Նախկինը բազմանշանակ նայեց Հուրունցին, բիբերի մեջ ցոլաց չարության փայլը, սակայն ոչինչ չասաց, լուռ, զայրույթից կարմրատակած, քիթը վեր քաշելով դուրս եկավ, առանց հրաժեշտ տալու: Սակայն, երկվայրկյան չանցած, նա ետ եկավ և, բացելով դուռը, անողոք չարախնդությամբ նետեց.

– Գիտես ի՞նչ, Հուրունց, ասում են՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ՝ խակ է ասավ, – և շրխկոցով փակեց դուռը:

Տիրեց երկարատև լռություն:

Արինան իր սենյակի դուռը բացել, գլուխը դռան կողափայտին հակած, նայում էր:

– Տասնութ թվականին թուրքերը մորն ու քրոջն այստեղ՝ իր աչքի առաջ մորթել են, – ի վերջո լռությունը խախտեց Սաղումյանը: – Ինքը մահճակալի տակ թաքնված տեսել է, փոխանակ այդ մասին գրելու, ծռտի-մռտի հուշեր է գրում… Գնաց հաղորդելու, – ավելացրեց նա:

– Գիտեմ, – ներողամտորեն համաձայնեց Հուրունցը, ձեռքը թափ տվեց: – Եվ ո՞ւր է հասարակությունը, Հարություն, – նորից խոսեց Հուրունցը: – Օրինակ, դու, որպես պարտիզանական միավորման նախկին հրամանատար, ի՞նչ ես մտածում, ի՞նչ են մտածում կոմունիստները, որոնք ամեն ինչ գիտեն և ոչ մի խոսք չեն ասում հօգուտ արդարության, կուրորեն ծափահարում են ղեկավարությանն ու նրանց կամակատարներին: Վերջապես ամեն մի կոմունիստ, յուրաքանչյուր մարդ ունի՞ բարոյական պատասխանատվության զգացում այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրում: Թե՞ վախկոտություն են խաղում, Համլետի ասած՝ «Խոհեմությունն այսպես ամենքիս վախկոտ է դարձնում և անվճռական»:

– Դու, սիրելի Լեոնիդ, տարիներ շարունակ անդադրում բողոքում, գրում ես ամեն տեղ, որևէ արդյունքի հասե՞լ ես արդյոք, – միջամտեց Սաղումյանը: – Ախր, բանն այն է, որ չարիքի դեմ պայքարելը հանձնարարվում է նրան, ով չարիք է գործում: Բողոքդ ուղարկում են նրան, ում դեմ բողոքել ես:

Հուրունցը լուռ էր, հետո խոսեց միանգամից՝ դանդաղ արտաբերելով բառերը:

– Այո, այդպես է: Ջահելները չգիտեն, բայց ես ու դու հո հիշում ենք, թե ինչպես էին պարտադիր փոխառությունները փաթաթում խեղճ ղարաբաղցու վզին, հետո այդ փոխառությունները մարելու նպատակով ինչպես էին թշվառ գյուղացու դռնից քշում տանում վերջին կովը կամ ոչխարը, պատից հանում կարպետը, դուրս քաշում ներքնակի բուրդը, խլում կարի մեքենան, ինչպես էին պոկում տանիքի թիթեղը՝ տունը թողնելով բաց երկնքի տակ: Բողոքներ էին, որ գնում էին Մոսկվա, բայց այդ բողոքները վերադառնում էին Բաքու, այստեղից էլ գալիս էին գյուղ՝ ոչ թե բողոքի իսկությունը պարզելու, այլ դրանց հեղինակներին գտնելու և պատժելու:

– Հա, դժբախտաբար, ճշմարտություն է այդ ամենը, – ասաց Սաղումյանը, ծանր օրորելով գլուխը:

– Մակար Բարխուդարյանցը, որ ուղիղ հարյուր տարի առաջ ծայրից ծայր շրջել է ողջ Ղարաբաղն ու գրի առել ամեն ինչ, նշում է, որ երեք քաղաքի, տասը ավանի ու ավերված երեք հարյուր վաթսուն գյուղերի փլատակներ կան Ղարաբաղի տարածքում, տասնյակ ու տասնյակ գյուղերի անուններ է թվարկում, ուր նախկինում հայեր էին ապրում, իսկ այժմ՝ քոչվոր ցեղեր: Վերցրեք մինչև հեղափոխություն հրատարակված հանրագիտարանները, – շարունակեց Հուրունցը, – և կտեսնեք, որ 1914-ին Լեռնային Ղարաբաղն ուներ երկու հարյուր քսանչորս հայկական գյուղ՝ երկու հարյուր յոթանասուն հազար հայ բնակչությամբ: Ղարաբաղի ամբողջ տարածքում ազգաբնակչության հինգ տոկոսն էր միայն այլազգի, մնացած իննսունհինգ տոկոսը հայեր էին: Մենակ հայեր: Տասնութ թվականի սկզբին այդ թիվը հասել էր երեք հարյուր երեսուն հազարի: Քսան տարի անց, այսինքն՝ Հայրենական Մեծ պատերազմի նախօրյակին, հայ բնակչության թիվը կրճատվել, հասել էր հարյուր երեսուներկու հազարի, որից քառասունհինգ հազարն ուղարկվեց ռազմաճակատ, այսինքն յուրաքանչյուր հինգից երեքը, մինչդեռ, ինչպես պարզվեց հետո, հանրապետության ադրբեջանական շրջաններից, որոնք բնակչությամբ չէին զիջում մարզին, զորակոչվել է հինգից-վեց անգամ քիչ մարդ:

– Իսկ կռվից հետո ինչքա՞ն մարդ քշվեց Սիբիր, – դառնությամբ լրացրեց Սաղումյանը:

– Կռվից հետո, 1949-ի հունիսի տասնչորսի լույս գիշերը, Ղարաբաղից քսանչորսուկես հազար մարդ աքսորվեց Ալթայի երկրամաս, – ի պատասխան արձականքեց Հուրունցը: – Այսքանն իբր քիչ էր, 1952-1955 թվականներին քսան հազար հայ պատանիներ ու աղջիկներ քշվեցին շինարարական կառույցներ՝ Սումգայիթ, Մինգեչաուր, Կարադաղ, Ալի-Բայրամլի… Սա Ղարաբաղը փաստորեն դատարկելու անսքող պլան էր, որը պետականորեն իրականացվում էր: – Հուրունցը դարձյալ քիչ դադար տվեց, հետո շարունակեց, – Կևորկովից առաջ Ղարաբաղում տեր ու տիրականը Վոլոդինն էր, համարյա նրա տեսակից՝ շորթող և ոչ հասարակ կաշառակեր: Նա ակնարկներ չէր անում, այլ պահանջում էր: Ծառայողական մեքենան ուղարկում էր կոլտնտեսությունները՝ տուրք հավաքելու՝ հավ, ձու, միս, յուղ, մեղր, պանիր, թոնրի հաց: Ինչ ասես: Բայց ամենից շատ՝ թթի օղի, տասը-քսան լիտրով: Դեպք է եղել, որ միանգամից քառասուն լիտր է պահանջել: Նախագահներից մեկը՝ Կարմիր գյուղի կոլտնտեսության նախագահ Թովմասյանը, չի դիմանում, տուրքի ետևից եկածին ոչ միայն գրողի ծոցն է ուղարկում, այլև հայհոյում է մարզկոմի քարտուղարին, նրան անվանելով մուրացկան: Ասում է ու ձեռը կրակն ընկնում: Խեղճ մարդուն կուսակցությունից ու պաշտոնից վտարում են, բանտ նստեցնում: Նա մի անգամ հարբած վիճակում ասել է. «Ամբողջ Ղարաբաղը բանտ կարող եմ քշել»: Եվ իսկապես, քանի-քանի մարդկանց անմեղ տեղը բանտ է նետել, քանի կյանք խորտակել: Ուր ուժն է օրենքը, այնտեղ օրենքն անուժ է: Զորեղների հավիտենավառ ու անմարդկային ուժի օրենքն է դա` ընդեմ թույլ ու խեղճերի, որ նոր չէ, գոյություն ունի մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, երբ աթենացիները Մելոս կղզու խեղճուկրակ բնակչությունից պահանջում էին ենթարկվել Աթենքին, որովհետև` զորեղն անում է, ինչ կարող է, իսկ թույլը զիջում է… Վոլոդինի գործունեության մասին վագոններով բողոքներ են ուղարկվել վերին ատյանները. ոչ մի օգուտ: Նրա հանցավոր արարքների մասին շատ առիթներով եմ խոսել, գրել, նույնը. ձայն բարբառո հանապատի: Ոչ մի օգուտ: Չեմ հիշում մի դեպք, որ կուսակցության կամ իրավապահ մարմինների աշխատողը որևէ հարցում սխալ լինի, արմատացած ավանդույթով նրանք միշտ ճիշտ են, գլուխդ թեկուզ քարին տուր, միևնույն է, չես կարող քոնն ապացուցել: