորտով եմ զբաղվում, – փութով բացատրեց ծերունին: – Ժամը վեցից հետո հաց չեմ ուտում, ամեն օր սառը ցնցուղի տակ լողանում եմ, մարզանք եմ անում, իսկ իրիկունները նստած՝ հուշեր եմ գրում:
– Ինչի՞ մասին ես գրում, – խոսեցրեց Հուրունցը:
– Իմ գործունեության, – անվարան ասաց ծերունին, – քիչ բա՞ն կա գրելու: Օրինակ, մասնակցել եմ թաթարների տեղահանմանը՝ Ղրիմից Միջին Ասիա, Ուզբեկստան: Նրանցից անմիջապես հետո հույներին, բուլղարներին ու հայերին աքսորեցին: Հայերը համեմատաբար քիչ էին՝ ինը հազար վեց հարյուր քսանմեկ մարդ: Գաղտնի պայմանագիր է եղել կնքված, որ Ղրիմը դատարկեն՝ այնտեղ հրեաներին բնակեցնելու համար, բայց հետո Ստալինը միտքը փոխել է: Չեչենների ու ինգուշների տեղահանմանը՝ 1944 թվականի փետրվարի քսաներեքի տոն օրը, նույնպես մասնակցել եմ: Մի շատ հետաքրքիր դեպքի մասին պատմեմ, չեք իմանա… Լեռնային Հայբախ գյուղում ձյունամրրիկի պատճառով հնարավոր չէր բնակչությանը մեքենաներով փոխադրել մինչև երկաթուղային կայարան, ներքին գործերի ժողկոմի տեղակալ Բոգդան Կաբուլովի կարգադրությամբ, գյուղի ողջ բնակչությունը՝ յոթ հարյուր երեսուն մարդ՝ կին, տղամարդ, երեխա-բան, լցրեցինք կոլտնտեսության ձիաբուծական ֆերման, տախտակներով դուռ ու պատուհան ամուր մեխեցինք, հրացանները պատրաստ բռնած չորս կողմից շրջապատեցինք՝ իրարից մեկուկես մետր հեռավորության վրա, որ փախչող չլինի, վառեցինք ֆերման: Մինչև կայարան տանելու հնար չկար: Երկու ժամ էր տրված ընդամենը, միակ ելքը դա էր… Զանազան մարդկանց հետ եմ հանդիպել, նրանց մասին եմ գրում: Մեկը կար՝ մեր կարգերի թշնամի, իմ հրացանազարկից փորը պատռվել էր, սիրած աղջիկ ուներ, սա պատռված փորը մրթասեղով կարում էր, իսկ ինքը մեյխանա ասելով մեզ վրա կրակում էր: Կամ մի ուրիշ դեպք. մեկին Պարսկաստանում բռնել, բերել էինք ներքին բանտ: Սա խնդրեց, որ թույլատրենք վերջին անգամ իրենց տունը տեսնի: Հարուստ նավթարդյունաբերողի որդի էր: Տարանք, մեքենայից երկար նայում էր, գլուխն օրորելով արտասվում, հետո ոնց պատահեց՝ սիրտը պայթեց, տեղնուտեղը մեռավ: