Հին գերեզմանատնից ձախ՝ ներքևում, նոր գերեզմանատունն էր£ Շահում մեծ մորս հետ (նա աջ ձեռքում գավազանը, ձախով իմ ձեռքը բռնած) ՝ դանդաղ, այստեղ-այնտեղ կանգ առնելով, որպեսզի հանգստանար, գնում էինք այնտեղ£ Չորս բոլորը կանաչ խոտ, տեսակ-տեսակ ծաղիկներ, թռչունների երգ£ Մեծ մայրս գունատվում էր, շուրթերը սկսում էին դողալ£ «Գնա էն կողմը ծաղիկ քաղիր, բեր դիր քարերին», -պատվիրում էր ինձ£ Ես գնում էի ծաղիկ քաղելու, իսկ ինքը գետնին չոքած երգով լալիս էր երկար՝ մի քարից անցնելով մյուսին£ Իրավ, ոչինչ չի փոխվել ասես£ Մեղրաքերծի իր բնից մի քարարծիվ պոկվեց և սրատես հայացքը ներքև, դանդաղասահ և վեհափառորեն սկսեց պտտվել կիրճի վրա£ Սալկուհոտից գյուղ իջնող սանդղանման քարքարոտ ճանապարհով, ուշք չդարձնելով ո°չ արծվին և ո°չ էլ մերթ ընդ մերթ հնչող նրա կռինչներին, մի երկու տղա բարձր վիճելով քշում էին իրենց ուլերը£ Հեռվում, Խաչենագետի կողմերից բեռնատար մի մեքենա էր բարձրանում դեպի գյուղ, փոշին, որ ասես թափքից է թափվում, երկար մնում է կանգնած ճանապարհի վրա£ Քիչ այն կողմ, ճանապարհի եզրին, ձի կար կապած, ձին պարանի երկարությամբ արածել է շուրջը և հեռվից այնպես է թվում, թե ձիու չորս բոլորքը գերանդիով հնձած է՝ մաքուր-հավասարաչափ£ Ամեն ինչ նույնն է, երկար տարիներ չեն անցել ասես£

Գյուղում կչկչում են հավերը£ Հավ թուխս դնելիս, մեծ մայրս կանչում էր ինձ£ «Արի, արի, ասում էր, ինքդ դեռ անմեղ, ձեռքդ արդար, ձուն դիր հավի տակ»£ Ձյունասպիտակ սառը ձվերը ես զգուշորեն տեղավորում էի թխսկանի տաք թևերի տակ, իսկ մեծ մայրս, դեղին մի ձու վերցրած, երեք անգամ դանդաղ պտտում էր բնի վրա՝ հետն էլ կամացուկ երգելով. «Օձը գա իր ճտերովը, լոկը գա իր ճտերովը. ամեն անասունք գա իր ճտերովը, դու էլ գաս քո ճտերովդ, լոխ սաղ, մեկը՝ լակ»£ Ասում էր, ձուն դնում հավի տակ£

Ինձնից մի քանի քայլի վրա երգեց արտույտը£ Ես շրջվեցի ձայնի կողմը£ Փոքրիկ ու շականակագույն՝ մուգ պուտերով ու խալերով՝ արտույտը թեթև վազեց, շարունակ ետ նայելով և, քիչ անց ալոճենու թփուտների ետևից կրկին լսվեց նրա զրնգուն երգը£

Ես երկար նստեցի բլրակին, հետո իջա գյուղ և, տնամերձ բանջարանոցների արանքով ընկած նեղլիկ ճանապարհով, որ մի ժամանակ առվի դեր էր կատարում, գնացի տուն£

Լուսինեն դրսում, թթենու տակ, կրակը վառել, կաթ էր տաքացնում£ Գոհարն ու Լիլիթը չկային, նրանց ձայնը այգուց էր գալիս£ Մեծ մայրս նստած էր նույն դիրքում£

– Ոչինչ չի՞ կերել£

– Չի ուզում ուտել, – դժգոհեց Լուսինեն£– Ինքդ փորձիր, գուցե համաձայնի£

Այնտեղ, կալերում, մինչև հիմա չէին կարողանում գործի գցել տրակտորը£ Այն մեկ հռնդում, մեկ որոշ ժամանակ միալար աշխատելուց հետո՝ թրկ-թրկ-թրկ, լռում էր£ Կալերից եկող այն հռնդյունը մեծ մորս երևի տանում էր մի ուրիշ աշխարհ£ Ինչքան հուշեր կային՝ կապված այդ կալերի հետ£ Տարիներ են գալիս ու անցնում, բայց ամառային էն սև օրը, չէ, մոռանալ չի լինում£

…Անտանելի, հեղձացուցիչ տոթ էր, հատիկների ծանրությունից ճկված չոր, տաք խրձերը ընկերուհիների հետ միասին երկշարք փռեցին կալում, որպեսզի ընդմիջումից հետո բերեին եզներն ու սկսեին կամնով կալսել£ Շահումը մանգաղով կտրում էր կեմերը՝ խրձերը բացում£ Նա ինքն էլ չգիտեր, թե ինչու մի տեսակ ընկած էր տրամադրությունը£ Հին ժամանակների ծանոթ տագնապը առավոտվանից սողոսկել էր նրա ներսը ու հանգիստ չէր տալիս£ Եվ ինչի՞ց էր դա՝ հասկանալ չէր կարողանում£ Որպես օղակավար՝ գործերը ոնց որ վատ չեն գնում, առավոտվանից կալսում էին առանց դադարի, շեղջը նկատելի իջել էր, կալսածի մի մասը էրանել էին, մի մասն էլ՝ սպասում էին իրիկվա դեմ քամին բարձրանա£ Ամեն ինչ կարգին է, բերքն էլ, փառք աստծո, վատ չի, և° պետական պլանները կտան, և° աշխօրին ահագին կբաժանեն£ Բայց, միևնույն է, սիրտն ինչ-որ վախ էր ընկել£ Որտեղից-որտեղ միանգամայն անսպասելի հիշեց վաղուց անցած-գնացած այն օրը, երբ ինքը կես փութ ալյուր շալակած եկավ տուն, և երեխաները, հեռվից տեսնելով իրեն, վազեվազ եկան, փաթաթվեցին իրեն, Հովհաննեսը, մոր ծնկները պինդ գրկած, ասաց. «Մամա, քեզնից սպիտակ հացի հոտ է գալիս»£ Աստված, տարիներն այս ինչ արագությամբ են թռչում, քարի փոքրը չի մեծանում, երեխի փոքրը մեծանում է, հրեն, աստված թող շատ չհամարի, երեխեքը մեծացել են արդեն£ Քիչ է մնացել, շուտով բանակից կվերադառնան Սահակն ու Գրիշան£ Ոնց որ գյուղից դուրս են եկել, մինչև հիմա էլ միասին են ծառայում՝ Մինսկ քաղաքում£ Իր մտքով չէր էլ անցնում, թե Գրիշան կարող է գնալ£ Նա, ախր, շրջկենտրոն՝ եղբորը ճանապարհելու էր գնացել£ Հետո էնտեղ, զինկոմում խնդրել է իրեն էլ եղբոր հետ ուղարկել, որովհետև, մեկ է, հաջորդ տարին էլ ինքն է գնալու, ավելի լավ է եղբոր հետ գնա ու եղբոր հետ էլ հետ գա£ Հարգել էին խնդրանքը, թույլատրել£ Սկզբում Շահումին շատ վշտացրեց այդ դեպքը, երկու օր շարունակ տեղը տեղ չէր տալիս, մի գլուխ լաց էր լինում, բայց այս ու այնտեղից սիրտ տվին, թե ավելի լավը դա է, շուտ գնացել է, շուտ էլ տուն կգա£ Ոչինչ, նրանք կգան, հետո էլ Արամն ու Վաղարշակը կգնան՝ հայրենիքին իրենց պարտքը կատարելու£ Մնում է Հովհաննեսը£ Դե, Հովհաննեսի բանը հեշտ է, դպրոցի աչքն է, հիմա էլ բարձր դասարանների աշակերտներից արտադրական բրիգադ է կազմել, օգնում է կոլտնտեսությանը£ Էն առաջին օրը դիրեկտորն ասաց. «Պրծավ թե չէ՝ ժամեր եմ տալու, թող դաս տա£ Հովհաննեսը համալսարան պիտի ավարտի, նրանը գիտությունն է»£ Քանի ձեռքումը ուժ կա, կօգնի որդիներն էլ կօգնեն, բա ո՞ր օրվա եղբայրներ են£ Հրեն Վաղարշակը ֆերմայում է աշխատում, ավելի շատ աշխօր է վաստակում, քան ինքն ու Արամը միասին վերցրած£ Չէ, դժվարը մնացել է ետևում£ Կգան որդիները, երկհարկանի տուն կկառուցեն՝ մի քանի սենյակներից բաղկացած£ Ահագին շինանյութ են կուտակել£ Իսկ հետո կամուսնացնի նրանց, կօգնի հարսներին, ինչով կարող է, ինչո՞ւ չպիտի օգնի®